«Հրապարակ»․ Գեւորգ Քոչարյանին դատարկաձեռն չթողեցին

Նիկոլ Փաշինյանը 3 oր առաջ որոշում է ստորագրել՝ Գեւորգ Քոչարյանին արդարադատության նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պատմեց, որ դեռեւս հստակեցման փուլում է, թե Քոչարյանը որ ոլորտներն է վերահսկելու, սակայն շրջանակը պարզ է՝ ուղղվածությունը լինելու են հակակոռուպցիոն բնույթի գործերը, իսկ թե մարմիններից որն է վերահսկելու՝ դեռեւս պարզ չէ։ Հիշեցնենք․ Գեւորգ Քոչարյանը դատախազության ապօրինի ծագման գույքի բռնագանձման վարչության դատախազ է եղել, ներգրավված է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նրա ընտանիքի ենթադրյալ ապօրինի գույքի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի եւ այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման քննություններում:
Քոչարյանը վերջերս մասնակցում էր Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թափուր հաստիքի համար հայտարարված մրցույթին, հաղթահարեց անցողիկ շեմը, եւ նրա անունը՝ Արթուր Նահապետյանի եւ Պետրոս Մարտիրոսյանի հետ, դրվեց Նիկոլ Փաշինյանի սեղանին։ Սակայն վարչապետի ընտրությունը կանգնեց Քննչական կոմիտեի նախկին ղեկավար Արգիշտի Քյարամյանի սանիկի՝ Արթուր Նահապետյանի վրա: Բայց Քոչարյանին էլ, ահա, դատարկաձեռն չթողեցին։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, Գ․ Քոչարյանը Դանիել Իոաննիսյանի եւ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուն էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում։ Քոչարյանը մրցույթին մասնակցելու ընթացքում դատախազությունից ազատման դիմում էր ներկայացրել՝ թերեւս հավատալով այն խոստումներին, որ առաջիկայում եթե ոչ հակակոռուպցիոնի նախագահ, ապա որեւէ մի «լավ» նոր պաշտոն կստանա։
Կարծիքներ