Եթե խնդիր ունեք կոնկրետ թատրոնների հետ, փորձեք լուծել, ոչ` փակել

Եթե խնդիր ունեք կոնկրետ թատրոնների հետ, փորձեք լուծել, ոչ` փակել

Հարցազրույց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ


- Պարոն Ղազանչյան, համավարակի այս ընթացքում ինչպե՞ս են թատրոններն իրենց աշխատանքը կազմակերպում, մոտ մեկ ամիս առաջ պարետատունը թույլ տվեց փոքր՝ մինչեւ 10 հոգանոց խմբերով փորձեր անցկացնել, որքանո՞վ է ստացվում ստեղծագործական պրոցեսը վերսկսել։

- Այս համավարակը մեծ հարված հասցրեց նաեւ թատրոնին, բայց կարծես կամաց-կամաց սկսում ենք սովորել այս վիճակին։ Ճիշտ է, մինչ այս առցանց նախագծեր եղան, մենք ներկայացումներ ցուցադրեցինք, բայց թատրոնը մնում է թատրոն, այն կենդանի արվեստ է, եւ առանց հանդիսատեսի հետ կենդանի շփման թատրոն չի կարող լինել։ Ու քանի որ թույլտվությունը կա, սկսել ենք փորձերը։ Ունենք ներկայացում, որ արդեն պատրաստ է պրեմիերայի, դա «Հարդասենյակ կանանց համար» պիեսի բեմադրությունն է, որով պետք է բացեինք «Երվանդ Ղազանչյան թատերասրահ»-ը՝ Պարոնյան թատրոնում, որն ամբողջությամբ թատրոնի ուժերով արվեց, բայց հիմա նպատակահարմար չեմ գտնում այդ ներկայացումը ցուցադրել փոքր թատերասրահում, քանի որ 72 տեղ է, աթոռները շատ մոտ են իրար, եւ հեռավորության վրա կարող է ընդամենը 15-20 մարդ նստել։ Դրա համար որոշեցի այդ ներկայացումը տեղափոխել մեծ բեմ։ Եվ երբ թույլ տան ներկայացումներ խաղալ, այդ ժամանակ էլ կլինի այդ ներկայացման առաջնախաղը։ Բայց զուգահեռ արվում են մի քանի աշխատանքներ, Անուշ Սարգսյանը փորձում է «Բանալի՝ երկուսի համար» կատակերգությունը, որի փորձերը սկսվել էին մինչ համավարակը եւ դադարեցվել։ Ես փորձում եմ Մարո Մադոյան Ալաջաջյանի «Չինացին էլ կարող է հայ լինել» կատակերգությունը, որն Ամերիկայում բնակվող մեր հայրենակիցների կյանքից է, ընդ որում՝ պիեսը գրված է իրական փաստերի հիման վրա։ Դերասանական կազմի հետ շաբաթը 1-2 անգամ փոքր տեսարաններ ենք ընթերցում․ խոսքը Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազարի» մասին է, որը մյուզիքլ է լինելու։ Նաեւ 2 մոնոներկայացում ենք պատրաստում։ Այնպես որ, թատրոնում աշխատանքներն ընթանում են։

- Իսկ ներկայացումների վերսկսման հավանականություն այս պահին կա՞։

- Վերջերս Թատերական գործիչների միությունում արեցինք նախագահության ընդլայնված նիստ եւ դիմեցինք նախարարին՝ խնդրելով, որ միջնորդի պարետատանը, որպեսզի ներկայացումները վերսկսենք։ Ասեմ, որ բավականին լուրջ պարտավորություններ վերցրեց իր վրա Պարոնյան թատրոնը, մենք պարտավորվել ենք ձեռք բերել մի սարք, որի միջով մարդն անցնելով՝ ամբողջովին ախտահանվում է, նաեւ պարտավորվել ենք պահպանել պարետատան կողմից սահմանված բոլոր կանոնները, ախտահանել դահլիճը, բեմը, այնպես վաճառել տոմսերը, որ դահլիճում պահպանվի համապատասխան հեռավորությունը։ Մեր դահլիճը 600 տեղանոց է, եւ մոտավորապես 200 մարդ կարող է դահլիճում գտնվել։ Այս պարտավորությունները նշելով՝ խնդրել ենք թույլ տալ վերսկսել ներկայացումները, եւ այսօրվա փորձերի ընթացքը նշանակում է նաեւ, որ պետք է պատրաստ լինենք, որովհետեւ մի օր այդ թույլտվությունը կլինի։ Նամակն ուղարկված է, հիմա սպասում ենք պատասխանին։

- Այս ընթացքում մշակութային գործիչները բազմիցս բարձրաձայնեցին, որ եթե կարելի է բացել սրճարանները եւ ռեստորանները, ինչո՞ւ չի կարելի հանել թատրոններ ու համերգասրահներ այցելելու արգելքը։ Ինչո՞ւ է պարետատունը մինչ այժմ մշակութային օջախների աշխատանքը ստորադասում մյուս կառույցներից։

- Այդ ընդվզումը տրամաբանական եմ համարում, բայց նաեւ հասկանում եմ, թե ինչու, որովհետեւ մինչեւ թատրոն գալը մարդիկ պետք է հավաքվեն, խմբվեն, ո՞վ է կարգավորելու այդ պրոցեսը, ինչպե՞ս են մարդկանց թողնելու թատրոն, ինչպե՞ս են ճեմասրահից ուղեկցելու հանդիսասրահ։ Դա բավական լուրջ խնդիր է, որը եւս պարտավորվել ենք լուծել։ Կարծում եմ՝ դահլիճները պետք է սկսեն գործել, թատրոնները՝ աշխատել, որովհետեւ մշակութային պարապուրդը ոչ միայն սթրեսային վիճակ է ստեղծում մշակույթի գործիչների մոտ, այլ նաեւ հասարակության մեջ։ Մշակույթի պահանջ միշտ կա, ես կասկած չունեմ, որ այն օրը, երբ թույլտվությունը եղավ, հանդիսատեսն ուղղակի մղվելու է թատերասրահներ։

- Շաբաթներ առաջ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն իր հարցազրույցներից մեկում գնահատական էր տվել թատրոնների աշխատանքին՝ նշելով, որ ճգնաժամը հստակ ցույց տվեց մեր ստեղծագործական խմբերի պոտենցիալը, ստեղծարար ներուժը, թե որ խմբերն են մշակույթի ոլորտի առաջամարտիկները, եւ որոնք են պասիվ, կենսաթոշակառուի, նպաստ ստացողի հոգեբանությամբ առաջնորդվում։ Սրանով, ըստ էության, նա պիտակավորել էր դաշտը, ինչը շատերին զայրացրել էր եւ վիրավորել։

- Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դրանք պահի տակ արված որակումներ էին։ Ավելին՝ գիտեմ, որ փոխնախարարը մի փոքր փոշմանել է, որ այդպիսի արտահայտություններ է արել։ Ես խորհուրդ չէի տա նման պիտակավորումներ անել, որովհետեւ իր մատնանշած թատրոնների հետ կապված՝ բավականին հակափաստեր կան, որ կարելի է նշել, բայց գործընկերության հանգամանքից ելնելով՝ դա չենք ասում։ Այնուամենայնիվ, դրանով հանդերձ, ես ուզում եմ հավատալ, որ Արա Խզմալյանը մեր մարդն է եւ մեր շահերը պաշտպանողն է։ Եվ կարծում եմ՝ ինքն էլ է այդպես մտածում։ Ինչ վերաբերում է թատրոններ փակելու խոսակցություններին, ապա միանշանակ կարող եմ ասել, որ կառավարությունն այդպիսի մտքեր չունի, եւ սա կարող է հատուկենտ անձնավորությունների մտորումների արդյունքը լինել, ոչ ավելին, հատկապես որ հիմա պետությունը զարկ է տվել թատրոնաշինությանը։ Հետո՝ թատրոն փակելն այդքան հեշտ բան չէ, որ վերցնենք ու փակենք։ Նաեւ չեմ կարծում, որ կլինի մարդ մեր մշակութային պատմության մեջ, որ կցանկանա այդ դրոշմն իր վրա կրել։ Վերջերս հեռուստատեսությամբ, մեր ճանաչված հեռուստալրագրողներից մեկը (նկատի ունի Պետրոս Ղազարյանին), որին ոչ մի անգամ ոչ մի թատրոնում ոչ մի պրեմիերայի չենք տեսնում, մի «խելացի» միտք արտահայտեց եթերում, թե շատ չե՞ն թատրոնները։ Ես ուզում եմ նման մտածողություն ունեցող մարդկանց ասել միանգամից՝ թատրոնները շատ չեն լինում, դրանք քիչ են լինում։ Թատրոնը մշակույթի այն տեսակն է, որն իր մեջ ներառում է մշակույթի մնացած բոլոր տեսակները։ Այնտեղ, որտեղ կա թատրոն, կա նաեւ մշակույթ։ Եթե խնդիր ունեք կոնկրետ թատրոնների հետ, փորձեք այդ խնդիրները լուծել, բայց փակելու մասին մի խոսեք։ Նաեւ իմ կոլեգաներին եմ խնդրում՝ այդ թեմայով քիչ խոսել, որովհետեւ ինչքան շատ ենք խոսում դրա մասին, այնքան նշանակում է, որ մենք լուրջ ենք ընդունում այդ բամբասանքները։ Ես դրանք բամբասանքներ եմ որակում, որովհետեւ հաստատ գիտեմ, որ կառավարությունում նման մտադրություն չկա, փոխարենը կարելի է մտածել թատրոնի օրենքի ընդունման եւ շատ այլ խնդիրների մասին, որոնք խոչընդոտում են թատրոնների աշխատանքին։

- Որքանո՞վ է ճիշտ մշակութային օջախների, այս կամ թատրոնների աշխատանքը գնահատել նաեւ սոցցանցային դիտումներով։

- Արդեն ասացի, որ «օնլայն» հասկացությունը թատրոնին հակասող հասկացություն է, հիմա պետք է մեր բուն գործը կատարենք եւ իրագործենք մեր գործի բուն նշանակությունը․ այն է՝ խաղալ բեմում կենդանի հանդիսատեսի համար՝ 20 հոգի կլինի, թե 50՝ կապ չունի, պետք է դերասանն անի իր գործը։ Մենք էլ, շատերի պես, մեկ ամիս շարունակ օնլայն ցուցադրեցինք ներկայացումներ, որոնք մեծ դիտումներ ունեցան, բայց ես դրան կտրականապես դեմ էի եւ ինքս առաջարկեցի մեկ ամիս անց դադարեցնել, որովհետեւ ներկայացումը որքան էլ լավ նկարահանված լինի, կտա լավագույն դեպքում ներկայացման տպավորության 10-15 տոկոսը։ Էլ չեմ ասում, որ ցուցադրվող ներկայացումների մեծ մասը մի կամերայով շատ վատ նկարահանված ներկայացումներ են։ Եթե կուզեք իմանալ՝ դրանք հակաթատրոն են, դրանով մենք թատրոնի բուն էությունն ենք վարկաբեկում, ներկայացումն ենք փչացնում։ Կարծում եմ՝ հոկտեմբերի կեսերից հնարավոր կլինի թատրոնների դռները բացել, ինչը նորմալ է, կարեւորը՝ մենք իմանանք, որ այդ թույլտվությունը կլինի, որովհետեւ այնպես չէ, որ թույլտվությունը եղավ, մենք հաջորդ օրվանից կսկսենք խաղալ։ Պետք է հազար ու մի աշխատանք տարվի՝ տոմսերի վաճառքից մինչեւ այն, թե ինչպես ենք հանդիսատեսին ուղեկցելու հանդիսասրահ, իսկ այդ ամենը պետք է համաձայնեցնենք պարետատան հետ, որը մեծ աշխատանք է։

- Հնարավո՞ր է տոմսերի գները թանկանան, քանի որ սահմանափակ թվով հանդիսատես կկարողանա ներկա գտնվել դահլիճում։

- Հնարավոր է, բայց չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ կլինեն։ Ի դեպ, Պարոնյան թատրոնը պատրաստակամ է՝ այն թատրոնները, ովքեր չեն կարողանա այդ ծախսերը եւ պահանջները կատարել, կարող են մեր բեմում խաղալ ներկայացումներ՝ վարձակալության գումար չվերցնելով մեր կոլեգաներից։ Մեզ ընդամենը պետք է, որ հանդիսասրահի դռները բացվեն։

- Մտավախություն չկա՞, որ համավարակով պայմանավորված՝ պետությունը կարող է վերանայել թատրոններին հատկացվող բյուջեն։

- Բյուջեի կրճատումներ վերջին տարիներին միշտ եղել են՝ 10-20 տոկոսով, այնպես որ՝ դա նորություն չէ, բյուջեի որոշ խմբագրումներ կարելի է հասկանալ, չնայած դերասանները տարիներ շարունակ գրոշներով են աշխատում, եւ չեմ կարծում, որ կարելի է դրա մասին անգամ մտածել։ Օրինակ, Պարոնյան թատրոնը 5-րդ տարին է՝ պետությունից ոչ մի դրամ չի խնդրել, ոչ թե չի ստացել, այլ չի խնդրել։ Մենք մեր գլուխը պահել ենք եւ ավելին՝ հոնորարներ ենք տվել հրավիրված կոմպոզիտորի, ռեժիսորի, բեմադրական ծախսերն ենք արել, մեկնել ենք հյուրախաղերի, փառատոների։ Այդ բոլորը մենք ենք արել մեր աշխատած գումարներով։ Ի դեպ, Պարոնյան թատրոնը մարտի 10-ի դրությամբ կատարել է կիսամյակի իր բոլոր պլանները, այսինքն՝ մեր թատրոնը միշտ առաջ է ընկել թե՛ ֆինանսական, թե՛ հանդիսատեսի ցուցանիշներով։ Ու երբ թատրոնները սկսեն նորմալ աշխատել, վիճակներս  կթեթեւանա։ Կարելի է բյուջեի մի հատված էլի դնել թատրոնների վրա, մենք դա կհասկանանք, ինչպես որ հասկանում ենք, թե ինչ է տեղի ունենում հիմա։