Անավարտ զրույցներ-2

Անավարտ զրույցներ-2


Նվիրվում է Վազգեն Սարգսյանի մահվան 20-րդ տարելիցին

Եռաբլուր այցելելիս պարտադիր մոտենում եմ նաեւ զորավարի հուշարձանին, նույնիսկ հաճախ առաջինը նրան եմ այցելում, հետո՝ քեզ: Երբեմն զուգահեռներ եմ անցկացնում: Դու ավելի բախտավոր ես: Մահվանիցդ հետո դու անմիջապես քո շիրիմն ունեցար հպարտ Եռաբլուրում, իսկ Անդրանիկի աճյունը դեգերելով միայն այստեղ հասավ: Նա իր ամբողջ կյանքը նվիրեց արեւմտահայոց  պաշտպանության գործին, բայց դառնաղետ արդյունքներով հեռացավ իր բնօրրանից: Իսկ դու հասցրիր տեսնել  Արցախի ազատագրումն  ու ճաշակել հաղթանակի բերկրանքը: Անդրանիկն Արեւմտահայաստանի անկախության երազներով էլ կնքեց իր մահկանացուն, իսկ դու տեսար անկախ Հայաստանն ու եղար նրա հաղթական բանակի կերտողներից մեկը: Անդրանիկը տեսավ իր հայրենիքի հայաթափումը, դու՝ Հայաստանի մաքրազօծումն օտար շնչից: Նրա մասին իմ սերունդը գիտի գրքերով ու մեր պապերի պատմածներով: Քո մասին շատերս գիտենք անձնական շփումներից: Անդրանիկն ունի մի առավելություն քո համեմատ: Նա ամբողջությամբ լեգենդ է, իսկ դու դեռեւս լեգենդ դառնալու ճանապարհին ես:

Կասկած չկա, որ քեզ եւս սպասում է նույն ճակատագիրը: Իհարկե, դեռեւս սերունդ պետք է փոխվի, ու ժամանակի հեռվից ավելի մեծ կերեւա կատարածիդ հաշվեկշիռը: Վերջերս կարդացի, որ Անդրանիկի նախընտրելի պատիժներից մեկն ապտակելն էր: Չէի սպասում: Ճիշտը որ խոսենք, տասնամյակների ընթացքում այդ պատիժը հղկվել ու վերանվանվել է ապտակ: Իրականում՝ դա շատ տարածված ծեծն է: Ու ինչքա՜ն բան կա, որ դեռ չգիտենք զորավարի մասին: Որ իմանանք էլ, Անդրանիկը մնալու է մեծություն. շատ արեւմտահայերի, այդ թվում իմ պապերին, Ռուսահայաստանի սահման են ուղեկցել Անդրանիկի զինվորները: Քանի-քանիսին են նրանք երկրորդ կյանք պարգեւել: Անդրանիկն իմ պապերի ու ծնողների չգերազանցված հերոսն է: Նրա հոգին, հավանաբար, այսօր էլ  դեռ շրջում է  հայրենի դատարկ շեներում: Առանց հերոսի ոգեկոչման անհնարին է պապերի երկրի մասին երազելը, էլ ուր մնաց՝ երբեւէ վերադարձը: Քեզ սպանեց նենգ գնդակը, Անդրանիկին սպանեցին հոգեպես: Հայաստանին հանգիստ թողնելու համար Թուրքիայի պահանջներից մեկը Անդրանիկին ու նրա զորքը զինաթափելն էր:

Դա Հայաստանն անատամ դարձնելու հրեշավոր միջոց էր: Ո՞նց կարող էր զորավարը չնեղանալ ու չխռովել այն գործիչներից, ովքեր պատրաստ էին օր առաջ կատարել թուրքերի պահանջը: Անդրանիկի զինական ուժը ցրելուց հետո Թուրքիան ինչպե՞ս կարող էր չօգտվել այդ իրավիճակից: Իրեն պաշտպանել չկարողացող Հայաստանը մի՞թե հարմար ավար չպիտի դառնար բարեկամացած Թուրքիայի ու Ռուսաստանի միջեւ: Այդ ամենից քաղելիք ամենակարեւոր դասը սեփական բանակն  աչքի լույսի պես պահելու հրամայականն է:

