Մի գործիչ կար, որ օդում կախված լուրեր էր հաղորդում, ու ոչ մեկը ՀՔԾ չէր հրավիրում

Մի գործիչ կար, որ օդում կախված լուրեր էր հաղորդում, ու ոչ մեկը ՀՔԾ չէր հրավիրում

Մենք երեկ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը մեր թերթին տված հարցազրույցից հետո («Միայն մանկամիտը կարող էր մտածել, որ նախագահը Սերգոյին նման հանձնարարություն կտար» վերտառությամբ) հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ բացատրություն տալու հարցազրույցում արտահայտած այն մտքերի կապակցությամբ, որտեղ կասկած է հայտնել նախաքննության օրինականության հետ կապված։ Մասնավորապես,  պահանջել են բացատրել, թե ինչու է հարցազրույց տվել՝ «ի՞նչ եք նկատի ունեցել, երբ ասել եք…» հարցադրումներով։

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին՝ Նիկոյանն ասել էր․ «Շատ-շատերին, որ հրավիրել են ՀՔԾ, ինչ-որ գործով է անցել, նպատակը մեկն է եղել, որ որեւիցե մեկը որեւիցե ձեւով Սերժ Սարգսյանի անունը տա, որ իրենք կարողանան քրեական գործ հարուցել։ Հետաքրքիրն ինչ է․ տարիուկես պեղեցին, պեղեցին, պրպտեցին, ու, էն որ ասում է՝ «Լեռը երկնեց եւ մուկ ծնեց», սա է՝ գտան, որ, ըստ իրենց, Սերժ Սարգսյանն առաջարկել է կամ հանձնարարել, որ մրցույթն ինչ-որ մեկին տան եւ այլն։ Նախ՝ Սերգո Կարապետյանը Սերժ Սարգսյանի ո՛չ ընկերն էր, ո՛չ մտերիմը, ո՛չ բարեկամը։ «Օրինաց երկրից» առաջադրված նախարար էր, եւ նրանց անձնական մտերմությունն այն չէր, որ եթե ինքն ուզենար, որ այս մրցույթն այդ ընկերությունը շահեր, նրան հանձարարեր։ Եթե նա ուզենար, որ դա այդպես լինի, էնքան մարդիկ կային, որ Սերգոյին կհանձնարարեին, եւ Սերգոն կաներ։ Եվ Սերժ Սարգսյանը չէ, որ պետք է Սերգոյին ինչ-որ բան հանձնարարեր»։

Երեկ մենք զրուցեցինք Սամվել Նիկոյանի հետ։

- Պարոն Նիկոյան, Դուք կարո՞ղ էիք պատկերացնել, որ քաղաքական մեկնաբանությունների համար Ձեզ կարող են հրավիրել ՀՔԾ։

- Գիտեք, մարդը, որը զբաղվում է քաղաքական գործունեությամբ, տեսականորեն ամեն ինչն էլ պետք է հնարավոր համարի։ Ամեն ինչին շատ սովորական եմ նայում․ դուք՝ լրագրողներդ, արել եք ձեր աշխատանքը, ես քաղաքական գործիչ եմ՝ արել եմ իմ աշխատանքը, ՀՔԾ-ն էլ ցանկացել է իր աշխատանքն անի։ Այնպես որ, էսպես… զարմանալու, զայրանալու ոչինչ չեմ տեսնում այդտեղ։ Ես շարունակելու եմ իմ քաղաքական գործունեությունն այնպես, ինչպես գտնում եմ հարմար եւ արդյունավետ, իրենք էլ թող շարունակեն հրավիրել։ 

- Ձեզ ՀՔԾ ծանուցումո՞վ էին հրավիրել։

- Ամեն ինչը եղել է օրենքի շրջանակում, հրավիրել են ծանուցումով, ես փաստաբանի հետ գնացել եմ եւ որեւիցե արտառոց բան չեմ տեսնում։ Իրենք կատարում են, ըստ իրենց, իրենց աշխատանքը։ Խնդիրներ պարզաբանելն է՝ թող պարզաբանեն։ 

- Գործը Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքի հետ կապված նախաքննության շրջանակներում էր, չէ՞։

- Այո: Եվ հետո՝ դա արդեն անցած թեմա է, արդիական թեմա չէ, որ նորից անդրադառնամ։ Միայն կասեմ՝ շատ լավ է, եթե խոսք ես ասում, պետք է ուշադրության արժանանաս։

- Պարոն Նիկոյան, իսկ ինչպե՞ս եք հիշում՝ Ձեր իշխանության ժամանակ քաղաքական հարցազրույցների համար իրավապահները հրավիրում, բացատրություններ պահանջո՞ւմ էին։

- Եթե հիշում եք՝ նախկինում կար քաղաքական գործիչ, որ ամեն ինչ ասում էր՝ ցանկացած տիպի մեղադրանք, վիրավորանք, ստահոդ լուրեր՝ սկզբից նշելով, որ «ըստ օդում կախված լուրերի», եւ որեւիցե մեկը ո՛չ ՀՔԾ-ից, ո՛չ ԱԱԾ-ից երբեք իրեն թույլ չի տվել նրան կամ որեւիցե մեկին հրավիրել ու հարցադրումներ անել։