«Փրկչի» ծիրանի

 «Փրկչի» ծիրանի

ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հեռավար նիստում ՌԴ նախագահի՝ Նիկոլ Փաշինյանի հասցեին ասված «քաջալերիչ» խոսքերը բերկրանքով են լցրել իշխանավորներից շատերի, առավել ևս՝  «իմքայլական» պատգամավորների սրտերը․ նրանց շարքերում հաղթական տրամադրություններ են։ Բայց այս հիվանդ հրճվանքը, ավաղ, իշխանությունների և ի դեմս նրանց՝ մեր պետականության վերջնական կորստի վերջին վկայություններն են։ Որովհետև պետությունները անհետանում են պետական արժանապատվության կորստից հետո կամ միաժամանակ։  

Իշխանական հրճվանքն ուղիղ կերպով անարգանք է նախ մեր մեծագույն կորուստների, մեր ծվատված հայրենիքի ներկա կացության հասցեին։ Այդ հրճվանքը նաև վկայությունն է այն բանի, թե իշխանավորների մեծամասնությունը նույնիսկ այս դժնդակ իրավիճակում, խայտառակ պարտության ողբերգական համապատկերում բարոյական ի՛նչ կշռով են չափում սեփական աթոռների «ծանրությունը»։ Նրանց հրճվանքը վկա՝ այդ աթոռները հարյուրապատիկ ծանր-նախընտրելի են ազգային ողբերգությունից էլ, մեղքի զգացումից էլ, արժանապատվությունից էլ։

Հայաստանի վարչապետի մասին Վ․ Պուտինի հնչեցրած գնահատականները խորագույն արհամարհանքի արտահայտություն են ամենից առաջ մեր ինքնիշխանության հանդեպ, քանզի ցույց են տալիս, որ մեկ այլ երկրի ղեկավար կարող է իրեն իրավունք վերապահել գնահատելու իր «գործընկերոջ» գործողությունները՝ թքած ունենալով, թե նրան ինչպե՛ս են ընկալում, նրա մասին ի՛նչ են մտածում նրա «տղամարդությունից» ուղղակի տուժածները՝ հայ նավաստացած հասարակությունը, ամբողջ հայ ժողովուրդը, այդ թվում՝ նաև ռուսաստանաբնակ ավելի քան երեք միլիոն հայերը։ Ուրեմն, «եկեք արձանագրենք», որ Պուտինն իրեն իրավունք է վերապահել մեր «գերագույնին» գնահատելու միլիոնավոր հայերի փոխարեն։ Պուտինն իրեն իրավունք է վերապահել նաև ուղղակի ազդելու հայոց պետության մեջ բնականորեն ծայր առած քաղաքական նոր գործընթացների վրա, ինչը դարձյալ մեր ժողովրդի, նրա քաղաքական կողմնորոշումների, քաղաքական ապագայի, ինչպես նաև  ազատ կամընտրության իրավունքի կոպիտ ոտնահարում է։   

Սակայն մեր հասարակության համար առավել վիրավորական է պուտինյան գնահատականի հարուցած տեղական էյֆորիան։ Արևմտյան ստապատիր հովերով, սորոսական, ռուսամերժ և ռուսատյաց գաղափարներով գերլցոնված մեր իշխանությունների կողմից այս հանկարծահաս կուսական ռևերանսը ՌԴ իշխանության հանդեպ վկայում է մեր իշխանության ազգային արժանապատվության բացակայության, ապազգային մտածողության, կատարյալ ապագաղափարական էության, աթոռապաշտական նվաստացուցիչ նկրտումների  մասին, եթե հնարավոր է դարձել իրադարձությունների որոշակի զարգացումների պարագայում այսքան անճանաչելիորեն՝ 180 աստիճանով փոխվել։ 

Եվ ամբողջ այս պատմության մեջ ամենաամոթալին, անշուշտ,  Ն․ Փաշինյանին քաջության և տղամարդկայնության մարմնացում հռչակելու ջանադրությունն է։ Ամոթալի է տասնյակ հազարներով զոհերի ու վիրավորների պատճառ դարձած ապիկար կառավարչին, մահու և կենաց  պատերազմի ճակատագրական բեռը  տհասորեն (և աներեսորեն՝ ընտանյոք հանդերձ) ուսած «գերագույն գլխավոր ապաշնորհությանը» ազգային փրկչի ծիրանի հագցնելու իշխանական մարմաջը, որով նույնպես վկայվում է, թե այս իշխանությունը չի ընկալել տեղի ունեցածի ամբողջ ողբերգականությունը, կորուստների անդառնալիությունը, համազգային ամոթի խորությունը, եթե մեղքի աննախադեպ ահռելի բեռն ուսերին՝ կամենում է հիմա  էլ փրկչի ծիրանի հագցնել իր պարտված առաջնորդին։ 

Իշխանությունը և նրա առաջնորդը վաղուց նոր իրականությանը ոչ միայն համարժեք չեն, այլև դրա հակոտնյան են և օրավուր ահագնացող վտանգը։