Եվրոպայում ծաղկում է փողոցային առևտուրը

Եվրոպայում ծաղկում է փողոցային առևտուրը

Մինչ Երեւանում քաղաքային իշխանությունները պայքարում կամ փորձում են պայքարել փողոցային առեւտրի դեմ՝ առեւտրականներին «վռնդելով» մայթերից ու փորձելով նմանվել «քաղաքակիրթ Եվրոպային», Եվրոպայի ամենազարգացած քաղաքներից մեկում՝ Փարիզում, բառիս բուն իմաստով ծաղկում է փողոցային առեւտուրը։ Ծաղկեցնողն էլ «սեւերն են»՝ աֆրիկյան երկրներից Ֆրանսիա տեղափոխված տարբեր ազգությունների սեւամորթներ։ Նրանք, բառի բուն իմաստով, ուղղակի գրավել են Փարիզի մայթերն ու փողոցները՝ ամեն քայլափոխի վաճառելով փարիզյան թեմատիկայով տարատեսակ հուշանվերվեր, բացիկներ, նաեւ ուտելիք եւ ոչ միայն։ Իսկ, ահա, Էյֆելյան աշտարակի շուրջբոլորը՝ աշտարակի գրեթե տակ ու մարդկանց ոտքի տակ, ամեն երկու մետրը մեկ մի սեւամորթի կարելի է հանդիպել, որը գետնին փռած փոքրիկ ստվարաթղթի վրա Էյֆելյան աշտարակի մակետով հուշանվերներ է շարել ու վաճառում։

Տեսարանը, մեղմ ասած, տպավորիչ չէ՝ խղճուկ հագուկապով սեւամորթներ, որոնք անձրեւին ու ցրտին կանգնած՝ հուշանվեր են վաճառում՝ անցնող-դարձողին «էստի համեցեք» անելով։ Նույն հուշանվերներից կարելի է հանդիպել նաեւ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում, օրինակ՝ Շանզ Էլիզեում, բայց մի քանի եվրո ավելի բարձր գնով։ Իսկ աշտարակի կողքի մայթերին սեւամորթները դրանք վաճառում են գրեթե ջրի գնով, եթե, իհարկե, 5 եվրոն հայկական փոխարժեքով ջրի գին է։ Ի դեպ, որքանով հասկացանք, հարկային մարմիններն այս անձանց չեն էլ «նեղացնում»՝ թողնում են ազատ ծավալեն իրենց գործունեությունը, եթե կարելի է դա այդպես անվանել։ Իսկ մեզանում, ով գիտի՝ այդ մարդկանց վաղուց արդեն մտցրել էին հարկային դաշտ, պարտադրել փողոցում դարսած իրենց «սեղանիկների» վրա ՀԴՄ դնել ու զբոսաշրջիկներին պարտադիր ՀԴՄ կտրոն տրամադրել, որ հանկարծ ստվերում չմնան։ Իրականում, սա խնդիր է, որը երկու երես ունի՝ ամբողջ աշխարհում այն ընդունված երեւույթ է, եւ միայն Երեւանում են փորձում պայքարել փողոցային առեւտրի դեմ այն լոզունգներով ու տրամաբանությամբ, ասես Հայաստանը քաղաքակրթության բնօրրան դարձնելուն հենց միայն փողոցային առեւտուրն է խագարում։ Իսկ, ահա, տրանսպորտի, վերելակների, փողոցների ու քաղաքի մաքրության խնդիրները, որոնք դժվար է հանդիպել «հետամնաց» Եվրոպայի քաղաքներում, մեզանում շատ սուր են եւ քաղաքակրթության հետ ոչ մի կապ չունեն։