Տրդատից հետո Վայոց Ձորն անտե՞ր կմնա

Տրդատից հետո Վայոց Ձորն անտե՞ր կմնա

Երեկ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանում ընթացող զորավարժություններից հետո հրաժարականի դիմում կներկայացնի։ Մարզպետի հրաժարականի պատճառը օրերս մարզում տեղի ունեցած աղմկահարույց դեպք է։ Հիշեցնենք, որ Սարգսյանի օգնական Հարություն Գրիգորյանը ծեծի էր ենթարկել շիրակցի սպա, փոխգնդապետ Արա Մխիթարյանին։ Նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, իսկ մարզպետի օգնականը կալանավորված է։ Տրդատ Սարգսյանը հերքում է, որ ինքը դեպքի հետ որևէ կապ ունի, և, իր, խոսքով, կարող է ապացուցել, որ այդ պահին ինքը տանն է եղել։ Մարզպետը, սակայն, որոշել է քաղաքական էթիկային դեմ չգնալ, և հրաժարականի դիմում ներկայացնել հոկտեմբերի 5-ից հետո, մինչ այդ Սարգսյանը կատարում է մարզպետի պարտականությունները՝ այսօր Շատինի դպրոցի պաշտոնակատար է նշանակել․

«Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»,- գրել է մարզպետը։

Տրդատ Սարգսյանի հրաժարականից հետո անհասկանալի իրավիճակ է սկսվում մարզպետարանում․ հայտնի չէ, թե ով կարող է փոխարինել Սարգսյանին որպես պաշտոնակատար։ Այն բանից հետո, երբ Տրդատ Սարգսյանի և իր տեղակալ Ռազմիկ Տոնոյանի միջև հակասություններ սկսվեցին, և Սարգսյանը աշխատանքից ազատեց Տոնոյանին, մարզպետի տեղակալներից մեկի պաշտոնը թափուր մնաց և մինչ այժմ էլ թափուր է։ Մյուս տեղակալը՝ Նանե Ասատրյանը, այս պահին ֆիզարձակուրդում է, հետևաբար քիչ հավանական է, որ նա կնշանակվի պաշտոնակատար։ Ստացվում է, որ Սարգսյանի հրաժարականից հետո մարզպետարանը «անտեր կմնա»։

«Հրապարակի» հետ զրույցում փոխմարզպետ Նանե Ասատրյանը ասաց, որ դեռևս պաշտոնակատար նշանակվելու առաջարկ չի ստացել և չի կարող ասել, թե առաջիկայում ինչ կլինի․

« Ես, ճիշտն ասած, այս պահին ֆիզարձակուրդում եմ, նման առաջարկ դեռ չեմ ստացել, և չեմ կարող պատասխանել՝ առաջիկայում ինչ կլինի, ես նման ընթացք չէի նախատեսել, այնպես որ դեռ պիտի սպասենք առաջիկա գործընթացներին»։

Ասատրյանին հարցրինք, թե ստանալու պարագայում ի վիճակի կլինի՞ ստանձնել պաշտնը, աշխատանքի գնալ․
«Կախված է նրանից, թե երբ դա տեղի կունենա, չգիտեմ, դեռ չեմ կարող պատասխանել»,-պատասխանեց Սարգսյանը։

Փոխմարզպետին հարցրինք, թե կա՞ն գործեր, որոնք Սարգսյանը կիսատ է թողնում ու հեռանում՝ նկատի ունենալով, որ հրաժարականի առիթը ոչ թե վարչապետի՝ նրանից գոհ չլինելն է, այլ կոնկրետ դեպքը, որին նա պնդում է, որ առնչություն չունի։ Խնդրեցինք նաև գնահատական տալ մարզպետի աշխատանքին․

« Քանի որ ես հունիսի 25-ից ֆիզարձակուրդում եմ գտնվել, շատ գործընթացների ուղիղ տեղյակ չեմ։ Ով էլ լինի, դա պետական աշխատանք է, պետք է, բնականաբար, շարունակի այն ծրագրերը, որոնք ինքը սկսել էր կամ նախաձեռնել էր։ Ես ենթադրում եմ՝ ով էլ որ ստանձնի այդ պաշտոնը, պետք է շարունակի այդ ծրագրերը՝ ըստ անհրաժեշտության ու կարևորության։ Աշխատանքի գնահատական չեմ ուզում տալ, ես չեմ անձնավորում, ով էլ որ ստանձնի պաշտոնը, պետք է աշխատի հավուր պատշաճի։ Ես շատ ափսոսում եմ այդ միջադեպի համար, և դեռ ապացուցված էլ չէ իր մասնակցությունը։ Գուցե փորձ չուներ Տրդատ Սարգսյանը կառավարելու, բայց արժեհամակարգային առումով բավական ակտիվ մարդ էր, և իր այդ քայլն էլ ես ողջունում եմ, ճիշտ քայլ է արել։ Բայց ցավում եմ, որովհետև շատ նախաձեռնություններ այս պահին կիսատ են մնում, հույս ունեմ՝ ով էլ ստանձնի պաշտոնը, կկարողանա շարունակել»։