Բոլորի աչքերին արտասուք կար, խոսքեր չունեմ, պատմական պահ էր

Բոլորի աչքերին արտասուք կար, խոսքեր չունեմ, պատմական պահ էր

Կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հուժկու հանրահավաքը, ըստ էության, վկայում էր Արցախի եւ արցախահայության ցասման մասին, Ադրբեջանի լծի տակ ապրելու անհնարինության մասին: Արցախում տիրող իրավիճակի, արցախահայության հետագա անելիքների մասին «Հրապարակը» զրուցել է Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

- Տիկին Հակոբյան, հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած հանրահավաքը, Ձեր գնահատմամբ, ինչի՞ մասին էր, ո՞րն էր բազմահազարանոց այդ ակցիայի ասելիքը:

- Ես կարող եմ խոսել այն ամենի մասին, ինչն էկրաններից այն կողմ տեսանելի չէր: Հուզմունքն աննկարագրելի էր: Այդ հանրահավաքը գենն արթնացնելու, հիշողությունը պահպանելու հանրահավաք էր, գնալ, հիշել անցած ուղին ու գիտակցել, որ հայը միաբան է: Էկրաններից այն կողմ հուզականությունը չէր երեւում, զգացմունքներից խեղդվում էինք: Բոլորի աչքերին արտասուք կար, խոսքեր չունեմ, պատմական պահ էր: Բոլորս գիտակցում էինք, որ հետ կանգնելն այս ամենից անհնար է: Վերջ, մենք առաջ ենք գնալու, իսկ առջեւում ոչինչ չզիջելն է: Երբեմն շատերը փորձում են հայրենասիրությունը վերածել պաթոսի, սակայն դա այդպես չէ: Պարզապես զոհերին` մեր հայրերին ու եղբայրներին, խոստանում ենք` ոչինչ չզիջել:

- Երեկ Արցախում իշխանությունն ու ընդդիմությունը հաշտ-համերաշխ, միաբան ու համակարծիք էին, ինչը Հայաստանում չի հաջողվում: Ինչպե՞ս հաջողվեց համախմբվել:

- «Արդարություն» կուսակցությունը բազմիցս ասել է, որ ողջ խնդիրը պառակտված լինելու մեջ է, օրհասական պահերին միաբան չլինելու եւ այլն: Մենք ատելության աստիճան պառակտված ենք: Դեռեւս գարնանը մեր քաղաքական թիմը որոշում կայացրեց՝ լինել առավել միաբան, զբաղվել ավելի լուրջ խնդիրներով: Իհարկե, մենք միայնակ չէինք, գիտակցում ենք, որ ժողովուրդը եւս ուզում է մեզ համախմբված տեսնել: Երեկ դա ապացուցվեց: Շատերի կարծիքով` դա անհնար կլիներ, զուտ ժամանակի վատնում, սակայն, ինչպես տեսանք, նրանք սխալվեցին: Մենք չենք թաքցնում, որ բոլոր դաշտերում ունենք հակասություն իշխանությունների հետ, բացառությամբ Արցախի հարցի: Երեկվա հանրահավաքի միասնականությունն արտահայտված էր նրանով, որ ոչ թե քաղաքական ուժերն ու նախագահը ժողովրդին առաջնորդեցին, այլ ճիշտ հակառակը` ժողովուրդն առաջնորդեց բոլորիս: Հենց սա է կամքը, հենց սա է ցասումը, եւ միայն այսպես կկարողանանք ելքեր գտնել ու իրավիճակը հաղթահարել:

- Արցախում չկա՞ն ինչ-որ քաղաքական գործիչներ, ովքեր, ամեն դեպքում, չմիացան հանրահավաքին կամ միացան, սակայն՝ վերապահումներով, հեգնելով ընդդիմությանը եւ այլն:

- Նման մարդիկ երեւի թե չեն եղել, հակառակ դեպքում քվեարկության ժամանակ կարտահայտվեին: Բոլոր հարցերում միասնական ենք եղել: Չկար մի պատգամավոր, ով համակարծիք չլիներ: Համենայնդեպս, ինչ-որ կերպ դա չի արտահայտվել: Անգամ կուլիսային խոսակցություններում տարաձայնություններ չեն եղել:

- Նոյեմբերի 5-ին Երեւանում Դիմադրության շարժումը նախատեսել է բողոքի ակցիա իրականացնել: Տպավորություն է, թե հայրենի ընդդիմությունը, Արցախի ակցիայից ոգեշնչված, որոշեց Երեւանում էլ կազմակերպել բողոքի ակցիա: Այս առումով ի՞նչ սպասելիքներ ունեք Հայաստանից:

- Կարեւորն այն է, որ ակցիային մասնակցող յուրաքանչյուր քաղաքացի իրեն շարժման առաջնորդ զգա: Երեկ Արցախում այդպես էր: Պատգամավորներից սկսած, վերջացրած ամենափոքր արցախցին, իրեն առաջնորդ էր համարում: Այ, երբ ցանկացած մարդ հասկանա, որ ինքը պատասխանատու է իր դռան շեմի համար, հավատացեք՝ ամեն բան հաջողվելու է: Պետք է պահանջները հստակ լինեն: Վստահ եմ՝ լավ է լինելու: