«Հրապարակ». Թե ինչ տեսքով կստորագրվի պայմանագիրն Ուկրաինայի հետ՝ Թուրքիայի գործը չէ

«Հրապարակ». Թե ինչ տեսքով կստորագրվի պայմանագիրն Ուկրաինայի հետ՝ Թուրքիայի գործը չէ

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե զարմացած են Թուրքիայի՝ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում միջնորդ հանդես գալու ցանկությամբ, քանի որ Թուրքիան զենք է վաճառում Ուկրաինային։ Իսկ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն ու միայն Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պահպանելու տեսանկյունից։ Արդյո՞ք կրկին ռուս-թուրքական հարաբերությունները սրվում են։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովի հետ։

- Հաքան Ֆիդանը հայտարարում է, որ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի, Լավրովն իր զարմանքն է արտահայտում, որ Թուրքիայի վաճառած զենքով Ուկրաինայում ռուս զինվորների են սպանում։ Ռուս-թուրքական հերթական լարվածությո՞ւնն է հասունանում։

- Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խնդիրը Ռուսաստանի եւ Ուկրաինայի գործն է։ Թուրքիան հանդես էր գալիս միջնորդի դերում ու բավականին հաջող կազմակերպեց Ստամբուլ 1-ը, ինչին Ռուսաստանը հետագայում շնորհակալությամբ պատասխանեց, սակայն Արեւմուտքը հետագայում քանդեց այդ պայմանավորվածությունները։ Երբ Թուրքիան հայտարարում է, որ պայմանագիրը պետք է ստորագրվի տարածքային ամբողջականության պահպանության տեսանկյունից, դա Թուրքիայի խնդիրը չէ։ Ստամբուլ-1-ից հետո թուրքական իշխանությունները նոր նախաձեռնություններով են հանդես եկել, իսկ Ռուսաստանը քաղաքական առումով հետամուտ չի եղել թուրքական կողմի այդ հայտարարություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիան օգտվում է այդ միջնորդական ջանքերից, որպեսզի խուսափի Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներին միանալուց, որովհետեւ միջնորդը պետք է նեյտրալ լինի, հենց միջնորդը միանում է պատժամիջոցներին, նշանակում է, որ նա անցնում է հակամարտող կողմերից մեկի կողմը։ Ամենայն հավանականությամբ, այդ ռեսուրսը հիմա սպառված է, եւ Ռուսաստանն ուղղակի հիշեցրել է Թուրքիային, որ վերջինս սկսել է թեքվել Արեւմուտքի կողմը, եւ ռուսները գիտեն, որ Թուրքիան տեխնոլոգիաներ եւ զինտեխնիկա է մատակարարում ուկրաինական կողմին եւ այլն։ Ամենայն հավանականությամբ, Ստամբուլ-2 չի լինի եւ եղած պայմանավորվածություններն Ուկրաինայի հետ, դժվար է ասել, թե ինչպիսի բանակցություններ կլինեն՝ կապիտուլյացիո՞ն, թե՞ այլ, բայց դրանք կլինեն, ու պարտադիր չէ, որ լինեն Թուրքիայի մասնակցությամբ կամ թուրքական կողմում։ Այսքանը։ Սա ցուցադրում էր այն հանգամանքը, որ միջնորդ հանդես գալու այլ նախաձեռնողներ էլ կան, որոնք պատրաստ են այս գործընթացին մասնակցություն ունենալ՝ ամերիկյան կողմը, չինական կողմը կա եւ մի շարք այլ երկրներ, որոնք կարող են այդ դերը խաղալ։

- Չնայած այս տարաձայնություններին, Թուրքիայում հույս ունեն 2025 թվականին գազի հատուկ գնով սակագին ստանալ։ Այս խնդիրները չե՞ն խանգարի նման ձեռնտու սակագին ստանալուն։

- Առաջին անգամ չէ, որ նման իրավիճակներ են ստեղծվում։ Միշտ կոմպրոմիսային որոշում կարելի է գտնել, մինչեւ հիմա միշտ այդ կոմպրոմիսային որոշումը գտնվել է, ու սխալ կլինի մտածել, որ այս անգամ չեն կարողանա գտնել այդ կոմպրոմիսային որոշումը։

- The Financial Times-ը գրում է` Թուրքիան գաղտնի արգելք է դրել ամերիկյան արտադրության տեխնոլոգիական ապրանքների՝ միկրոչիպերի ու հեռակառավարման վահանակների՝ Ռուսաստան արտահանման վրա։ Նշվում է, որ դրանք օգտագործվել են ուկրաինական ճակատում ՌԴ-ի կողմից՝ ռազմական օպերացիաներ իրականացնելու համար։ Այս տեղեկատվությունն իրակա՞ն է, թե՞ ավելի շուտ՝ քարոզչություն է։

- Գիտեք, դա փակ տեղեկություն է, եթե նրանք դրա մասին գրում են, այդ տեղեկատվությունը կարող է զգուշացնող բնույթ ունենալ, այսինքն՝ այդպես չի կարելի անել, իսկ եթե դա տեղի է ունենում... The Financial Times-ն այստեղ կապ չունի՝ ընդունվում է սանկցիոն որոշում։ Իսկ երբ թերթում են այդ մասին խոսում, ինչ-որ սպառնալիքներով, դա միշտ ֆեյք է։

- Այսինքն՝ ռուս-թուրքական հարաբերություններում հիմա լարվածություն չկա եւ մոտակա ապագայում չի է՞լ նշմարվում։

- Ոչ, չի լինելու։ Թուրքիան Ռուսաստանի համար շատ բարդ գործընկեր է, մենք շարունակում ենք համագործակցությունը, միասին իրագործում ենք բազմաթիվ պրոյեկտներ։ Դա չի նշանակում, որ Թուրքիան միշտ գործելու է այնպես, ինչպես ուզում է Ռուսաստանը, եւ Ռուսաստանը չի գործելու Թուրքիայի ցանկությամբ։ Մենք ունենք մեր սեփական ազգային շահերը, եւ բոլոր հարցերով չէ, որ դրանք համընկնում են, եւ կրիզիսի առաջացումը` մի քանի դրվագների մեր հարաբերություններում, նախկինում էլ է եղել, հիմա էլ կա ու ապագայում էլ կլինի։ Գլխավորն այն է, որ ռուս-թուրքական հարաբերություններում, երբ Արեւմուտքի ճնշումներն ավելի են խստացել, Թուրքիան շարունակում է իր շատ լուրջ համագործակցությունը ռուսական կողմի հետ, 40 միլիարդ դոլարի է հասնում առեւտրաշրջանառությունը։ Կրիզիսը նորմալ է, ու նորմալ իրավիճակ է Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում՝ շարքային իրավիճակ է։ Այսքանը։