Ինչ ռազմական հեղաշրջում

Ինչ ռազմական հեղաշրջում

Հայաստանի Մտավորականների Ֆորումի Ավագանին հայտարարություն էր տարածել, որում այսօրվա իրավիճակը իր բովանդակությամբ, ծավալներով և հետևանքներով համեմատելի է համարում 1918-1921թթ․ «ազգային  անկումների  և հայրենիքի տարածքները թշնամուն զիջելու տխուր սովորույթի հետ»։ ՀՄՖԱ ստորագրության տակ դրված են ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի, ակադեմիկոս Լենսեր Աղալովյանի, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալեքսանդր Մանասյանի, փիլիսոփա Վարդան Խաչատրյանի, պաշտոնաթող գնդապետ Գառնիկ Մարգարյանի, ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազատ Սարգսյանի, Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության վարչապետ Արամ Մկրտչյանի ստորագրությունները։ Նրանք ողջունել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը և վստահ են, որ Հայոց Բանակը ժողովրդի հետ է, ինչպես ժողովուրդն է բանակի հետ՝ «սա հայոց Բանակի և ժողովրդի միասնականության ևս մի փայլուն ապացույց է»:

«Հրապարակը» զրուցել է Արման Նավասարդյանի հետ։

- Պարոն Նավասարդյան, Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առաջ էր փորձում կանգնեցնել նախագահ Արմեն Սարգսյանին՝ պահանջելով, որ ստորագրի Օնիկ Գասպարյանի հրամանը։

- Ես մի քիչ այլ կերպ են մոտենում, ես ելնում եմ այն իրավիճակից՝ միջազգային հարաբերությունների, որի առաջ հիմա մենք կանգնած ենք։ Սա է ամենամեծ խնդիրը․ թուրքական քաղաքականություն, ադրբեջանական։ Այս իշխանության երկար մնալուց ես արդեն սկսում եմ վախենալ մեր պետության գոյության համար։ Թե չէ այնտեղ Պողոսն է, Պետրոսը, ինձ  համար նշանակություն չունի։

- Զավեշտ չե՞ք համարում, որ միջպետական սկանդալի տեղիք տված «Իսկանդերի» այս պատմությունից հետո, Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը՝ Մանե Գևորգյանը գրել է, որ Նիկոլ Փաշինյանին սխալ են զեկուցել։ Եթե հիշում եք՝ 2018 թվականին նա ինքն էր Սերժ Սարգսյանին ասում՝ Ձեզ սխալ են զեկուցում։

- Հիմա կարող է՝ ինձ էլ ասեն՝ Մարսից մի հատ քար ընկավ, ես պետք է հավատա՞մ։ Ոչ։ Ես կարող եմ բացատրել պատճառահետևանքային կապը։ Տեսեք․ «Իսկանդերից» առաջ սկսվեց հակառուսական ուժեղ արշավ՝ սցենարի առաջին ակտը։ Դրանից հետո նա ասաց՝ «Իսկանդեր»։ Ի՞նչ է նշանակում՝ պայթել է, չի պայթել։ «Իսկանդերը» չեն կրակել։ Այսինքն՝ սա  իր էությամբ հարված էր Ռուսաստանին, ռուս-հայկական հարաբերություններին։ Թե ինչ է նկատի ունեցել՝ դրան գնալով  պետք է իրեն հարցնել։ Բայց լավ իմանալով այդ զենքի ողջ էությունը և այդ զենքի՝ միջազգային հարաբերություններում խաղացող դերն ու նշաակությունը ՌԴ և՛ իմիջի, և՛ տնտեսական շահերի առկայության տեսակետից, Փաշինյանը սարսափելի մեծ հարված է հասցրել։

