Սուրեն Պապիկյանը «ԿամԱզ»-ների տեղը չգիտե՞ր

Սուրեն Պապիկյանը «ԿամԱզ»-ների տեղը չգիտե՞ր

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարրա Սուրեն Պապիկյանը իր ֆեյսբուքյան էջում աղբատար մեքենաների նկարներ է հրապարակել ու գրառում արել․ «Սիսիան, Արենի, Ախթալա բազմաբնակավայր համայնքները համալրվել են տեխնիկայի հերթական խմբաքանակով` 172 մլն դրամ ընդհանուր արժողությամբ: Սիսիան համայնքին կտրամադրվի համակցված ճանապարհային բազմաֆունկցիոնալ մեքենա և աղբատար երկու մեքենա: Արենի և Ախթալա համայնքները կստանան մեկական աղբատար մեքենա»։ Ինչ խոսք, լավ է, նույնիսկ գովելի է։ Բայց մի հարց է առաջանում՝ ինչո՞ւ են աղբատար այս մեքենաները ոչ թե ռուսական «ԿամԱզ», այլ բելառուսական «ՄԱԶ» մակնիշի։ Լուսանկարներում երևում է, որ դրանք «ՄԱԶ»-ի արտադրած տեխնիկան է։ Մեքենաները, ըստ իրենց նշանակության և մոդելի, գնվել են 36 մլն 900 հազար, 35 մլն 250 հազար և 32 մլն 350 հազար դրամով։

Հիշեցնենք՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, երբ մեկ անձից գնման կարգով ձեռք էր բերում այդքան աղմուկ հանած ռուսական «ԿամԱզ»-ները, որոնց տակ լուրջ կոռուպցիոն ռիսկեր էին հայտնաբերել, ասում էր, թե Հայաստանի պայմաններում հենց «ԿամԱզ»-ն է, որ ունակ է լիարժեք ծառայելու, իսկ այ բելառուսական «ՄԱԶ»-ը, որն ավելի էժան կարող էին գնել, մեր լեռնային պայմաններում իրենց չէին արդարացնի՝ շարժիչը այդքան հզոր չէ, տեխնիկական կառուցվածխքն այլ է ու նմանատիպ այլ հեքիաթներ։ Այս բոլոր հեքիաթները պատմում էին, որպեսզի արդարացնեին իրենց կասկածելի գործարքը, թե ինչու են որոշել շուկայականից զգալի բարձր արժեքով «ԿամԱզ» ձեռք բերել։ Եվ հենց սա էր կասկածի տեղիք տվել շատերի մոտ, որ այս գործարքում մի բան այն չէ, որ շուկայականից թանկ գնով աղբատար «ԿամԱզ»-ների ձեռքբերմամբ ոմանք հնարավոր է՝ լուրջ փողեր են աշխատել, թեպետ հիմա որևէ մեկը չի ցանկանում այդ ամենը պարզել ու բացահայտել։

Նշենք, որ «ՄԱԶ» մակնիշի համանման մեքենաները հնարավոր էր ձեռք բերել «ԿամԱզ»-ներից մոտ 10 մլն դրամ ցածր գնով, բայց քաղաքապետ Հայկոն որոշեց բյուջեի հաշվին ամենաթանկը, բայց ոչ ամենաարդյուանվետը գնել: Ի դեպ, մեզ ասացին, որ անգամ մցրույթ հայտարարելու դեպքում նույն «ԿամԱզ»-ը հնարավոր է ձեռք բերել ավելի ցածր արժեքով, քան Երևանի քաղաքապետն է ձեռք բերել մեկ անձից գնումով։ Նմանատիպ փորձ ունեցող համայնք կա արդեն։ Ուստի հարց է առաջանում՝ նախարար Սուրեն Պապիկյանը այս թանկ ու իբր հզոր շարժիչով «ԿամԱզ»-ների տեղը չգիտե՞ր։ Ինչո՞ւ նա նախընտրեց ավելի մատչելի գնով իբր թույլ հզորությամբ և մեր լեռնային պայմաններում «իրենց չարդարացնող» բելառուսական «ՄԱԶ» մակնիշի աղբատար մեքենաներ ձեռք բերել Սյունիքի մարզի լեռնային համայնքներում շահագործելու համար, եթե կարող էր ավելի թանկ գնով ու գուցե նաև ատկատով ռուսական «ԿամԱզ» գնել: