Ինչո՞ւ բանասիրականի ուսանողները չընդվզեցին, երբ մայրենին աղավաղում էին հեռուստաեթերով

Ինչո՞ւ բանասիրականի ուսանողները չընդվզեցին, երբ մայրենին աղավաղում էին հեռուստաեթերով

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի աշխատանքային նախագծի շուրջ քննարկումները շարունակվում են։ Չնայած նախարարությունը հայտարարեց, որ այս կամ այն առարկայի պարտադիր կամ ընտրովի լինելու հարցը որոշելու է միմիայն տվյալ բուհի գիտական խորհուրդը, բայց դժգոհությունների թիրախում շարունակում է մնալ հայագիտական առարկաների դասավանդման հարցը։   

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի կարծիքով՝ այս կամ այն առարկայի դասավանդումը չպետք է սահմանվի օրենքով։

Արզումանյանն ընդգծում է՝ հայոց եկեղեցու պատմությունը չպետք է անջատվի հայ ժողովրդի պատմությունից, եթե անջատվում է եւ առանձին դասավանդվում, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ավելացնել նաեւ հայ մշակույթի պատմությունը։ «Հայ ժողովրդի պատմություն» առարկան պետք է դասավանդվի բուհերի ինքնավարության սկզբունքից ելնելով եւ լինի տվյալ բուհի ընտրությունը․ «Եթե 6 տարի դպրոցներում անցնում են հայ ժողովրդի պատմություն, բնավ պարտադիր չէ նույն պատմությունը մի հատ էլ բուհերում կրկնելը, իսկ եթե խոսքը վերջին տարիների պատմության մասին է, ապա դա այնքան հակասական է, որ իմաստ չունի հիմա դարձնել պատմություն եւ դասավանդել բուհերում»։

Ինչ վերաբերում է հայոց լեզվի խնդրին, ապա, Արզումանյանի կարծիքով, յուրաքանչյուր բուհ անպայման պետք է անցնի մասնագիտական հայոց լեզու։ «Այն, ինչ դպրոցում անցնում ենք՝ տեղի պարագա, հարակատար դերբայ, երբեք բուհերում դա այլեւս չպետք է անցնել»,- ասում է նա ու ընդգծում, որ հայոց լեզուն կշարունակվի դասավանդվել թատերականում, որովհետեւ համարյա մասնագիտական բուհ է, այլ հարց է, որ կվերանայեն, թե ինչ ծրագրով են անցնում․ «Դա օրենքի որոշելիքը չէ, եւ օրենքը չպետք է ասի։ Կարծում եմ՝ շատ բուհերում առաջ կգա մասնագիտական հայերենի խնդիրը, որովհետեւ պե՞տք է հայերեն տերմինոլոգիա սովորենք, թե՞ ոչ»։

Թատերականի ռեկտորի համար անընդունելի եւ անըմբռնելի է մեր հասարակության մտահոգությունը։ «Եթե մեր հասարակությունն այդքան մտահոգված էր հայոց լեզվով, 30 տարի մեր հեռուստատեսությունը հարամել է հայոց լեզուն, ինչո՞ւ չէին խոսում, բանասիրական ֆակուլտետի ուսանողներն ինչո՞ւ չեն ընդվզում, այսօր «Նոր Հայաստան» կոչվող ալիքով գնում է մի սերիալ, որտեղ աննկարագրելի հայոց լեզու է, ինչո՞ւ դրա դեմ չեն խոսում, ինչո՞ւ մեր հասարակությունը մինչեւ հիմա չի ընդվզել ու ասել, որ պետական թողտվությամբ մեր մայրենին աղավաղվում է։ Հիմա հանկարծ բոլորը դարձան հայոց լեզվի ջատագով։ Ինչո՞ւ չեն ասում, որ մեր դասագրքերը կատաստրոֆիկ վիճակում են, մենք խայտառակ թեստերով քննություններ ենք ընդունում»,- ասում է Արզումանյանը, ով չի հավատում ընդվզողների անկեղծությանը եւ կարծում է, որ այս աղմուկն ուղղորդված է։

Ոչ պետական բուհերից՝ Հյուսիսային համալսարանի ռեկտոր Բորիս Մակիչյանը, անդրադառնալով հայագիտական առարկաների դասավանդման խնդրին, նշեց, որ բոլոր առարկաները պահելու են բուհում, դեռ մի բան էլ ավելացնելու է մեկ նոր առարկա՝ «Քրիստոնեության պատմություն», որպես ֆակուլտատիվ պարապմունք։ «Կարծում եմ, որ քրիստոնեության պատմությունը մենք անպայման պետք է անցնենք՝ որպես քրիստոնեությունն ամբողջ աշխարհում պետականորեն ճանաչած առաջին երկիր»,-ասում է նա ու նկատում, որ քրիստոնեության պատմությունը դասավանդվելու է հայ եկեղեցու պատմությունից անկախ։

Մակիչյանն ասում է, որ իրենց բուհում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներ չկան, որովհետեւ նա իրենց մի հարցում շատ է օգնել, մասնավորապես՝ թումանյանագիտության ոլորտում իրենց կազմակերպած միջոցառման մասին խոսել է հանրային եւ հորդորել մասնակցել  մրցույթին։ «Ինքը մեզ օգնեց այդ հարցում, մենք էլ իրեն պարգեւատրեցինք «Թումանյան 150» հուշամեդալով»,- ասում է Մակիչյանն ու միաժամանակ ընդգծում, որ չի ողջունում Ա. Հարությունյանի «բազմապրոֆիլ քաղաքականությունը», դրա համար իրենց համալսարանը ձեռնպահ է նրա հրաժարականի հարցում. «Ողջունում եմ նրա գործունեությունը միայն թումանյանագիտության ոլորտում, իսկ ընդհանուր՝ նրա գործունեության հանդեպ անտարբեր եմ»։      

Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը հայագիտական առարկաների դասավանդման հարցում կարծում է, որ բուհում հայոց լեզուն եւ հայոց պատմությունը չպետք է դասավանդվեն այն նույն ձեւով, ինչպես դպրոցում։ «Հիմնականում բոլոր բուհերը շարունակում են նույն ձեւաչափով եւ նույն մակարդակով այդ առարկաների դասավանդումը։ Այն, որ բուհում պետք է շարունակեն հայագիտական առարկաների դասավանդումը, դա պարտադիր է, բայց դա պետք է լինի բարձր ու խորը մակարդակով եւ այլ ձեւաչափով»,- ասաց նա ու նկատեց, որ իրենց բուհում դասադուլ անող ուսանողներ չկան, քանի որ նրանք հիմա իրենց միջանկյալ քննություններն են հանձնում։