Անահիտ Ավանեսյանը զայրացած է` ընկերուհին վատ խորհրդատու է
Առողջապահության նախարարությունում արշալույսները խաղաղ չեն: Պարզվում է՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խնդիրներ ունի իր թիմակիցների հետ։ Մեր տեղեկություններով, այնքան էլ լավ չեն նախարարի ու նրա երբեմնի մտերիմ ընկերուհու՝ նախարարության աշխատակազմի ղեկավար Վարդուհի Գրիգորյանի հարաբերությունները։ Ավանեսյանը սկսել է չվստահել Վարդուհի Գրիգորյանին՝ մեղադրելով նրան գերատեսչության անհաջողություններում, մասնավորապես դատարաններում կրած վերջին աղմկահարույց պարտությունների համար։
Բանն այն է, որ առողջապահության նախարարությունում վերջին ազատումների հարցում Ավանեսյանի գլխավոր խորհրդատուն Վարդուհի Գրիգորյանն է եղել։
Մասնավորապես ԱՆ պետական առողջապահական գործակալության պետին ու Թոքաբանության կենտրոնի տնօրենին աշխատանքից ազատելու գործընթացները կազմակերպել է հենց Գրիգորյանը։ Ավանեսյանի ու Գրիգորյանի մտերմությունն, ի դեպ, սկսվել է վաղուց՝ մինչև Ավանեսյանի նախարար նշանակվելը, այն ժամանակից, երբ Անահիտ Ավանեսյանը տնօրեն է աշխատել իր մայրիկին պատկանող «Արֆարմացիա» դեղագործական ընկերությունում, իսկ Վարդուհի Գրիգորյանն աշխատել է նախարարության դեղերի վարչությունում։ 2018 թվականին դեղերի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակվելուց հետո Ավանեսյանի ու Գրիգորյանի մտերմությունն ավելի է սերտացել։
Այդ մտերմությունն է պատճառ դարձել, որ նախարար նշանակվելուց հետո Ավանեսյանը Գրիգորյանին վստահել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Աշխատակազմի ղեկավար նշանակվելուց որոշ ժամանակ հետո Վարդուհի Գրիգորյանի ախորժակն այնքան է մեծացել, որ ընկերուհուն խնդրել է վերեւներում միջնորդել, որ իրեն նախարարի տեղակալ նշանակեն։ Ավանեսյանը մտադիր է եղել Փաշինյանին ներկայացնել նրա թեկնածությունը, որը սակայն կանխել է փոխնախարարներից մեկը։
Նախարարությունում լուրեր են պտտվում, թե վերջերս նշանակված մեկ այլ փոխնախարարի՝ Արմեն Գասպարյանին նախարարություն են գործուղել «վերեւներից»։ Սակայն մեզ հասած տեղեկություններով, այդ լուրերի տարածման, ինչպես նաև Արմեն Գասպարյանին փոխնախարար նշանակելու մտքի հեղինակը հենց Անահիտ Ավանեսյանն է։ Իրականությունն այն է, որ սրանով Ավանեսյանը Վարդուհի Գրիգորյանի` փոխնախարար դառնալու երազանքներն ի չիք է դարձրել։
Մենք փորձեցինք պարզաբանում ստանալ անձամբ Վարդուհի Գրիգորյանից։
- Տիկին Գրիգորյան, ճի՞շտ է, որ Դուք փոխնախարար դառնալու ցանկություն ունեք, Ձեզ նման առաջարկ արվե՞լ է, կամ եթե արվի՝ կընդունե՞ք։
- Հարցը վերաբերում է նախարարության գործունեությանը, մեր մամուլի խոսնակի հետ հարցերը համաձայնեցրեք, հետո կխոսենք։
- Հարցը Ձեզ է ուղղված, մամուլի խոսնակին հարցնենքն, թե` տիկին Գրիգորյանը փոխնախարար դառնալու ցանկություն ունի՞, այս հարցը նախարարության գործունեությանը չի վերաբերում, խոսքը բացառապես Ձեր ցանկությունների մասին է։
- Ես նախարարությունում հանդիսանում եմ գլխավոր քարտուղար եւ Ձեր հարցը չգիտեմ, թե որտեղից է առաջացել։
Կարծիքներ