- Գիտակցվա՞ծ, թե ոչ։

-Ես ասացի, թե դրանից առաջ ինչ եղավ, հետո ինչ է եղել։ Երկու բան կա․ եթե ինքը չի իմացել, վատ է շատ, իսկ եթե իմացել է ու դիտավորյալ է արել, արդեն հանցագործության հասնող բան է։ Գիտեք՝ եթե տալիս մարդուն սպանում են, ասում է՝ առանց հասկանալու սպանեցի, դա չի ազատում պատժից։ Այնպես որ, Մանեն թող էդ հեքիաթները իր տատիկին պատմի։ Եվ դրանից հետո եղավ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը։ Եվ այն, որ ասում է՝ հեղաշրջում, հերթական տրյուկն է։ Ու եթե «Իսկանդերի» հաշվով կարելի դեռ կասկածներ ունենալ՝ իմացե՞լ է, չի իմացել, անմեղսունակ է  եղել, թե չէ, չի իմանում՝ քանի տոկոս են կրակում, սա դեռ հարցի մի կողմն է։ Բայց սա առանց որևէ հիմքի ներկայացնել որպես ռազմական հեղաշրջում, համարում եմ քաղաքական շահարկում։ Ի՞նչ է նշանակում՝ հեղաշրջում։ Հեղաշրջման անգամ հեռավոր նշույլ չկա։

Տեսեք, թե իր այդ հայտարարությունից հետո ինչ ստացվեց։ Աշխարհի բոլոր պետությունները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը, ԵՄ-ն միաձայն ասացին, որ հեղաշրջում չէ։ Բոլորը, բացի Թուրքիայից ու Ադրբջանից՝ Չավուշօղլու, դրանից հետո նախագահի։ Եթե քաղաքական վերլուծության ենթարկես, սա հայտարարություն է, որի մեջ թաքնված կամ անթաքույց սպառնալիք կա։ Այնտեղ մի բառ կա՝ «վճռական» կերպով առարկում են։ Դա նման է, որ Թուրքիան արդեն իրեն իր վարդագույն երազներում պատկերացնում է Հայաստանի տեր ու տիրակալ։ Եվ մի կողմից վրդովվում է, որ նման բան է եղել, մյուս կողմից կարգի է հրավիրում։ Եվ երրորդ՝ ամենակարևորը չի ուզում, որ այս իշխանությունները գնան, որովհետև դա ձեռնտու չէ իր գծած պլաններին։ Իսկ դրանք որո՞նք են։ Ճանապարհ, միջանցք, իբրև թե ապաշրջափակում։

Հիմա գանք Ադրբեջանին։ Երկու պահ կա, որի վրա ուշադրություն դարձնենք։ Առաջինն այն է, որ իբրև թե ցավակցում է, որ Հայաստանը գահավիժում է անդունդ՝ շնորհիվ իշխանությունների։ Լավ, ասենք, արդեն այդքան է «սիրում» Հայաստանը, որ մտածում է էդ բաների մասին։ Եվ երկրորդ՝ ասում է՝ իսկ ես լսել եմ, որ այնտեղ ուզում են բանակը վերափոխել, բարեփոխել կառուցվածքը։ Ասում ա՝ իսկ ինչո՞ւ են ուզում անել։ Չէ՞ որ խաղաղություն է արդեն։ Մենք Պուտինի հետ խոսել ենք, որ պատերազմը վերջացած է։  Ասում է՝ իսկ ինչո՞ւ են անում, կարո՞ղ է պատահի ռևանշ են ուզում։ Իր խոսքերն են։ Եվ ավելացնում է՝ եթե նման բան լինի, մենք նրանց բռունցք ցույց կտանք։ Այնքան են լկտիացել, որ ուզում են Հայաստանում այն ձևի լինի, ոնց որ իրենք են ուզում։ Բանակում։

- Այսինքն՝ Փաշինյանը Թուրքիային ու Ադրբեջանին այստե՞ղ է բերում։

- Ես նման կոպիտ արտահայտություններ թույլ չեմ տալիս, բայց որ այսօր Փաշինյանի վարած քաղաքականությունը ձեռ է տալիս Թուրքիային ու Ադրբեջանին, դա փաստ է։ Սա վերաբերում է ճանապարհներին։ Փաշինյանի կառավարությունը, հանձին որոշ մինիստրների՝ դա ողջունում է։ Նույնիսկ՝ ասում են, որ լավ կլինի, խաղաղություն կլինի, մենք կհարստանանք։ Իսկ եթե հարստացանք, նրանց ցույց կտանք։ Իսկ ես մեկ միլիոն անգամ ասել եմ, ու ասում եմ միլիոնումեկերորդ անգամ․ Մեղրիով այդ գնացքի  ճանապարհը, ուզում է լինի՝ գնացք, ավտոճանապարհ, ուզում է լինի գազ, եթե անցնում է մեր ճանապարհով, նշանակում է Հայաստանի շրջափակում, որը մտնում է Թուրքիայի պանթյուրքիստական դարավոր երազանքների ամենակարևոր տասնյակի մեջ։