Արծրունը մենք ենք, սուտը, կեղծիքը մենք ենք

Արծրունը մենք ենք, սուտը, կեղծիքը մենք ենք

Եթե Արծրուն Հովհաննիսյանը կարողանում է իր մեջ ուժ գտնել, ներկայանալ հասարակությանը եւ պատասխանել լրագրողների հարցերին` արդարացնելով պատերազմի 44 օրերին արած իր հայտարարությունները, ուրեմն մենք ենք նրան այդ իրավունքը տվել: Եթե մենք թույլ չտայինք, Արծրունը մեզ հետ չէր խոսի, կհասկանար, որ գտնվում է մի հասարակության մեջ, որտեղ պետք է սեփական լռությամբ մոռացվեր, լռության ծես պահեր եւ այն ցմահ չխախտեր: Այս տեսանկյունից դիտարկելով` Արծրունն անմեղ է, մեղավորը մենք ենք: Մենք ավելի բարձր արժեք չենք դավանել, քան Արծրունի մատուցած արժեքն էր, եւ Արծրունն էր որպես մատուցվող արժեք: Մեզ մատուցվել է այն, ինչին մենք արժանի ենք եղել, սուտը, կեղծիքը` որպես ճշմարտություն կամ` ճշմարտության փոխարեն: Մենք ոգեղեն ավելի բարձր ոլորտում չենք եղել, քան պատերազմալուր, բանբեր Արծրունի վարքն էր: Հին հույներն արժանի էին Հերմեսին, մենք արժանի ենք Արծրունին: Պատերազմի օրերին Արծրունն իշխանավորների զոհն էր, մենք Արծրունի զոհն էինք: Ինչպես Արծրունն էր համաձայնել զոհ լինել, այնպես էլ մենք ենք համաձայն լինել զոհ ստին, կեղծիքին` երեկ եւ այսօր:

Մենք՝ որպես հասարակություն, որպես պետություն, չունենք այն հայացքը եւ համակարգը, որտեղ սուտն ու կեղծիքը պարզապես տեղ չունենան, անլսելի լինեն, առօրյա կյանքի շրջանակից դուրս գտնվեն: Իսկ սպրդելու դեպքում այդ մեկն ուղղակի դուրս մնա նույն կյանքի շրջանակից:

Թողնենք այն բարձրագոչ օրինակները, թե կարո՞ղ էին Գերմանիայում, Ֆրանսիայում, Ամերիկայում վերեւներից իրենց թույլ տալ ստել եւ ներքեւներում իրենց թույլ տալ այդ սուտը լսել: Կա՞ էլի մի երկիր, որտեղ 44 օր պատերազմ ստեն, եւ բացահայտվելուց հետո դա նորմալ համարվի: Կա՞ էլի մի երկիր, որի ղեկավարն օրումեջ ինչ-որ հայտարարություններ անի եւ հաջորդ օրը պարզաբանում տա, թե ինքն այն չի ասել, ինչ մենք ենք լսել, երբ ասում էր սեւ, մենք պետք է հասկանայինք սպիտակ, որ ինքը սեւ ասելով` չի ասել սեւ, ասել է սպիտակ: Կա՞ մի երկիր, որտեղ իշխանավորներն առավոտից մինչեւ իրիկուն ստեն, դեռ բերանները չբացած` ասենք, որ էլի սուտ են ասելու: Կա՞ էլի մի երկիր, որ իշխանության եկած թիմը չկատարի նախընտրական եւ ոչ մի խոստում: Կա՞ էլի մի երկիր, որտեղ իշխանությունն իր մեղքերի համար մեղավոր տեսնի հասարակությանը: Այսքանով հանդերձ, այս մարդիկ շարունակեն իշխանության մնալ եւ դեռ ժողովրդի կողմից աջակցություն ունենալ: Կա՞ աշխարհում էլի մի երկիր, որն այսպիսի հասարակություն ունենա` սուտը, կեղծիքը, խաբեությունը լսող ու հանդուրժող, դրանց հետ կողք-կողքի, համակեցությամբ ապրող եւ իր առօրյայի բաղադրիչը համարող:    

Կարող եք հակաճառել. եթե փողոց չեն փակում, հրապարակ չեն լցնում, դեռ չի նշանակում, որ հանդուրժում են այս իրավիճակը: Խնդիրը փողոց փակելը չէ, խնդիրը փողոցով քայլողն է, որի հայացքի մեջ ընդվզում չկա: Խանութում հաց ու կարտոֆիլ գնողի շարժումների մեջ ըմբոստություն չկա: Տանն իր բազմոցին նստածի կեցվածքի մեջ անհաշտվողականություն չկա: Չես տեսնում, չես զգում մերժում ստի, կեղծիքի նկատմամբ: Մենք սիրում ենք, երբ մեզ հաճելիորեն խաբում են, երբ փուչ գովերգում են, կեղծ արժեքներ են վերագրում: Երբ ասում են, թե հպարտ ենք, թե հաղթել ենք, թե ամենա-ն ենք: Հերն էլ անիծած, որ ցեխի մեջ ենք նստած եւ պարտված ենք ինչպես օտարից, այնպես էլ ինքներս մեզնից: Մենք լավ ստի համար պատրաստ ենք անգամ վճարել եւ վճարում ենք` հանդուրժելով մեզ խաբողներին, վաղն էլ կվճարենք` քվե տալով նրանց: Արծրունը մենք ենք, Նիկոլը մենք ենք, «Իմ քայլը» մենք ենք, սուտը, կեղծիքը, խաբեությունը մենք ենք: Նրանք գիտեն, որ իրենք մենք ենք, եւ մշտապես մնում են ասպարեզում` մեր հայացքի մեջ:

Հուսիկ Արա