Գնացինք հյուրախաղերի, թատրոնը փակեցին, եկանք, ասացին` քաղաքական որոշում է
2023թ․ Արցախի հայաթափումից ու արցախահայության բռնի տեղահանումից մինչ օրս Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ճակատագիրն անորոշ է: Թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանն ասում է` այս ընթացքում հաջողել են թատրոնը գրանցել որպես Արցախի պետական թատրոն` պահպանելով «Արցախ» անունը, բայց խնդիրն այն է, որ հիմա էլ թատրոնի գրանցումը կա, բայց, որպես այդպիսին, այլեւս թատրոնը չկա:
«Մեզ խոստացան, որ տարածք կտրամադրեն, մեր դերասաններին կտեղավորեն տարբեր թատրոններում, մարդիկ աշխատավարձ կստանան, կաշխատեն, բայց այդ ամենը մնաց որպես խոստում, եւ այսօր մենք ոչ մի հնարավորություն չունենք ինչ-որ ձեւ աշխատելու: Թատերական գործիչների միությունը խոստացավ մեզ օգնել, բայց երեւի նախարարության ճնշման ներքո ոչինչ չարեցին: Նախարարությունն էլ էն գլխից փակեց մեր ճանապարհը, ոչ մի աջակցություն, ընդհակառակը՝ ամեն ինչ անում են, որ թատրոնը գոյություն չունենա: Իսկ մի ներկայացում խաղալու համար պետք է տարածքի համար վարձ տաս, որը մեծ գումարներ արժե։ Դրանից բացի, պիտի նաեւ տեղ լինի, որ փորձեր անես, համապատասխան տեխնիկական հնարավորություններ լինեն, որ բեմադրությունը բեմադրության նման լինի, գումարած` երաժշտություն, լուսային ձեւավորում, կոստյումներ եւ այլն։ Ամբողջը խնդիր է, ու այդ խնդիրների լուծումը չկա»,- ընդգծում է Ա. Հարությունյանը:
Տարածքային, ֆինանսական եւ մի շարք այլ խնդիրներից բացի, թատրոնի կոլեկտիվի ներսում անախորժություններ են առաջացել, եւ թատրոնը բաժանվել է 2 մասի։ Մի մասը, ըստ Ա. Հարությունյանի, փորձել է ինչ-որ բաներ անել, բայց ֆինանսների բացակայության պատճառով էլի ձախողվել են: Այս առիթով նկատում է` թատրոնը չի կիսվել, այլ փորձել են կիսել: Թե ում էր դա ձեռնտու, խուսափում է որեւէ բան ասել, միայն նշում է. «Չեմ ուզում խորանալ, փաստն այն է, որ փորձել են ու դրանով ահագին վնաս են տվել ե՛ւ թատրոնին, ե՛ւ թատրոնի կոլեկտիվին, իսկ թե ով, ինչ, թող մնա իրենց խղճին»:
Թատրոնի տնօրենն անիմաստ է համարում առանձին թատրոնների հետ բանակցելը, որ որոշակի պայմաններով ու ժամանակահատվածով իրենց բեմ տրամադրեն` փորձեր ու ներկայացումներ անելու համար. «Իմաստ չեմ տեսնում, որովհետեւ թատրոններն էլ են վախենում, քանի որ ինքնուրույն չեն իրենց որոշումներում: Եվս մեկ անգամ գնաս` մերժում ստանաս, կամ խոստում տան, հետո չանեն` խաբեն… մեզ վրա դա թանկ է նստում»:
Այս իրավիճակի պատասխանատուն, ըստ Հարությունյանի, ԿԳՄՍ նախարարությունն է, ասում է` նախապես գիտի, թե ինչ հիմնավորում են իրենց տալու. «Ասելու են՝ Արցախի նախագահն իր հրամանագրով լուծարել է... մենք էլ ի՞նչ կապ ունենք… Լավ գիտենք իրենց «երգերը», ինձ որ ասում են` չես ուզում գնաս նախարարի մոտ, այդ հարցը բարձրացնես, ասում եմ` ո՞ւմ մոտ գնամ, նրանից ի՞նչ նախարար: Նրանք այն մարդիկ են, որ մենք Արցախից եկանք, ասացին` իհարկե, Արցախի մշակույթը պարտադիր պետք է պահենք, բայց գնում ենք հյուրախաղերով Ամերիկա, մեզ նամակ է գալիս, որ թատրոնը փակել են, գալիս եմ, ինձ ասում են` սա քաղաքական որոշում է, եւ Արցախի բոլոր մշակութային կենտրոնները պետք է փակվեն: Այդ մարդկանց հետ էլ ի՞նչ խոսես, առավել եւս՝ ինչ-որ բան խնդրես, նրանք վերեւից միայն հանձնարարություններ են կատարում, թող շարունակեն կատարել դրանք»:
Այն քաղաքականությունը, որ այսօր տարվում է թատրոնների նկատմամբ, իրենց լավատեսություն չի ներշնչում, որպես օրինակ՝ Հարությունյանը վկայակոչում է «Գոյ» թատրոնի խնդիրը. «Հիմա «Գոյ» թատրոնը չի աշխատում, չէ՞, այս պահին, ինչո՞ւ չի աշխատում, այն դեպքում, որ իրենք ե՛ւ տարածք ունեն, ե՛ւ ամեն ինչ, իսկ մենք ոչ մի բան չունենք, անգամ՝ տարրական պայմաններ, ո՞նց աշխատենք: Իսկ եթե մարդն աշխատում է, նրան պիտի նաեւ վարձատրես։ Հիմա մեր թատրոնների աշխատակիցներից ամեն մեկն ինչ-որ մի տեղ մտել աշխատում է, մեկը տաքսի է քշում, մյուսը խանութում է աշխատում, էն մեկը բանվոր է աշխատում: Հիմա իրեն ասես` արի թատրոն, ինքը պիտի իր աշխատանքը թողնի գա, բայց ես այդ գումարն իրեն որտեղի՞ց եմ տալու, որ ինքն իր եկամտից կտրվի ու գա, թատրոնում աշխատի»:
Մեր զրուցակիցը ցավով նկատում է, որ ժամանակն իրենց դեմ է աշխատում, եւ լավատես չէ, որ վաղն ավելի լավ է լինելու. «Մշակույթն է ժողովրդին հայ պահում, հիմա ի՞նչ թատրոններ են զարգանում՝ հիմնականում կոմերցիոն թատրոնները, որոնք մարդկանց այսօրվա ճաշակի ու պահանջմունքների վրա են աշխատում, ազգային ոչ մի արժեք չեն ներկայացնում, իսկ մեր ներկայացումների մեծ մասը պատմական ու հայրենասիրական էր: Ես հույս չունեմ, որ ինչ-որ բան է փոխվելու, որովհետեւ ժամանակը մեր դեմ է աշխատում, ինչքան ժամանակը գնում է, այնքան ամեն ինչ ավելի է բարդանում, ինչ էլ որ փոխվում է, դեպի վատն է փոխվում»:
Կարծիքներ