Իսրայելը «զայրացրել է» Բայդենին

Իսրայելը «զայրացրել է» Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ Իսրայելը բավարար քայլեր չի ձեռնարկում Գազայի հատվածում խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար։

«Իսրայելը բավականաչափ քայլեր չի արել հումանիտար աշխատողներին պաշտպանելու համար, ովքեր հուսահատ փորձեր են անում անհրաժեշտ օգնություն տրամադրել խաղաղ բնակչությանը... Իսրայելը նույնպես բավարար ջանքեր չի գործադրել խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար», - ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ ինքը «վրդովված և սրտացավ է» այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Գազայում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվեց «World Central Kitchen» ոչ կառավարական կազմակերպության յոթ աշխատակից:

«Իսրայելը խոստացել է մանրակրկիտ հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչու են բուժաշխատողների մեքենաները ավիահարվածների թիրախ դարձել: Այս հետաքննությունը պետք է լինի արագ, այն պետք է պատասխանատվության ենթարկի մեղավորներին, և դրա արդյունքները պետք է հրապարակվեն»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Նա հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի անել հնարավորը Գազայի խաղաղ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար։

«Մենք հաստատակամորեն ձգտում ենք անհապաղ զինադադարի` որպես պատանդներին ազատելու գործարքի մաս: Կահիրեում իմ թիմը հենց հիմա աշխատում է դրա վրա»,- եզրափակել է Բայդենը:

Համաձայն World Central Kitchen-ի, երկուշաբթի իսրայելական հարվածի հետևանքով զոհվել են կազմակերպության 7 աշխատակիցներ, այդ թվում՝ Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Պաղեստինի քաղաքացիները և ԱՄՆ-Կանադայի երկքաղաքացիները: Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի ղեկավար Հերզի Հալևին ասել է, որ Գազայի հատվածին հարվածը, որի հետևանքով զոհվել են կամավորները, սխալմունք է եղել։