Արժեքային պարտություն հունիսի 20-ին

Արժեքային պարտություն հունիսի 20-ին

Որքան ցավալի է խոստովանելը, բայց պետք է ընդունենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցավ արժեքային՝ գրագիտության եւ հայրենասիրության պարտություն: Մեր ժողովրդի կյանքում գերադասվեց անհայրենիք սոցիալ-պոպուլիզմը՝ համեմված նիկոլիզմով: Ու այսօրվանից մեզ վրա դրվեց բարդագույն ու ծանրագույն խնդիր՝ ամեն գնով հաղթահարել այն: Հաղթահարել, որպեսզի մենք պահպանենք մեր պետականությունը Հայկական լեռնաշխարհի այս անկյունում: Իսկ հետո մտածենք առաջընթացի, զարգացման ու հզորացման մասին: Որպեսզի ամեն տարիքի ու սեռի հայը՝ որտեղ էլ նա գտնվի, կրկին հպարտ լինի իր ինքնությամբ: Իսկ Հայաստանն էլ վերածվի այն երկրի, ուր կձգտի աշխարհասփյուռ հայի ոգին: Եվ որպեսզի դա տեղի ունենա, չպետք է հուսահատվել, պետք է հուսալ ու պայքարել…

Այժմ՝ ավելի առարկայական: Ընտրության արդյունքում նիկոլական «Քաղպայմանագիրն» Ազգային ժողովում ստացել է սահմանադրական մեծամասնություն: Դա նշանակում է, որ կարող է անել այն, ինչ խելքը փչի: Իսկ անցած երկուսուկես տարին ցույց տվեց, որ ուսապարկերի խելքը միայն պետական ինստիտուտների վերացման ուղղությամբ է փչում: Ու մեկ էլ սեփական բարեկեցության բարձրացման: Դա, իր հերթին, նշանակում է, որ նման խորհրդարանում ընդդիմությունն ուղղակի անելիք չունի: Այն որեւէ ձեւով չի կարողանա ազդել նրանում ընթացող գործընթացների վրա:

Ընդհակառակը, իր ներկայությամբ կլեգիտիմացնի այն ամենը, ինչ կարվի մեծամասնության կողմից: Դա նշանակում է լեգիտիմացնել նիկոլիզմի հաղթանակը մեր պետականության նկատմամբ: Եվ որպեսզի դա տեղի չունենա՝ առաջարկվում է հրաժարվել Ազգային ժողովի մանդատներից (1-ին տարբերակ) կամ ստանալ մանդատներն ու հրաժարվել անմիջապես (2-րդ տարբերակ) կամ մեկ այլ հարմար պահի (3-րդ տարբերակ): «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների ղեկավարությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, որպեսզի ծանրութեթեւ անի բոլոր երեք տարբերակներն ու ընտրի լավագույնը: 

Մանդատներից հրաժարվելը ենթադրում է որոշակի ժամանակահատվածից հետո խորհրդարանի վերընտրության առաջադրում: Թե որքան ժամանակամիջոցի մասին է խոսքը՝ կախված է ընդդիմության ակտիվությունից եւ գործունեության արդյունավետությունից: Այն, ինչ չստացեց անմիջապես, կարող է եւ պետք է կյանքի կոչվի շատ ավելի երկարատեւ համառ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Ինչ մնում է ընտրության արդյունքները Սահմանադրական դատարանում բողոքարկելու խնդրին, ապա այն իրավական գործընթաց է, ինչը նախաձեռնելու համար պետք է, առաջին հերթին, քաղաքականապես ընդունել ընտրության կայացման փաստը: Մանդատներից հրաժարումը, ընդհակառակը, ենթադրում է տվյալ փաստի քաղաքական չընդունում: Այդ դեպքում որքանո՞վ է տրամաբանական քաղաքականապես չընդունելով որեւէ իրադարձություն՝ փորձել դա կարգավորել իրավական գործընթացով:

Ինչեւէ, անկախ ամեն ինչից, Նիկոլի հաղթանակով չլուծվեցին այն խնդիրները, որոնք հանգեցրել էին արտահերթ խորհրդարանական ընտրության անցկացմանը: Դրանք պետք է լուծվեն վաղ թե ուշ: Պետք է լուծվեն, եթե մենք չենք ցանկանում 21-րդ դարում զրկվել պետականությունից: Եվ ոչ միայն չզրկվել, այլեւ զարգանալ ու հզորանալ: