«Հյուսիսային տերեւաթափ»․ իշխանական էլիտային «սպանելու» գործը «պայթում է»

«Հյուսիսային տերեւաթափ»․ իշխանական էլիտային «սպանելու» գործը «պայթում է»

Շուրջ երկու տարի է՝ իրավապահները չեն կարողանում փաստերով ապացուցել, որ «Հյուսիսային տերեւափաթ» անվանումը ստացած ենթադրյալ ահաբեկչության գործը պլանավորված էր իշխանության ներկայացուցիչներին սպանելու համար։ Այս գործով 5 անձ կա կալանավորված, 2-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել  տնային կալանքը։ «Հյուսիսային տերևաթափ» անվանումը ստացած այս գործը կառավարության ներկայացուցիչները համեմատում են 1999 թվականի հոկտեմբերի 27-ի գործի հետ: «Հյուսային տերեւաթափ» օպերացիայի մասին իրավապահները հայտարարեցին 2023թ․ նոյեմբերի 2-ին։ Սա մի շրջան էր, երբ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքական ակտիվ զարգացումներ էին։ Ընդդիմադիր որոշ շրջանակներ պնդում են, որ այս գործը քաղաքական նպատակներով կազմակերպված հերթական շոուն է։ Սակայն գործում որեւէ փաստական տվյալ չկա, որ մեղադրյալները ցանկացել են սպանել Նիկոլ Փաշինյանին կամ նրա իշխանության ներկայացուցիչներից որեւէ մեկին։ Ամբաստանյալները չեն ընդունում մեղադրանքը։ Ենթադրյալ ահաբեկչության գործով մեղադրյալներից Աշոտ Մարգարյանի գրպանում ԱԱԾ-ն իբր մի գրություն է հայտնաբերել, վերնագիրը՝ «Հյուսիսային տերեւաթափ», որտեղ գրված է՝ «գրոհ, նահանջ, դարանակալում»։ Ըստ իրավապահների՝  նկարագրված է ահաբեկչության պլանավորում, սակայն Մարգարյանը հարցաքննության ժամանակ պնդել է, թե տեղյակ չէ այդ գրությունից։ Փորձաքննությամբ էլ է ապացուցվել, որ դա Մարգարյանը չի գրել։ 

Ենթադրյալ ահաբեկիչները, ըստ վարույթն իրականացնող մարմնի, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ, սպանեին քաղաքացիական անձի։ Կալանավորված ամբաստանյալներից Վազգեն Ոսկանյանի փաստաբան Զորայր Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նկատում է՝ իրավապահների կողմից հրապարակված ձայնագրությունները բացարձակ համադրելի չեն իրականության հետ։ «Մի խումբ մարդկանց կյանքի տարբեր փուլերի գործողություններին վերաբերող հեռախոսային խոսակցությունները դատախազությունը խառնել է իրար եւ ներկայացրել որպես մեկ միասնական գործողության մաս, ինչն ինքնին խեղաթյուրում է իրականությունը։ Խոսակցությունների իրական բովանդակությունն ու նշանակությունը բացահայտելու ուղղությամբ պաշտպանության կողմն աշխատանքներ է տարել, մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտման փուլի ավարտից հետո պաշտպանության կողմը կներկայացնի բոլոր ապացույցները։ Պարզ կդառնա, որ այդ խոսակցությունները բացարձակ աղերս չունեն որեւէ հանցավոր արարքի կատարման հետ»,- ասաց փաստաբանը։

Վազգեն Ոսկանյանը Որսորդմիության անդամ է, իսկ նրա մոտ հայտնաբերված զենքը, ըստ փաստաբանի, օրինական է, պապերից եկած։ Ոսկանյանի բնակարանից հայտնաբերվել է նաեւ սիրողական ԱԹՍ, որի նկարած պատկերները դատարանը, գործում առկա գրավոր եւ իրեղեն ապացուցների հետազոտման փուլում, ցուցադրեց էկրանով։ ԱԹՍ-ի կրիչի մեջ կիսակառույց շենքի պատկերներ էին, Ոսկանյանն ասել է, որ ԱԹՍ-ն պատկանում է իր եղբորը, իսկ նկարված կիսակառուց շենքը պատկանում է իր ընտանիքին և գտնվում է Արագածոտնի մարզի Աղձք գյուղում։ 
Ոսկանյանի փաստաբանը շեշտում է՝ քրեական գործի ո՛չ փաստական տվյալներում, ո՛չ էլ մեղադրական եզրակացության մեջ չկա, որ այն քաղաքական նպատակներով պլանավորված գործ է, սակայն իշխանությունը նախաքննության փուլում հայտարարեց, որ քաղաքական էլիտայի սպանություն է պլանավորվել։

«Այս քրեական վարույթի շրջանակներում ինձ համար մտահոգիչը նախաքննության փուլում կառավարության նիստի ժամանակ կառավարության անդամների կողմից գնահատականներ հնչեցնելն է առ այն, որ հոկտեմբերի 27-ին համարժեք գործ է բացահայտվել։ Դատավարության տվյալ փուլում, ինչպես նաեւ ներկա փուլում, այդպիսի գնահատականները կարող են կաշկանդել վարույթն իրականացնող մարմնին, հատկապես, որ այդ գնահատականները հնչեցնում են բարձրաստիճան անձինք։ Մեր երկրի փորձն իմանալով՝ այդ մարդկանց կարծիքը կարող է նշանակություն ունենալ վարույթն իրականացնող մարմնի կայացնելիք որոշումների վրա»,- ասաց Զորայր Հարությունյանը։ 
Հիշեցնենք․ գործով մեղադրյալի աթոռին են 5 քաղաքացիներ՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ Քննչական կոմիտեի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության վարած արտաքին և ներքին քաղաքականությանը, 2023 թվականին, նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն: Իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։