Չես հարցնում՝ ինչո՞ւ եմ առաջինը մոտենում զորավարին: Ինձ թվում է՝  նա տխուր է ու մենակ: Փորձում եմ մեղմել նրա տխրությունը: Հա՛, մենություն եմ զգում նրա հայացքից: Եռաբլուրում դու մենակ չես՝ տղերքը կողքիդ են: Բայց զորավարի  թիկունքը դատարկ է: Մեն-մի Սոսե մայրիկ չի լցնում այդ դատարկությունը: Եռաբլուրում զորավարին վերահուղարկավորելու գաղափարը քոնն էր: Նույնիսկ արծվատիպ հուշաքարն էիր մտահղացել: Բայց ի՞նչ իմանայիր, որ դու ավելի վաղ կհանգրվանես այնտեղ, ու հենց այդպիսի մի հուշաքար էլ քե՛զ բաժին կհասնի: Հուղարկավորությանդ օրը բազմությանը տեղ չկար: Շիրմափոսի մոտ հավաքվածները բահերը մի կողմ շպրտեցին ու սկսեցին ձեռքով՝ ափ-ափ հողը լցնել: Մեկը մյուսին էին փոխարինում՝ զինվորներ, զինակից ընկերներ, համագյուղացիներ: Շատերը հերթի մեջ էին, ու հերթը չէր հասնում: Մարդիկ եկել էին ճանապարհելու իրենց ժամանակակցին, նորօրյա ազատամարտի ամենափառահեղ հերոսին, իրենց հույսն ու հավատը վերականգնած դաշինքի սյուներից մեկին: Ոճրագործությունը ծնել էր հզոր ցասում ու ավելի էր խտացրել մարդկանց հույզերը: Ցավը պարուրել էր բոլորիս: Ամիսներ անց այդ նույն տեսարանը դարձյալ կրկնվեց:

Այս անգամ հողին էինք հանձնում Ֆրանսիայից տեղափոխած մեծ զորավարի աճյունը: Կրկին մարդաշատ էր Եռաբլուրը: Մի խումբ երիտասարդներ դարձյալ բահերը մի կողմ դրեցին ու սկսեցին հողը ձեռքով լցնել: Հետո կամաց-կամաց նվազեց ձեռքերի թիվը: Սկսեցին հողը լցնել բահերով: Եղավ մի պահ, երբ  բահերը գետնին էին, ու մի քանի վայրկյան մարդ չէր մոտենում: Չեմ կարող ասել՝ վայրկյաններ էին, թե րոպեներ, բայց դրանք  ինձ թվացին շատ երկար: Ես ասես ժամանակի մեջ վերուվար էի անում. միտս եկավ քո հուղարկավորությունը, ապա գնացի մի քանի տասնամյակ ետ ու պատկերացրի, թե ինչ կլիներ, եթե  այդտեղ լինեին զորավարի զինվորները: Նրանք էլ հողը  բուռ-բուռ կլցնեին ու մատներով կհարդարեին հողաթումբը: Մեղքի զգացում ունեցա, որ նրա զինվորները ներկա չեղան արարողությանը, ու այն փոքր-ինչ անշուք էր քո հուղարկավորության համեմատ:

Հիմա հասկացա՞ր ինչու եմ առաջինը նրա շիրմին ծաղիկ դնում: Դու ընկերս ես՝ կսպասես: Իսկ զորավարին մեծարում եմ պապերիս փոխարեն, նրանց սպասեցնել չեմ կարող: Դու բլրի գրեթե բոլոր  ննջածներին գիտես ու ամեն օր նրանց հետ զրուցել կարող ես: Իսկ զորավարն էլ, որ յուրայիններին, ասենք՝ ինչո՞ւ միայն յուրայիններին,  նրանց  նժույգներին անգամ գիտեր անուն առ անուն, ո՜նց է հիմա կարոտում: Զորավարի զինվորների շիրիմները սփռված են աշխարհով մեկ, ուր հայ ու եկեղեցի կա: Բայց քանի՜ քանիսը շիրմատեղ էլ չունեցան: Չէ՛, դու իրոք ավելի բախտավոր ես:

Երեկ վերընթերցեցի գիրքդ՝ «Հացի փորձությունը»: Երեւի դրա համար այսօրվա զրույցը զորավարի մասին ստացվեց: Կարդում էի ու  չէի ուզում, որ  վերջանար: Պատմում էիր ու պատմում, ու ես աչքերիս առաջ տեսնում էի որդեկորույս Լեւոն Աղային, որ Անդրանիկ զորավարին հյուր է ընդունում, թաքցնելով որդու մահը՝ հոգեհացը վերածելով ուրախության հացի: Բայց առավել զարմանալին այն է, որ ասես սեփական մահդ նկարագրած լինես զոհվածի մասին գրելիս. «Մի հարյուր անգամ մահը ժպտացել ու աչքով անելով անցել էր կողքից: Ժպտացել ու անցել էր, որ արյունից ու կռվից հեռու, իր գյուղի աղբյուրի շրթին բռնացներ: Մահն էլ… դեմ առ դեմ դուրս գալու ռիսկը չէր ունեցել, թիկունքից էր վրա տվել ու շրջվելու անգամ, զարմանալու անգամ ժամանակ չէր տվել իգիթին»: Հուղարկավորելիս «բուռ-բուռ լցրին գերեզմանափոսը»:

Ամեն մարդ աշխարհում իր դարդուցավն  ունի: Ու ամեն մարդ ինչ-որ պահի անզորությունից ու անորոշությունից նեղսրտած հերոսներիցդ մեկի պես հարցնելու է. «Լավ, բա մեր վերջը ո՞նց է լինելու»: Լեւոն Աղան՝ իր իսկ բակի որձաքարի պես ճաք տված, բայց դեռ կանգուն Լեւոն Աղան, սերունդների խտացված փորձով մի՛ բանաձեւ գիտեր. «Անդրանիկ զորավարին, հայրենիքին զորք է հարկավոր»:
 

  Շարունակելի

  Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