Ցանկացած միջազգային արձագանք բնավ կապ չունի ՀՀ իշխանությունների հետ

«Հրապարակի» զրուցակիցն Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանն է:
- Փաշինյանը վերջին 2-3 օրում մի քանի գրառում է արել՝ ըստ էության, կրկին նվաստանալով Ալիեւի առաջ եւ խաղաղություն մուրալով նրանից: Նշել է՝ պատրաստ է իր ստորագրությունը դնել խաղաղության համաձայնագրի ներքո, եւ առաջարկել է խորհրդակցություններ սկսել փաստաթղթի ստորագրման շուրջ: Իրադարձությունների ի՞նչ սցենարի սպասենք:
- Ըստ էության, համատեղ սցենար են սկսել կրկին Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները, այն տարբերությամբ, որ հիմա արդեն Արցախի հարցը չեն կարգավորում, այլ Հայաստանի, բնականաբար՝ հօգուտ Ադրբեջանի: Միանշանակ է, որ երկու տարբերակ կա. առաջինը՝ եթե Ադրբեջանի բռնապետը տեսնում է, որ Հայաստանում դեռեւս հնարավորություն կա՝ երկարաձգելու Փաշինյանի իշխանությունը, ապա որեւէ կերպ այդ համաձայնագիրը չի ստորագրվելու: Նպատակը՝ հնարավորինս շատ պահանջներ ստանալ հայկական կողմից: Այսինքն, Ադրբեջանն ունի դեռ հիմնական ստանալիքներ, այդ թվում՝ Զանգեզուրի հետ կապված իրենց սցենարով: Երկրորդ սցենարը. եթե Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանում այդքան էլ երկար չեն Փաշինյանի իշխանության օրերը, եւ հնարավոր է, ի վերջո, իշխանափոխություն տեղի ունենա՝ իրական հեղափոխություն, ապա այդ պարագայում էլի ճնշումների ներքո արագ փորձելու են հնարավորինս կորզել էն բոլոր պայմանավորվածությունները, որ կան, դրանք ներառել խաղաղության համաձայնագրում եւ միանշանակ ստորագրել:
- Չնայած ՀՀ գործող իշխանախմբի տենդագին ջանքերին, Բաքուն շարունակում է նախապայմաններ թելադրել. առաջին հերթին՝ Սահմանադրության փոփոխություն, ապա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարում: Զուգահեռաբար, ապատեղեկատվություն են տարածում ադրբեջանական դիրքերի վրա կրակոցների մասին: Սա հերթական շանտա՞ժն է՝ Երեւանից նոր զիջում կորզելու համար:
- Այս ամենը ես նմանեցնում եմ 2020-ի ամռանը տեղի ունեցած իրադարձություններին, Արցախի շուրջ էլի կրակոցներ, էլի ապատեղեկատվություն: Նմանեցնում եմ 2021-ի ամռանը՝ էլի զորքերի կուտակում, էլի կրակոցներ, էլի ապատեղեկատվություն, ինչպես նաեւ՝ 2023-ին տեղի ունեցածին՝ էլի նույն սցենարով: Ըստ իս, սա ոչ թե շանտաժ է, այլ երկուստեք համաձայնություն՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ, որովհետեւ այս սցենարին ականատես ենք եղել, այս սցենարով Արցախից ստացել են այն, ինչ պահանջել են: Սա այն է, ինչ տեղի է ունենում նաեւ Հայաստանի շուրջ, այսինքն՝ պայմանավորվածությունների արագ կատարում: Եվ այստեղ ոչ միայն Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ ՄԽ լուծարման հարցն է, այլեւ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ստանալու հարցն է՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպես է փորձում Փաշինյանը մանեւրել եւ ներկայացնել որպես «խաղաղության խաչմերուկ» կամ որպես ճանապարհ: Եթե հարց է առաջանում՝ ինչու Ադրբեջանը մինչեւ հիմա չի հասել իր ամբողջական պահանջների կատարմանը, ապա սա միջազգային կոնսենսուսի բացակայությամբ է պայմանավորված:
- Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների ու մյուս հայ գերիների դեմ կեղծ դատը, որն ուղեկցվում է մեր հայրենակիցների նկատմամբ ճնշումներով եւ խոշտանգումներով: ԵՄ-ում այդ առթիվ մտահոգություն են հայտնել եւ կոչ արել՝ հետաքննել անմարդկային վերաբերմունքի մասին լուրերը: Հավատո՞ւմ եք, որ միջազգային հանրությանն անտեսող Ադրբեջանը կանսա այդ կոչին:
