«Շնորհակալ եմ, որ թույլ տվեցին կոշիկներս հագնել»․ ձերբակալվել է քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը

«Շնորհակալ եմ, որ թույլ տվեցին կոշիկներս հագնել»․ ձերբակալվել է քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը

Այսօր Մոսկվայում ձերբակալել են հայտնի քաղաքագետ, քաղաքականության դոկտոր, ՄԳԻՄՈ-ի ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի նախկին ղեկավար Միխայիլ Ալեքսանդրովին։ Նրա ընկերները տելեգրամյան ալիքներում տեղեկություն են տարածել այն մասին, որ դա տեղի է ունեցել Բաքվի պատվերով։ Մենք զանգահարեցինք պրոֆեսոր Ալեքսանդրովին։ Նա հաստատեց տեղեկությունը։ «Այո, ինձ ձերբակալել են։ Ես հիմա գտնվում եմ ոստիկանության բաժանմունքում։ Նրանք մեր տուն եկան առավոտյան 7․30, ինձ հանեցին անկողնուց։ Քիչ էր մնում հողաթափերով տանեին։ Շնորհակալ եմ, որ թույլ տվեցին կոշիկներս հագնել», – ասաց Միխաիլ Ալեքսանդրովը։

Հարցին, թե որն է պատճառը, արդյոք իրեն ներկայացրել են հիմքեր, նա պատասխանեց․ «Բաքվում իմ դեմ քրեական գործ է հարուցված, այդ գործի շրջանակում էլ ինձ ձերբակալել են։ Ոչ մի զարմանալի բան չկա։ Ալիևը եկավ Մոսկվա, հանդիպեց Պուտինին, գնաց, որից հետո անմիջապես եկան իմ հետևից, կոպիտ ձևով, լուսանկարեցին, կարծես, ես ինչ–որ հանցագործ էի»։ 

Հիշեցնենք՝ Ադրբեջանը ԱՊՀ շրջանակում Միխայիլ Ալեքսանդրովի հետ կապված միջպետական հետախուզում էր հայտարարել։ Մինչ այս էլ՝ 2022 թվականի դեկտեմբերին պրոֆեսոր Ալեքսանդրովին հեռացրեցին Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտից հակաադրբեջանական ելույթի համար։ 

Միխայիլ Ալեքսանդրովն ասաց, որ փաստաբան է գտել, որը շուտով կմոտենա։ Դուք դեմ չե՞ք, որ գրեմ այդ մասին։ «Ոչ», – ասաց Ալեքսանդրովը։ «Թող ողջ Հայաստանն իմանա, թե ինչ է լինում մեզանում այն մարդկանց հետ, որոնք հայտնվում են Ադրբեջանի թիրախում»։