Հանքավանում ուզում են մոլիբդենի հանք շահագործել
Ծաղկաձոր համայնքի ավագանու երեկվա նիստում քննարկվում էր տա՞լ համաձայնություն «Մեղրաձոր ԳՈԼԴ» ՍՊԸ-ին Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական տարածքի մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելու համար: Նիստին մասնակցում էին ՀԿ ներկայացուցիչներ, բնապահպաններ, Հանքավան, Արտավազ, Մեղրաձոր համայնքների բնակիչները:
«Մեղրաձոր ԳՈԼԴ» ՍՊԸ-ի շահերը ներկայացնող Իգիթ Հակոբյանը ներկայացրեց, թե ինչ է պատրաստում անել «Մեղրաձոր ԳՈԼԴ» ՍՊԸ-ն. «Հանքավանում առկա է պղնձի եւ մոլիբդենի հարուստ հանքավայր: Տվյալ հանքարդյունաբերության ճյուղը զարգացնելու նպատակով մենք դիմեցինք համայնքապետարան, եւ տեղի ունեցավ հասարակական լսում` դրական եզրակացությամբ: Հիմա ներկայացված է ավագանու նիստին՝ տալ նախնական համաձայնությունը գործունեության իրականացման վերաբերյալ, որին կհաջորդի կազմակերպության կողմից պետական լիազոր մարմնի՝ շրջակա միջավայրի նախարարության ազդեցության փորձաքննությունը եւ գնահատումը: Մեր հիմավորումները հետեւյալն են՝ հանքարդյունաբերությունը համարվում է Հայաստանի գերակա ուղղություններից մեկը: Բնակչության զբաղվածության խնդիր կա, բնակաբար, դրական եզրակացություն ստանալու դեպքում կիրականացնենք պղնձի եւ մոլիբդենի արտահանում, որի արդյունքում նախատեսվում է բացել 1200 եւ ավելի աշխատատեղեր»: «Մեղրաձոր ԳՈԼԴ» ՍՊԸ-ի ներկայացուցիչները նշում էին, որ Հանքավանում ընդամենը 40 տնտեսություն կա, եւ քանի որ գնում գյուղը դատարկվում է, այդ իսկ պատճառով հանքի շահագործումը կխթանի նաեւ տնտեսությունների ավելացմանը. «Ինչ կապ ունի 40 տնտեսություն է ապրում, թե 140: Եթե հանքավայրը 60-կական թվականներին հետազոտվել է, ու արգելվել է դրա շահագործումը, հիմա եթե մենք բացում ենք, ի՞նչ է լինելու Ծաղկաձոր եւ Հրազդան քաղաքի բնակիչների վիճակը»,-ասաց ավագանու անդամ Արմեն Ասատրյանը:
Բնապահպաններն էլ իրենց հերթին պնդում էին, որ տվյալ հատվածում կա անատառածածկ տարածք եւ հանքի շահագործումը վտնագավոր է ջրային ռեսուրսների համար. «Նույն սցենարը փորձում են կրկնել հիմա էլ Հանքավանում: Մենք արդեն ունենք Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայր, Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայր, Լոռու մարզում, որի շահագործման արդյունքում տեսանելի են ահռելի վտանգները թե՛ բնապահպանական, թե՛ առողջակահական առումով»:
Նկատեցինք, որ քննարկմանը ներկա էին նաեւ «Մեղրաձոր ԳՈԼԴ» ՍՊԸ-ի աշխատակիցներ, որոնք բնականաբար դրական էին արտահայտվում հանքի շահագործման մասին, իսկ բնակիչներից շատերի կարծիքով՝ հանքի շահագործումը ուղղակի աղետ կլինի ձորի բնակչության եւ բնության համար:
Մեկ ժամ եւ ավելի տեւած թեժ քննարկման արդյունքում 5 դեմ, 3 ձեռնապահ ձայներով ավագանին համաձայնություն չտվեց Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայրի վարչական տարածքի մոլիբդենի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ իրականացնելուն: Քննարկումը այնքան թեժ էր, որ ավագանու նիստից հետո քաղաքացիները բաժանավել էին ճամբարների եւ դրսում շարունակում էին քննարկել հարցը:
Հիշեցնենք, որ դեռեւս 2022 թվականի գարնանը «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) նախագիծ է ներկայացրել՝ ընդերքօգտագործման իրավունքը երկարացնելու նպատակով: 2022թ. հուլիսի 27-ին Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի նախագծին: Չնայած դրան, «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն դատական կարգով երկարացրեց ընդերքօգտագործման իրավունքը մինչեւ 2040թ. մայիսի 1-ը: Մամուլը գրեց, որ «Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։ «Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։
Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։
Կարծիքներ