Այսօր ԳԽ պատգամավորները հավաքվում են, հավաքը չի լուսաբանվելու

Այսօր ԳԽ պատգամավորները հավաքվում են, հավաքը չի լուսաբանվելու

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Վայոց ձորի նախկին մարզպետ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը օրերս հայտարարեց Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Հայաստանն ու Արցախը փրկելու համար իր կողմից նախաձեռնված նոր շարժման մասին, որը կոչվելու է «Անկախություն»։ Այն պետք է մեկնարկի 2022 թվականի օգոստոսի 23-ին՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրը և պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը։ «Ամենաուշը Սեպտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է լինի Հայաստանի վարչապետ»,- ասել է Էդգար Ղազարյանը եւ դիմել առաջին գումարման խորհրդարանի՝ Գերագույն խորհրդի պատգամավորներին, որոնք և ընդունել են Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը։

Իմաստն այն է, որ այս անձանց ընդունած Անկախության հռչակագրից Հայաստանը հեռացել է եւ Հռչակագրի դրույթները մեզանում չեն գործում, ուստի այն ընդունած անձինք պետք է միավորվեն եւ ոտքի կանգնեն։

Ղազարյանի նախաձեռնությամբ, այսօր եւս հավաք է նախատեսված՝ նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու համար, որպեսզի օգոստոսի 23-ի հավաքի կլոր սեղանի շուրջ հավաքվեն բոլոր ԳԽ պատգամավորները և քննարկեն Հայաստանի ու Արցախի ճակատագիրը: Այսօր էլ մենք տեղեկացանք, որ Ղազարյանը հանդիպում է նախատեսել 

Գերագույն խորհրդի պատգամավոր Սեյրան Ավագյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն ևս հրավիրել են այսօրվա հանդիպմանը. «Այսօր ինձ ևս հրավիրել են այդ հանդիպմանը, պետք է գնամ և ըստ այդմ՝ կհասկանամ, մանրամասներին տեղյակ չեմ: Կգնամ, կհասկանամ ինչի մասին է խոսքը, եթե կկարողանամ՝ օգտակար կլինեմ», - ասաց նա: Այն հարցին, թե երկրում ծառացած բազում խնդիրները, հանձնվող տարածքներն ինչ-որ առումով չե՞ն նպաստել, որ վճռական լինի այդ որոշումը՝ միանշանակ, Ավագյանն ընդգծեց. «Սա այլ հարց է: Բարդ հարց: Եկեք առաջ չընկնենք: Կմասնակցենք այսօրվա հանդիպմանը և կհասկանանք, թե ԳԽ առաջին գումարման պատգամավորներն ինչով կարող են օգտակար լինել: Մենք այսօր կքննարկենք բոլոր այդ հարցերը»,- ասում է մեր զրուցակիցը: 

Էդգար Ղազարյանից հետաքրքրվեցինք՝ ովքեր են մասնակցելու այսօր, ժամը 18։00-ին կազմակերպվող հանդիպմանը եւ կոնկրետ ինչ հարցեր կան օրակարգում։ «Հանդիպմանը ներկա են լինելու «Գերագույն խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահության անդամներ, կազմակերպության մի շարք այլ անդամներ։ Այսինքն՝ խոսքը ոչ թե Գերագույն խորհդի նախագահության անդամների մասին է, այլ հենց ՀԿ նախագահության անդամների։ Այս հանդիպումը կրելու է բացառապես կազմակերպչական աշխատանքային բնույթ»,- նշեց նա։

ՀԳ Մենք մտադիր էինք նույնպես գնալ եւ լուսաբանել այս հանդիպումը, սակայն նախաձեռնողը՝ Էդգար Ղազարյանն ասաց, որ հանդիպումը լուսաբանման ենթակա չէ։