Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու գործն ուղարկել են ՀՔԾ

Ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծելու գործն ուղարկել են ՀՔԾ

Օրեր առաջ մենք գրել էինք այն մասին, թե ինչպես են հուլիսի 22-ին իրականացված հատուկ միջոցառման՝ ուժեղացված ստուգումների ժամանակ ոստիկանները Սարյան փողոցում կանգնեցրել ռուսական պետհամարանիշով մի Lexus LX570 մակնիշի ավտոմեքենա, ապա իրենց հետ քաղաքավարի հարաբերված եւ իր իրավունքներից տեղյակ վարորդին՝ Էդգար Գասպարյանին, դուրս քաշել մեքենայից, հարվածել ու տարել բաժին։ Ընթացքում նաեւ նրա դրամապանակից թափված փողերի մի մասը գրպանել էին եւ դրամապանակը մոտ 100 հազար ռուբլով թեթեւացնելուց հետո վերադարձրել տիրոջը։

Քաղաքացին, որը բնակվում է ՌԴ-ում եւ Մոսկվայում զբաղվում է բիզնեսով, ոստիկանությունում հաղորդում էր տվել հանցագործության մասին՝ մանրամասն նկարագրելով, թե ինչպես են ոստիկանները, չարաշահելով իրենց դիրքը, ծեծել իրեն՝ պատճառելով վնասվածքներ։ Ծեծողների մեջ եղել են նաեւ դիմակավորված անձինք, որոնք ոտքով հարվածել էին Գասպարյանի դեմքին, հետո նաեւ մեքենայի մեջ էին նրան հարվածներ հասցրել։

Իսկ արդեն ոստիկանության բաժնում փորձել էին համոզել, որ չբողոքի՝ պատճառաբանելով, թե «ծեծը տղու համար ա»։ Մենք հանդիպել ենք քաղաքացուն եւ լուսանկարել նրա՝  հարվածներից վնասված դեմքը։ Դեմքից բացի, նաեւ նրա թեւն ու ուսն են վնասվել։ Երեկ տեղեկացանք, որ Էդգար Գասպարյանն արդեն մեկնել է Մոսկվա, բայց մեզ հետ զրույցում ասաց, որ իր պահանջից հետ չի կանգնել եւ հետեւողական է լինելու, որ իր հետ նման կերպ վարված ոստիկանության ծառայողը կամ ծառայողները պատասխանատվության ենթարկվեն։

Իսկ բռնություն գործադրած եւ իրենց լիազորությունների սահմանները խախտած ոստիկաններն անցել են հակահարձակման։ Օրերս պարեկային ծառայության թեմայով հրավիրված ասուլիսի ժամանակ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող, խորհրդական Ամալյա Հովսեփյանը, անդրադառնալով պարեկային ոստիկանի կողմից վարորդին ծեծելու վերաբերյալ հարցին, ասել էր, թե պարեկները ոչ մեկին չեն ծեծել, լուսադեմին միջոցառում են իրականացրել թմրանյութերի ազդեցության տակ գտնվող վարորդի նկատմամբ, ով, գողանալով ավտոտրանսպորտային միջոցը, շատ մեծ արագությամբ սկսել է վարել այն, եւ իրենք գործել են օրենքի շրջանակներում։

Լսողների մոտ կասկած էր առաջացել, թե խոսքը մեր նկարագրած դեպքի մասին է, եւ հենց Էդգար Գասպարյանն է թմրանյութի ազդեցության տակ գողացված Lexus-ով հայտնվել պարեկների տեսադաշտում, եւ ոստիկանները հատուկ են նրա մեքենան կանգնեցրել։

Բայց մեզ ոստիկանությունից ասացին, որ ասուլիսում նշված դեպքը մեր հոդվածում նկարագրված դեպքին չի առնչվում, այլ դրանից առաջ տեղի ունեցած մեկ այլ դեպքի, երբ «Հայրենիք» կինոթատրոնի մոտ lexus GS 350 մակնիշի մեքենայով ինչ-որ երիտասարդի էին բռնել, որը ոստիկաններից խույս տալու ճանապարհին բախվել էր նաեւ պատին։ Այսինքն՝ ասուլիսում ԱՆ ներկայացուցչի պարզաբանումը լրիվ այլ դեպքի մասին է եղել։

Մենք  իրավապահ կառույցներից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացք է տրվել Էդգար Գասպարյանի բողոքին, արդյոք դրանից քրեաիրավական հետեւանք առաջացե՞լ է, քրգործ հարուցվե՞լ է, որեւէ մեկը պատժվելո՞ւ է։

Ոստիկանությունից ասացին․ քաղաքացու հաղորդումը՝ հանցագործության մասին, իրենք վերցրել են եւ դատախազի բանավոր պահանջով, նյութերը փոխանցել Գլխավոր դատախազություն։ Դատախազությունից էլ ասացին՝  ոստիկանությունից իրենց փոխանցածն ամսի 23-ին ուղարկել են Հատուկ քննչական ծառայություն՝ նյութեր նախապատրաստելու։ Դիմեցինք նաեւ ՀՔԾ, որտեղից, սակայն, ասացին՝ դատախազությունից դեռեւս նման նյութեր չեն ստացել։ Լինելուն պես՝ ընթացքի մասին կտեղեկացնեն։

Սա շատ ծանոթ՝ պասերով խաղալու գործընթաց է, որն իրավապահ մարմինները կիրառում են՝ հույսով, որ բողոքողն էլ, լրագրողն էլ մի որոշ ժամանակ անց կհոգնեն հետաքրքրվելուց, եւ մի գեղեցիկ օր իրենց գործը կփակեն, ասենք՝ ապացույցների անբավարարության կամ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ։ Էդգար Գասպարյանն էլ դժվար թե դրա համար հատուկ իր բանուգործը թողնի եւ Ռուսաստանից հասնի Երեւան՝ այդ ապօրինի որոշումը բողոքարկելու համար։