Ինչու է ձերբակալվել Արսեն Բաբայանը

Ինչու է ձերբակալվել Արսեն Բաբայանը

ԱԺ «անկախ» պատգամավոր Արման Բաբաջանյանն անգնահատելի ծառայություններ է մատուցում իշխանություններին՝ նրա դիմումի համաձայն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ։ Եւ նախաքննություն է ընթանում։ Քիչ առաջ տարածած հաղորդագրությամբ ՀՔԾ-ն հաղորդում է, որ «հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնատար անձինք ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից լիազորությունները վայր դնելու գործընթացում, խմբային շահերից ելնելով, անձամբ, ինչպես նաև պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակիցների միջոցով կատարել են պաշտոնեական կեղծիքներ»: Եւ այդ կեղծիքը կատարել է ոչ այլ ոք, քան ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը։
Թողնենք այն, որ Արսեն Բաբայանի գլխին կային ԱԺ նախագահ, ԱԺ աշխատակազմի ղեկավար։ Թողնենք անգամ այն, որ արդյոք իրավաչա՞փ է պաշտոնական կեղծիքի համար մարդուն ձերբակալելը։ Թողնենք նաեւ այն, որ Հրայր Թովմասյանի հողի վրա արդեն շիզոֆրենիայի կոլեկտիվ բռնկման հետ, փաստորեն, գործ ունենք եւ հենց այս գործընթացներից խուսափելու համար էր ԱԱԾ նախկին պետը հրաժարական տալիս։
Ավելի ուշագրավ նրբերանգներ կան այս գործում։ Մեր աղբյուրն ասում է, որ Արսեն Բաբայանի ձեբակալությունը հնարավոր է դարձել ԱԺ աշխատակազմի  աշխատակիցներից մեկի մեկ ցուցմունքի հիման վրա, ինչպես ՀՔԾ-ն է ասում՝ «պաշտոնատար անձ չհանդիսացող աշխատակցի»՝ մի կնոջ, ով չդիմանալով ճնշումներին ցուցմունք է տվել, որ ինչ որ գործողություն է կատարել Արսեն Բաբայանի բանավոր ցուցումի հիման վրա։ Թեեւ գործողությունն էլ դժվար է հանցանք կոչելը՝ ընդամենը ինչ որ դիմում մուտքագրելու մասին է խոսքը։
Բայց եթե վերհիշենք, որ Բաբայանը Հրայր Թովմասյանի մտերիմ ընկերն է եւ բարձրաձայն հայտարարել է այդ մասին։ Նա նաեւ իրավաբանական գրասենյակ ունի եւ այժմ ակտիվորեն պաշտպանում է ԱԺ աշխատակազմի նախկին աշխատակիցների շահերը։ Իսկ վերջին շրջանում ներկայացնում է Հանրապետական ստադիոնի մոտ գտնվող ծաղկի մեծածախ շուկայի աշխատակիցների շահերը, որոնց ոստիկանության 6-րդ վարչությունը բերման էր ենթարկել եւ ծեծել,ստիպելով ցուցմունքներ տալ Արթուր Վանեցյանի դեմ, թե՝ նրան ամեն ամիս «նալոգ» ենք տվել։