ՎՏԲ բանկին «Թեղուտի» պարտքի մի մասը մարված է

ՎՏԲ բանկին «Թեղուտի» պարտքի մի մասը մարված է

Անցյալ տարվանից Թեղուտի հանքում վերակազմակերպումներ են, որոնց արդյունքը վերջապես սկսեց երեւալ։ Ամառվանից գործարանն աշխատում է 24-ժամյա ռեժիմով եւ նույնիսկ կարողացել է փակել նախկին տիրոջից՝ «Վալեքս գրուպ»-ից մնացած 380 մլն դոլար պարտքի մի մասը։
Մեր տվյալներով, որոնք ստացել ենք «Թեղուտ» ՓԲԸ անձնակազմին մոտ աղբյուրից, կոմբինատի նոր ղեկավարությունը ՎՏԲ բանկին կարողացել է այս ընթացքում վերադարձնել 15 մլն դոլար։ Այս տեղեկությունը ձեռնարկությունից չեն մեկնաբանում։  

Հիշեցնենք, որ ՎՏԲ բանկը պարտքի դիմաց վերցրել էր Ալավերդու «Թեղուտ» ձեռնարկությունը եւ դրա կառավարումը 2018 թվականին հանձնել ռուսաստանյան հայտնի РМК (Русская медная компания) ընկերությանը։

Կոմբինատի նոր տնօրենն էլ պետք է լիներ «Нефтегазстрой» ընկերության համահիմնադիր, ծագումով Աբովյան քաղաքից Նորիկ Պետրոսյանը, ում իր հովանու տակ է վերցրել ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը։ Պետրոսյանի անունն իր ելույթներից մեկում տվել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանը 2018 թվականին, ԱԺ ընտրություններից առաջ, նախընտրական քարոզարշավի ընթացքում Ալավերդի քաղաքում ելույթի ժամանակ ասել էր, որ ռուսաստանաբնակ գործարար Նորիկ Պետրոսյանը խոստացել է հնարավորինս արագ աշխատեցնել հանքավայրը՝ «շատ ավելի մեծ աշխատատեղերի թվով»։ Պետրոսյանն անցյալ տարի հավաքել էր գործարանի բանվորներին, խոստումներ տվել։

Սակայն հետագայում ՎՏԲ-ն ցանկացավ իր ներկայացուցիչն ունենալ ձեռնարկությունում, եւ այս որոշումից հետո Նորիկ Պետրոսյանը զգալիորեն պասիվացավ։ Նրա եւ հանքի տիրոջ միջեւ բանակցություններն այնպես չընթացան, ինչպես ենթադրվում էր։ Կոմբինատի աշխատողները պատմում են, որ այժմ նա հազվադեպ է երեւում գործարանում։ «Հիմնականում ռուսաստաններում է»,- ասաց մեր զրուցակիցը։

Այսօր «Թեղուտի» ղեկավարությունը բաժանված է երկու թեւի՝ ռուսական եւ հայկական։ Գլխավոր տնօրենը Վլադիմիր Նալիվայկոն է, իսկ ընկերության գործադիր տնօրենը՝ Կարեն Ղազարյանը։ Ինչպես Հայաստանում աշխատող շատ ռուսական ձեռնարկություններում, այստեղ էլ ռուսաստանցի անձնակազմը շատ ավելի բարձր վարձատրություն է ստանում, քան հայ աշխատակիցները։ Այս երկու թիմերի միջեւ պայքար է ընթանում։

