«Լեգեոները»

«Լեգեոները»

Վարչապետության առաջին օրերին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե` վերջ, Հայաստանի Հանրապետությունում այլևս կոռուպցիա չկա, մարդիկ այդ խոսքերն ընկալեցին այն իմաստով, որ եթե կոռուպցիոներ չէ երկրի ղեկավարն ինքը, ուրեմն պետական մեքենան արագորեն մաքրվելու է կոռուպցիայի ախտից: Հասկացող մարդիկ վարչապետի այս ինքնահիացական խոսքի վրա անշուշտ ներողամտորեն ժպտացին, բայց նաև լցվեցին հույսով, որ  ամեն ինչ դեռ կորած չէ: Բայց ինչպես մյուս կարևորագույն ոլորտներում, Ն. Փաշինյանն այստեղ էլ էր ջուրը չտեսած բոբիկացել, որովհետև շատ շուտով իրականությունը նրա սեղանին պիտի դներ նորերի՝ «թավշյաների» կոռուպցիոն սկանդալների բազմաթիվ դեպքեր` փոխնախարարներից, գերատեսչությունների պետերից սկսած մինչև զանազան վարչությունների ղեկավարներ ու հարյուրավոր այլ պաշտոնյաներ:

Եվ ընդամենը մեկ տարի անց կոռուպցիային «հաղթած» վարչապետն արդեն նկատելիորեն մտահոգ պիտի երևար հակակոռուպցիոն պայքարի ասպարեզում իրերի դրությամբ. նախկին խանդավառությունը չկար, թեև ինքնագոհության շեշտերը պահպանվել էին. «Այսօր միանշանակ է և աներկբա, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ունի հակակոռուպցիոն սկզբունքային պայքար վարելու քաղաքական կամքի հնարավորինս ամենամեծ ծավալը…»: Այս նախադասությունը Ն. Փաշինյանն արտաբերել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի անդրանիկ նիստում, 2019 թվականի հուլիսի 12-ին:

 Եվ ահա հայտարարություններից երկու տարի անց պարզվում է, որ մեր կառավարիչների «թավշյա» թիմը այնուամենայնիվ  կարիք ունի կոռուպցիայի դեմ պայքարի գծով դրսեկ պրոֆեսիոնալի, մասնավորապես` ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից նշանակված խորհրդականի, որը, «համագործակցելով ՀՀ արդարադատության նախարարության և իրավապահ մարմինների հետ», պետք է խորհրդատվական ծառայություններ մատուցի կոռուպցիայի դեմ համակարգային պայքարում: 

Այդ ծառայությունները թեև ՀՀ պետական բյուջեի վրա վրա որևէ ձևով չեն անդրադառնալու, քանի որ ամերիկյան կողմն ինքն է հոգալու խորհրդականի գործունեության հետ կապված բոլոր ծախսերը, բայց ահա որոշակիորեն անդրադառնալու է նորօրյա իշխանությունների ինքնիշխանության առասպելը հօդս ցնդեցնելու վրա, որովհետև արդեն իսկ պարզ է, որ կոռուպցիայի գծով խորհրդականը Հայաստան է գալիս տեղի իշխանություններին որևէ ձևով հաշվետու չլինելու կարգավիճակով, ավելին` էական նախապայմանով, որ լինելու է ԱՄՆ քաղաքացի: Եվ սա ակնհայտ նսեմացուցիչ նախապայման է, որը ցույց է տալիս, թե ԱՄՆ-ը ոչ միայն չի հավատում կոռուպցիայի դեմ «տարած» հաղթանակով վաղաժամ ցնծացող հայաստանյան իշխանություններին, ոչ միայն չի վստահում Հայաստանում արդեն իսկ կազմակերպվող հակակոռուպցիոն հանձնաժողովի առաջիկա գործունեության արդյունավետությանը, այլև ինքն է գծագրում կոռուպցիայի դեմ պայքարի սխեմաները և թելադրում կանոնները: 

Ի դեպ, հատկանշական է լիազորությունների այն մեծ շրջանակը, որ ունենալու է խորհրդականը: Տպավորություն է, թե ԱՄՆ պետդեպարտամենտից մի ամբողջ վարչություն «պոկվել»՝  գալիս է Հայաստան: Առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ, դատելով առկա տեղեկատվությունից և դրա տեքստային տոնայնությունից, ամերիկացի հակակոռուպցիոն պրոֆեսիոնալ-«լեգեոները» մեր երկիր է գալիս ամենևին էլ ոչ մեր հրավերով. նա գալիս է սեփական որոշմամբ` իր պատկերացումներով ընտրելով թե՛ գալու ժամանակը, թե՛ նաև գծագրելով իր առաքելության մյուս մանրամասները` գործունեության և գործընկերային շրջանակ, միջոցներ և այլն:
Բայց հակակոռուպցիոն պայքարի գծով խորհրդականը Հայաստան է գալիս՝ անուղղակիորեն ապացուցելով նաև այն բոլոր ենթադրությունները, կասկածները, իսկ որոշ մարդկանց պարագայում` համոզմունքը, որ ԱՄՆ-ն ՀՀ իրավական դաշտ այդպիսի բացահայտ ներխուժման «իրավունք» վաստակել է դեռևս նախաիշխանափոխական ժամանակներից, երբ ծրագրվում, ապա իրականացվում էր այն: 

Իսկ որ ապագա «լեգեոները» նաև հետևելու է տեղի հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատանքներին, որևէ կասկած չի մնում: 

Եվ ուրեմն՝ «լեգեոներից» բացի` «ռևիզոր» էլ է գալիս: