Իշխանատենչություն՝ պետության լուծարման գնով

Իշխանատենչություն՝ պետության լուծարման գնով

Նիկոլ Փաշինյանին ակնհայտորեն չափազանց շատ է դուր եկել իշխանությունը, նա արդեն որեւէ կերպ չի պատկերացնում ցանկացած կարգավիճակ՝ իշխանությունից դուրս։ Սակայն որքան էլ թվացյալ մոնոլիտ եւ միաբեւեռ համակարգ ձեւավորի, առաջին իսկ պատեհ առիթի դեպքում քննչական մարմինները, ոստիկանությունը, դատախազությունը, անգամ բանակը կարող են դուրս գալ միանձնյա վերահսկողությունից եւ չկատարել ապօրինի հրամանները, ինչպես եղավ պատերազմից անմիջապես հետո։ Այդ դեպքում նա կնմանվի ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին՝ կպաշտոնավարի առանց գործուն իշխանության եւ ստիպված կլինի հրաժարական տալ։

Եթե Հայաստանի անկախության պատմությունն ինստիտուտների կայացման պատմություն լիներ, պատերազմից անմիջապես հետո դեռեւս պաշտոնավարող Փաշինյանի նկատմամբ ԱԱԾ-ում քրեական գործ կհարուցվեր, եւ մեղադրանք կառաջադրվեր։ Այդպես է, օրինակ, Հարավային Կորեայում, Իսրայելում, Իտալիայում, ԱՄՆ-ում, մի շարք այլ երկրներում, երբ գործող ղեկավարները քրեորեն հետապնդվում են, շատերն այդ պատճառով հրաժարական են տալիս, ոմանք նույնիսկ բանտարկվում են։

Այլ հարց, որ նվազագույն բարոյականություն եւ խելամտություն ունենալու դեպքում Փաշինյանը պիտի կառավարումից հեռանար կամ հեռացվեր պատերազմի առաջին իսկ օրը՝ սեպտեմբերի 27-ին։ Այդ դեպքում ոչ թե տարածքների հանձնման միանձնյա որոշումներ կկայացվեին, այլ պատերազմն արագորեն կկանգնեցվեր, ինչպես քառօրյայի դեպքում եղավ, հնարավոր կլիներ առավելագույնս անկորուստ դուրս գալ մարտերից եւ նույնիսկ հաղթել։ Մինչդեռ Փաշինյանը չհեռացավ ո՛չ պատերազմի ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո, թեեւ պարտված առաջնորդը պետք է հեռանար անգամ առանց ժողովրդական պահանջի։ Ամեն օր մնալով իշխանության ղեկին՝ նրա հռչակած կարգախոսային ապագան ավելի ու ավելի է մթագնում։

Բնականաբար, տարածաշրջանի բոլոր երկրներին՝ առանց բացառության, շահեկան է Հայաստանն այլ պետությունների դեմ օգտագործել իբրեւ բութ գործիք, ոչ թե նրա հետ արժանապատիվ, փոխշահավետ ու հավասար բանակցություններ վարել։ Փաշինյանը բոլորի այդ ցանկությունը լիուլի սպասարկում է։ Օրինակ, երբ պատերազմից հետո Պուտինն անկեղծանում էր, որ հոկտեմբերի 19-ին պատերազմը կանգնեցնելու առաջարկով Շուշին կարող էր մնալ հայկական, սակայն, ի զարմանս իրեն, Փաշինյանը չի ընդունել այդ առաջարկը, զուգահեռաբար ռուսական դաշնային հեռուստաալիքներով պնդում էին, թե Ալիեւը Փաշինյանին աստղաբաշխական կաշառք է տվել, այս ամենից հետո ինչպե՞ս է հնարավոր Պուտին-Փաշինյան (էլ չասած՝ Փաշինյան-Ալիեւ) առողջ ու կառուցողական հանդիպում։

Միջազգային գործընկերները հրաշալի տեսնում են, որ Հայաստանի իշխանությունն առանց որեւէ դիմադրության տարածքներ է հանձնել Գեղարքունիքում եւ Սյունիքում, հազարավոր բնակիչների ենթարկել թշնամական ուղիղ կրակոցների վտանգին եւ որեւէ ջանք չի գործադրում իր ինքնիշխանությունն այդ տարածքներում վերականգնելու ուղղությամբ։ Ներկայումս ՀՀ ինքնիշխան տարածքից մինչեւ հարյուր քառակուսի կիլոմետր զավթված է, այն դեպքում, երբ անգամ մեկ քառակուսի մետրի ճակատագիրը պետք է հանրաքվեով որոշվի։ Բնական է, որ այս ֆոնին Բաքուն ավելին է ուզելու, Երեւանն էլ ավելին է տալու։

GPS-ով, թշնամուն չդիմադրելով, թե մի այլ եղանակով՝ տարածքի զիջումն ու ազդադավ սահմանորոշումն այլ բան չեն, քան դավաճանություն։
Փոխանակ սահմանի ճշգրտմամբ, խախտված ինքնիշխանության վերականգնմամբ զբաղվելու, գուցե անգամ այդ նպատակով միջպետական մեխանիզմները գործարկելու՝ Փաշինյանն զբաղված է ինչով ասես։ Ամիսներ շարունակ նա չի եղել ո՛չ Սյունիքում, ո՛չ Գեղարքունիքի սահմանամերձ համայնքներում, դե իսկ Արցախի մասին խոսելն անիմաստ է։ Ենթադրաբար՝ թշնամի պետության ղեկավարի զգուշացումն այնքան ահեղ է, որ Փաշինյանը սիրտ չի անում խախտել այն։

Դավիթ Սարգսյան