Հասարակություն

Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական մատը խառը լինի․ Արթուր Միրզոյան

Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական մատը խառը լինի․ Արթուր Միրզոյան

2016 թվականից իրավապահ մարմինների կողմից տարբեր խոչընդոտներ են ստեղծվել, որպեսզի Թուրքիայի դեսպանատան մոտ որևէ տիպի բողոքի ցույցեր չանցկացվեն մեր կողմից․ չնայած օգտվելով Վրաստանի սահմանադրությունից մենք միևնույն է այդ ցույցերը անցկացրել ենք։ «Հրապարակի» հետ զրույցում հայտարարեց Վրաստանի «Հայերի միություն» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը։ 

Իսկ ցեղասպանության զոհերին նվիրված քայլերթի նախորդ օրը՝ ապրիլի 22-ի երեկոյան, Միրզոյանը Թիֆլիսի հայկական Հավլաբար թաղամասում գտնվող իր տան մոտակայքում հարձակման է ենթարկվել երեք անձի կողմից։
«Տունս գրասենյակից գտնվում է ընդամենը երկու հարյուր մետր հեռավորության վրա։ Երեք դիմակավորված անձ մոտեցան ինձ, անունս հարցականով տվեցին՝ հասկացա, որ հարձակվելու են։ Փորձեցի հեռախոսս հանել՝ ֆիքսելու համար հարձակումը, սակայն չհասցրի։ Նրանք ինձ գետին գցեցին ու նպատակադրված հարվածել են գլխիս, մեջքիս ու փորիս, իսկ նրանցից մեկը տեսագրում էր տեղի ունեցողը»,-ասաց Միրզոյանը։

Նա վստահ է, որ իր վրա հարձակումը կապված է այս օրերի կարևոր միջոցառումների հետ, քանի որ Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթ էին անելու նաև դեպի Թուրքիայի դեսպանատուն։ Ինչ վերաբերում է հանցագործների ազգությանը, Միրզոյանը առանց փաստերի չի ուզում ենթադրություններ անել։ Դեպքից անմիջապես հետո ՀԿ նախագահը զանգահարել է ոստիկանություն։

«Դեպքից 10 րոպե անց դեպքի վայր ժամանեց ոստիկանությունը և տեղափոխեց ինձ ոստիկանության բաժին, որտեղ մինչև գիշերվա ժամը երեքը ցուցմունք էի տալիս։ Ուզւոմ եմ հավատալ, որ իրավապահ մարմինները կգտնեն հանցագործներին և կպատժեն օրենքի ամբողջ խստությամբ»,-ասաց Միրզոյանը։ Այս հարձակման դեպքւ լուսաբանել են ոչ միայն Վրաստանում հայկական կազմակերպությունները եւ լրատվմաիջոցները, այլև վրացական լրատվամիջոցները։

Հետաքրքիր է, որ միջադեպից հետո, երբ Միրզոյանը հայտարարեց, որ ամենայն հավանականությամբ իր վրա հարձակման պատճառը դեպի Թուրքիայի դեսպանատուն հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված երթն է, տարատեսակ մարդիկ փորձեցին այլ երանգներ տալ Արթուր Միրզոյանի վրա հարձակմանը, իբր պատճառն այլ է եղել, կապ չունի երթի հետ։

Երթին նախորդող գիշերը Միրզոյանի ոտքի վնասվածքը զգացնել է տվել, նրան տեղափոխել են հիվանդանոց ու հաջորդ օրը երթին նա մասնակցել է անվասայլակով, քանի որ ոտքի վրա կանգնած չի կարողացել մնալ։
«Այս տարի նաև խորհրդարանի շենքի դիմաց ենք անցկացրել ցուցահանդես՝ նվիրված հայոց եղեռնին և Արցախում մշակութային ցեղասպանության թեմային։ Այդտեղ էլ է եղել խոչընդոտներ ստեղծելու փորձեր, սակայն ցուցահանդեսը անցկացվել է։ Նույն այդ թեմատիկայով Հավլաբարի եկեղեցում ցուցահանդես կազմակերպեցինք։ Չեմ բացառում, որ իմ դեմ հարձակման մեջ թուրքական և ադրբեջանական կողմերի մատը խառը լինի»,- շեշտեց վերջինս։

Հավելենք, որ երթը դեպի Թուրքիայի դեսպանատուն կայացել է։ Միության անդամ երիտասարդներն ու Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները երթի ընթացքում երգել են հայրենասիրական երգեր, իսկ Թուրքիայի դեսպանատան մոտ «Գինի լից» երգը, կրել են Արցախի դրոշի պատկերով, «Ուժեղ Արցախ» գրությամբ, Արցախի Դեդոյի և Բաբոյի պատկերներով շապիկներ։

Ամենաընթերցված

×
Gallery Image