- Սա պարզ ցուցիչ է, որ աշխարհն արդեն այլ կերպ է դիտարկում Արցախ եւ Ադրբեջան իրականությունը, եւ կամաց-կամաց աշխարհի համար դուրս են մղվում Հայաստանի իշխանությունները: Այսինքն, միջազգային հանրության համար ակնհայտ է մի բան, որը մեզ համար վաղուց ակնհայտ էր, որ ՀՀ իշխանությունները չեն սպասարկում արցախցիների, Արցախի ու Հայաստանի շահերը: Հետեւաբար՝ միջազգային հանրությունը սկսում է կոնկրետ գործողություններ անել: Ես չեմ անդրադառնա միայն ԵՄ բանաձեւերին. շատ եմ կարեւորում նաեւ Շվեյցարիայի խորհրդարանի ընդունած բանաձեւը, որը գործնական շարունակություն է ունենալու: Հավատում եմ այնքանով, որքանով մենք ենք դրանում ներգրավված: Ցավոք սրտի, այստեղ պետք է բացառեմ ՀՀ իշխանությունների ներգրավվածությունը, որովհետեւ, ըստ էության, նրանք պաշտպանում են ադրբեջանական շահը: Միջազգային հանրության մեջ կան արդեն երկրներ, որոնք շահագրգռված են եւ հասկանում են, որ Հարավային Կովկասում խաղաղություն չի լինելու, քանի դեռ Բաքվի բանտերում խոշտանգվում են մեր հայրենակիցները, քանի դեռ չենք ապրում մեր տներում:
- Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցն օրերս հայտարարեց, որ պետք է ավարտել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործարքը, ազատ արձակել գերիներին: ԱՄՆ-ն անկե՞ղծ է, թե՞ հերթական սիրաշահ խայծն է:
- Ընդհանրապես, պետք չէ դիտարկել միջազգային հանրությանն անկեղծության դաշտում, քանի որ, բնական է, յուրաքանչյուր երկիր իր շահը պիտի սպասարկի: Հավանական է նաեւ, որ ԱՄՆ-ն ինչ-որ հարցեր եւ պահանջներ ունի Ադրբեջանից, հետեւաբար՝ շահագրգռված է նաեւ այս հարցով:
- Մարտի 7-ին Ֆրանսիա-Արցախ բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Պուպոնին, եւս 32 ֆրանսիացի սենատորներ, քաղաքապետեր կոչով հանդես եկան՝ շտապ ազատեք Բաքվում պահվող հայ գերիներին, Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներին, Ադրբեջանում արդար դատ հնարավոր չէ իրականացնել:
- Ֆրանսիա-Արցախ բարեկամական խումբը երբեք չի դադարեցրել իր կապերը, դրանք առայսօր էլ կան եւ շարունակում են գործել, հետեւաբար՝ սա կրկին համատեղ աշխատանքի արդյունքն է: Ցանկացած միջազգային արձագանք բնավ կապ չունի Հայաստանի իշխանությունների հետ: Դա չի կարող լինել օդից կամ իրենց կամքով, դա աշխատանքի արդյունք է, որը մենք տանում ենք տարբեր ձեւաչափերով, բարեկամական խմբերով, նաեւ՝ մեր ստեղծած հանձնախմբով, որը գլխավորում է պարոն Օսկանյանը: Այս առումով բավականին արդյունքներ ունենք գրանցած:
- Այս շաբաթ Շվեյցարիայի խորհրդարանն ընդունեց «ԼՂ համար խաղաղության ֆորում. հայերի վերադարձի հնարավորության ապահովում» անվանումը կրող բանաձեւը, որը նախատեսում է Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների միջեւ երկխոսություն ծավալելու համար հատուկ հարթակ ձեւավորելու՝ Շվեյցարիայի իշխանությունների պարտավորությունը: Աղոտ հույս կա՞, որ Արցախի էջը փակված չէ:
- Շվեյցարիայի խորհրդարանի բանաձեւն աննախադեպ է մեր ամբողջ պատմության ընթացքում: Հայկական հարցով Շվեյցարիայում նախկինում էլ, տարիներ ի վեր եղել են քննարկումներ, բայց այս դեպքը բացառիկ էր նրանով, որ ե՛ւ ստորին, ե՛ւ վերին պալատները կողմ քվեարկեցին, եւ համադաշնության կառավարությունը, ըստ երկրի օրենսդրության, պարտավոր է իրականացնել այս որոշումը: Սա ոչ թե աղոտ հույս է, այլ՝ իրականություն, որ Արցախի էջը փակված չէ: Միջազգային հանրության ու հատկապես Շվեյցարիայի արձագանքը շատ հստակ է՝ ՀՀ իշխանություններն այլեւս չեն սպասարկում բռնի տեղահանված 120 հազար արցախցու շահը, ուստի միջազգային հանրությունը չպետք է կույր ու անհետեւողական լինի այս հարցում, այլ հարթակներ տրամադրի, որպեսզի արցախցիներն ու ադրբեջանցիները կարողանան իրենց հարցերը քննարկել: Ցավով եմ նշում, որ ՀՀ իշխանությունները որեւէ դերակատարում չունեն: Վստահ եմ՝ այս գործընթացը կյանքի է կոչվելու, ավելի ամուր հիմքերի վրա է դրվելու մինչ այն պահը, երբ կփոխվեն իշխանությունները, եւ իշխանության կգան իրապես ազգային ուժեր: Իսկ այդ ժամանակ, բնականաբար, բոլորովին այլ ձեւաչափով բանակցային գործընթաց կլինի: Մինչ այս ես վստահ եմ, որ Շվեյցարիայում նման քննարկումներ կլինեն:
Կարծիքներ