Սկսել է գիտակցել

Սկսել է գիտակցել

Նիկոլ Փաշինյանը սկսել է գիտակցել, որ վարչապետի պաշտոնում ինքը նաեւ սխալներ է գործել, եւ դրանք ծանր են նստել մեր պետության վրա: Ճիշտ է` նրա թվարկած սխալներն ու մեր նկատածը միմյանցից խիստ տարբերվում են, բայց արդեն առաջընթաց կա: Օրինակ, նա կարծում է, որ իր մեծագույն սխալը բավարար չափով անկեղծ չլինելն է. չի կարողացել բաց, թափանցիկ ձեւով հանրությանը ներկայացնել իրերի իրական վիճակը եւ թաքցրել է, որ Արցախի «երգը երգված» է, իսկ մենք պատերազմի շեմին ենք կանգնած:

Իհարկե, այս հայտարարության մեջ էլ նա անկեղծ չէ, եւ սա հերթական «կռուտիտն» է, որով ուզում է երկրի կառավարումը ձախողելը, երկիրը փորձությունների տանելն ու մեզ պատճառված բազում կորուստները ներկայացնել որպես պատմական անխուսափելիություն, որը ոչ թե իր, այլ նախկինների մեղքով է եղել: Իր մեղքն ընդամենը մեզ ժամանակին չզգուշացնելն է եղել:

Թեեւ հասկանալի չէ, թե այդ զգուշացնելը մեզ` հասարակությանը, ինչ էր տալու: Չէ՞ որ իշխանությունների խնդիրը բոթաբերի, լուրը ժամանակին տեղ հասցնող սուրհանդակի գործը չէ, այլ երկրի գլխին կախված բնական եւ արհեստածին վտանգները կանխելը, իրավիճակից ելքեր գտնելը: Հակառակ դեպքում` եթե դու ունակ չէիր դրանք կանխելու, եւ այս ընթացքն էլ անխուսափելի էր, ուրեմն պետք է հրաժարվեիր երկիր կառավարելու բարձր պատասխանատվությունից: Հասկանում ենք, որ իշխանությունը քաղցր է, եւ դրանից կամովին հրաժարվելը կամքի մեծ ուժ է պահանջում: Բայց գոնե պետք է հանրային մեծ կոնսոլիդացիա ապահովեիր` բոլորին կոչ անելով մասնակցել այդ խնդիրների լուծմանը, այլ ոչ թե եկածդ օրվանից ցիրուցան անեիր երկրի ողջ պոտենցիալը, ազատեիր ու հետապնդեիր կառավարումից գլուխ հանող մարդկանց, պառակտում մտցնեիր հասարակության մեջ եւ պոռոտախոսությամբ զբաղվեիր: