Կնոջ կոչումն, իհարկե, մայրությունն է, բայց մայրությանը որպես ֆենոմեն պետք է մոտենալ գրագետ կերպով

Կնոջ կոչումն, իհարկե, մայրությունն է, բայց մայրությանը որպես ֆենոմեն պետք է մոտենալ գրագետ կերպով

Ինչպես ընդունված է ասել, կնոջ կոչումը մայրությունն է։ Սակայն այն որքան էլ բերկրալի իրողություն լինի, սակայն միաժամանակ նաեւ կնոջ կյանքում, ըստ մասնագետների, համարվում է ամենաբարդ եւ կարեւոր շրջաններից մեկը, հատկապես, եթե առաջին անգամ է կինը մայրանալու։ Մասնագետները նշում են, որ այդ բարդ ու կարեւոր շրջանը ընդգրկում է երկու հիմնական ենթափուլ՝ հղիության շրջան եւ երեխայի ծնունդ եւ երեխայի կյանքի առաջին տարի։

Այն մի շրջան է, երբ կանայք ունենում են ամենատարբեր մտքեր եւ զգացողություններ, երբեմն գտնվում են շփոթմունքի մեջ, եւ այս ամենը բնական է, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում նրանց մոտ տեղեկատության արտակարգ մեծ հոսք է սովորաբար լինում, ինչպես մասնգիտական գրականությունից վերցված, սեփական ուսումնասիրությունների հիման վրա քաղած, այնպես էլ մասնագետ բժշկի կողմից ու փորձառություն ունեցող հարազատ-բարեկամ կանանց կողմից տրված խորհուրդների ու ցուցումների տեսքով։

Ընդ որում, հաճախ է լինում, որ այդ խորհուրդների ողջ ծավալի մեջ, լինեն նաեւ այնպիսիք, որոնք հակասեն միմյանց, ինչն ավելի շատ է բարդացնում իր կյանքի ամենաբարդ ու կարեւոր շրջաններից մեկում գտնվող կնոջ վիճակը։ Այս ամենից խուսափելու համար, կարեւոր է, որպեսզի կինը մշտապես խորհրդակցի բժշկի հետ, կարդա եւ ուսումնասիրի մասնագիտական՝ երաշխավորված գրականություն, եւ հարցերի դեպքում էլ, նրան հավելյալ պարզաբանումներ տան մասնագետները։

Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ իր կյանքի ամենաբարդ ու կարեւոր ժամանակներից մեկում գտնվելիս կինը չի դառնում միայն զուտ հոգեբանական եւ բժշկական օբյեկտ, այլ շարունակում է լինելով մարդ, ապրել իր լիարյուն կյանքով, եւ հետեւաբար, խորհրդատվությունը պետք է իրականացվի այս նուրբ բայց կարեւոր հանգամանքը հաշվի առնելով։

Չէ, որ մոր վիճակը ուղղակիորեն ազդում է պտղի վիճակի վրա եւ այն բանի վրա, թե ինչպես է զարգանում իր ներարգանդային կյանքում մանկիկը։ Չէ որ հենց մոր միջոցով են նրա մոտ ձեւավորվում էմոցիաները, աշխարհի հետ փոխազդման միջոցները, որոնք նա տիրապետելու է իր հետագա ողջ կյանքի ընթացքում։ Սիրելի կանայք, նաեւ հիշեք, որ հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո, առաջին տարվա ընթացքում ձեր մոտ փոխվում է, կարելի է ասել, ամեն բան։ Փոխվում եք առաջին հերթին հենց դուք ու ողջ աշխարհը, աշխարհի եւ կյանքի հանդեպ ձեր ընկալումներն ու հայացքները։ Դա նախ եւ առաջ արտահայտվում է թեկուզ նրանով, որ երեխայի լույս աշխարհ գալուց հետո, դուք փոխում եք ձեր պլանները, շատ բաներ հետաձգում, մինչեւ երեխան մի փոքր մեծանա։ Մի խոսքով, դուք սկսում եք ապրել, ինչպես բոլորովին նոր աշխարհում։ Մասնագետները այդ ժամանակահատվածը, հղիության հետ ներառյալ, հաշվում են երկու տարի եւ համարում, որ այդ ժամանակ է, որ կնոջ մեջ ծնվում է մայրը եւ մանկան հետ շարունակում աճել ու զարգանալ։ Ուստի այս ամենին պետք է վերաբերվել չափազանց լուրջ ու գրագետ կերպով։

Հասմիկ Վիրաբյան