«Նորիկ Պետրոսյանը եղել է եւ հիմա էլ մնում է դիտորդ խորհրդի նախագահ»,- ասաց «Թեղուտ» ձեռնարկության խոսնակ Մարինա Թունյանը։ Նա հայտնեց, որ 2019 թվականի մարտի 29-ից «Թեղուտ» ՓԲԸ-ում նշանակվել է նոր ղեկավարություն՝ «հարստացուցիչ կոմբինատի վերագործարկման նախապատրաստական աշխատանքների եւ շահագործման իրականացման նպատակով»: «Այդ պահի դրությամբ ընկերության աշխատակիցների թիվը կազմում էր 304 մարդ: 2019 թվականի մայիսի 4-ին «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանի եւ ՀՀ Լոռու մարզի Շնող խոշորացված համայնքի (Շնող, Թեղուտ, Քարկոփ) ավագանու եւ բնակիչների միջեւ կայացած գործնական հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որի համաձայն՝ ընկերությունն աշխատակիցների ընտրության գործընթացում համապատասխան որակավորման եւ փորձի առկայության դեպքում առաջնահերթություն է տալու Շնող խոշորացված համայնքի (Շնող, Թեղուտ, Քարկոփ) բնակչությանը: Նախկինում պարապուրդի մատնված գործարանն այսօր արդեն ունի 987 աշխատակից, որից 405 աշխատակից (41%) Շնող խոշորացված համայնքի բնակիչներն են, իսկ Լոռու մարզի բնակիչ աշխատակիցների թիվը կազմում է 908 մարդ (91,9 %)»:

ՎՏԲ բանկի կողմից պահանջ է դրվել Նորիկ Պետրոսյանի առաջ, որ նա ներդրում կատարի, սակայն մինչ օրս որեւէ լումա «Թեղուտում» չի ներդրել, թեեւ նախկինում խոստանում էր 100 մլն դոլար ներդնել։ Մեր այս տեղեկությունը խոսնակը թողեց առանց մեկնաբանության։

Փոխարենը հաստատեց, որ կոմբինատը վերագործարկվել է անհամեմատ ավելի քիչ գումարով, քան հաշվարկվել էր ի սկզբանե, սակայն որեւէ թիվ չնշեց։ «Թեղուտ» ՓԲԸ-ին մոտ աղբյուրը վստահեցնում է, որ «Թեղուտը» վերագործարկվել է ընդամենը 9 մլն դոլարով, որից 3 մլն դոլարը եղել է ձեռնարկության հաշիվների վրա, իսկ 6 մլն դոլարը ստացվել է մոլիբդենի պահեստավորված պաշարները վաճառելու արդյունքում։ Կրճատվել է նաեւ թափոնների քանակը։
Նորիկ Պետրոսյանին նույնպես զանգահարեցինք։ Նա այդ պահին Մոսկվայում էր։ Նրան հարցրինք, թե ինքը որեւէ ներդրում  կատարե՞լ է Թեղուտւմ։ «Իհարկե, իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ կատարե՞լ եմ, թե՞ ոչ»,- հարցին հարցով պատասխանեց Նորիկ Պետրոսյանը։ Ճի՞շտ է, որ «Թեղուտն» արդեն 15 մլն դոլար վերադարձրել է «Վալեքս գրուպի» թողած պարտքերից։ «Հիմա դա լա՞վ նորություն է, թե՞ վատ»,- կրկին հարցով պատասխանեց Պետրոսյանը, այնուհետ ասաց, որ խորհրդակցության է, եւ մեզ հետ զրույցը վտանգավոր է, քանի որ կարող է հանրայնացվել։

Այժմ գործարանի ղեկավարությունը սպասում է պատվերի կայունության ուսումնասիրման արդյունքներին։ Հետազոտական միջոցառումների իրականացման համար պայմանագիր է ստորագրվել բուլղարական ընկերության հետ, որը սկսել է հետազոտություններ իրականացնել սեպտեմբերից։ Ըստ «Թեղուտի» խոսնակ Մարինա Թունյանի, բուլղարացի մասնագետների եզրակացությունը պատրաստ կլինի 2020 թվականի մարտի 1-ին։ Դրանից հետո կորոշվի Թեղուտի ճակատագիրը՝ այն նոր սեփականատե՞ր կունենա, թե՞ բանկը կշարունակի տնօրինել։