Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

Ստեփանակերտում կկառուցվի ֆրանկոֆոնիայի կենտրոն

Արցախի եւ Ֆրանսիայի համագործակցությունը լրացվել է գործնական եւս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում Պոլ Էլուար ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագիր է ստորագրվել։ Այս մասին Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամների հանդիպմանն ասել է «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը։

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Ֆրանսիայից ժամանած պատվիրակությանը, որի կազմում են «Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի անդամներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ Հայ Դատի Ֆրանսիայի գրասենյակի պատասխանատուն: Պատվիրակությանն Արցախում ուղեկցում է Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:

Խոսելով Արցախի եւ Ֆրանսիայի համագործակցության մասին՝ խորհրդարանի ղեկավարն այն գնահատել է որպես հաջողված եւ օրինակելի բարեկամություն, որի նշաձողը տարեցտարի բարձրանում է: Աշոտ Ղուլյանն անդրադարձել է նաեւ Արցախի ու Ֆրանսիայի քույր քաղաքների եւ գյուղերի համագործակցությանը եւ գործընթացում ծագած խոչընդոտներին:

«Ֆրանսիա-Արցախ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբուլանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ համագործակցությունն այսօր լրացվել է գործնական եւս մեկ քայլով՝ ԱՀ կրթության, գիտության եւ սպորտի նախարարության հետ Ստեփանակերտում Պոլ Էլուար ֆրանկոֆոնիայի կենտրոնի կառուցման վերաբերյալ հուշագրի ստորագրմամբ: Նա նաեւ հույս է հայտնել, որ Ֆրանսիայի մյուս քաղաքները եւս կմիանան Արցախի քաղաքների հետ համագործակցության հուշագրերի ստորագրմանը:

Ֆրանսիայի Առնուվիլ եւ Բուրգ լե Վալանսի քաղաքապետեր Պասկալ Դոլը եւ Մարլեն Մուրիեն, խոսելով այս տարի հունիսի 11-ին Գրենոբլի վարչական դատարանի կողմից չեղարկված Ֆրանսիայի եւ Արցախի քաղաքների միջեւ համագործակցության հռչակագրերի մասին՝ նշել են, որ հետեւողական են լինելու անհարթությունները վերացնելու գործում:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել ֆրանկոֆոնիայի միջոցով Արցախը ճանաչելի դարձնելու, քույր քաղաքների միջեւ նպատակային համագործակցությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացին վերաբերող թեմաների շուրջ:

Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Արցախ-Ֆրանսիա» բարեկամության շրջանակի անդամ ԱԺ պատգամավորներ: