Վանոն հիմա վերադառնում է իր ծննդավայր ու մեր ամոթն է, որ այսպես վերադարձավ

Վանոն հիմա վերադառնում է իր ծննդավայր ու մեր ամոթն է, որ այսպես վերադարձավ

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը գրող, հրապարակախոս, Ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Վանո Սիրադեղյանի հուղարկավորության ժամանակ ունեցած խոսքում հայտարարեց, թե պետական, քաղաքական գործչին Կոթիում հուղարկավորելը իրենց որոշումն էր։ Այսինքն՝ ընկերների, համախոհների, ընտանիքի։

«Մենք հիմա Վանոյին հողին պիտի հանձնենք։Ես կարծում եմ՝ մեր որոշումն է, որ Վանոն պիտի հանգչի իր ծննդավայրում և ասեմ ինչի, որովհետև Վանոյի նման մարդիկ, այդքան տաղանդավոր, այդքան անսովոր, այդքան եզակի, նրանք չէին կարող չմտածել, որ իրենց մահից հետ նորից շարունակում են իրենց ծառայությունը։ Ու Վանոն, հասկանալի է, ամբողջ հայ ժողովրդինն է։ Բայց մեկ է՝ ինչպես մարդն ունի անուն-ազգանուն, մարդն ունի նաև ծննդավայր, ու էս առումով քանի որ Վանոն գիտակից կյանքը հանգամանքների բերումով գյուղից դուրս էր, հիմա վերադառնում է իր ծննդավայր։ Սա մեր ամոթն է։ Ոչ թե որ վերադառնում է, այլ որ այսպես վերադարձավ։ Սա մեր եղբոր նկատմամբ մեր ուրացումն ա։ Իմ ուրացումն է, իմ անուժությունն է»,-ասաց Աշոտ Բլեյանը։

Հիշեցնենք, որ Հայ Ազգային Կոնգրեսը պահանջել էր, որ Վանո Սիրադեղյանը հուղարկավորվի Կոմիտասի անվան պանթեոնում, սակայն իշխանությունների կողմից անհասկանալի պաուզայից հետո, նրա դուստրը՝ Արփի Սիրադեղյանը հայտարարեց, որ Վանո Սիրադեղյանը կհուղարկավորվի ծննդավայրում։