Պատրոն Դավիթին կալանավորելով հող են պատրաստում Սեյրան Օհանյանի կալանքի համար

Պատրոն Դավիթին կալանավորելով հող են պատրաստում Սեյրան Օհանյանի կալանքի համար

«Հրապարակի» տեղեկություններով՝ գիշերը ձերբակալել են զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավիթին։ 

Հիշեցնենք՝ երեկ մենք գրել էինք, որ դիմակավորված 10-12 օպերատիվ աշխատողներ ներխուժել են Պատրոն Դավիթի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանի տուն և նրան բերման ենթարկել: Մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո կալանքի միջնորդություն են ներկայացրել դատարան։ Երեկ երեկոյան սկսվել է դատական քննությունը։ Դավիթ Գալստյանի փաստաբանը երեկ մեր զանգին ի պատասխան ասել էր, որ զբաղված է, չի կարող խոսել, իսկ ավելի ուշ այլեւս հնարավոր չեղավ կապվել նրա հետ։

Մեր տեղեկություններով՝ գործը, որի շրջանակներում ձերբակալել են նրան, որեւէ առնչություն չունի դատարանում քննվող հրթիռների գործի հետ, որտեղ 7 մեղադրյալ կա, այդ թվում Դավիթ Տոնոյանը եւ Դավիթ Գալստյանը, ում մոտ մեկ տարի առաջ ազատ արձակեցին մի քանի ամիս տեւած կալանքից։ Այդ դատաքննությունն այժմ ծանր, ձգձգումներով ընթանում է եւ այն, ամենայն հավանականությամբ, կավարտվի գործի փլուզումով, որովհետեւ որեւէ ռեալ ապացույց դատարանին չի ներկայացվել։

Դավիթ Գալստյանին, մեր տեղեկություններով, ուզում են կալանավորել բոլորովին այլ գործով, որը կապված է Սեյրան Օհանյանի գործի հետ։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին գլխավոր դատախազը պատրաստվում է մտնել խորհրդարան` պաշտպանության նախկին նախարար, ընդդիմադիր պատգամավոր Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ։ Մեղադրանքի երեք դրվագ է դատախազը բերելու ԱԺ, որոնցից մեկը, որը գաղտնի գրիֆի տակ է եւ անգամ Սեյրան Օհանյանին չի տրամադրվել՝ ծանոթանալու, կապված է բանակի մատակարարումների հետ։ Հենց այս գործով էլ կալանավորվել է Դավիթ Գալստյանը։ Բնական է, որ եթե դատախազը փետրվարի 7-ին պատրաստվում է խոհրդարանից Սեյրան Օհանյանին կալանավորելու թույլտվություն ստանալ, չէր կարող այդ մեղադրանքը խորհրդարան ներկայացվել, եթե գործով այլ մեղադրյալ եւ կալանավորված անձ չկա։

Սա նշանակում է, որ Դավիթ Գալստյանի կալանավորմամբ հող են պատրաստում Սեյրան Օհանյանի կալանավորումը հիմնավորելու եւ իրականացնելու համար։