«Հրապարակ»․ Կոսմետիկ մեյքափ»՝ արցախցիների բնակապահովման ծրագրում

Արցախցիների բնակապահովման ծրագիրը չաշխատեց, եւ կառավարությունը հաստատեց նոր՝ փոփոխված տարբերակը, ավելի ճիշտ՝ ոչ թե փոփոխված, այլ՝ թեթեւակի խմբագրված։
Այն, որ ծրագիրը չէր աշխատելու, պարզ էր դեռ ներդրման պահին՝ 2024 թ. հունիսին։ Այն ժամանակ բազմաթիվ արցախցիներ սկսեցին բողոքել, որ չափազանց կոշտ պայմաններ են դրված, ծրագիրը ձեռնտու չէ։ Իշխանությունը, որ շռայլորեն վատնում է ՀՀ պետբյուջեի գումարները` իր կուսակիցների պարգեւավճարների, բարձր աշխատավարձերի, թանկարժեք ավտոմեքենաներ ձեռք բերելու համար, խիստ ժլատ է արցախցիների հանդեպ։ Օրինակ՝ մարդը, որն ուներ թեկուզ ինչ-որ անօգտագործելի գույք՝ ասենք, ոչ բերրի հողակտոր՝ մի հեռավոր չոլում, կամ իր հոր տնից բաժին` 1/10-ի չափով, չէր կարող օգտվել ծրագրից։ Միայնակները, ովքեր չունեին ընտանիքի անդամներ, բնականաբար, պետության տված 3 մլն դրամով չէին կարող բնակարան ձեռք բերել։ 2-3 անդամ ունենալն էլ հաճախ չէր փրկում իրավիճակը, քանի որ գումարները խիստ ցածր էին։
ՀՀ պատմության մեջ պետական սոցիալական այս` ի սկզբանե մեռելածին ծրագրից օգտվելու համար շատ քիչ դիմումներ եղան։ 5-6 ամսում մոտ 1000 դիմում է ներկայացվել, որից բավարարվել է 30-ը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է, որ այսօր տրամադրվել է հավաստագիր 633 ընտանիքի։ Մինչդեռ կառավարությունը մտադիր էր, ծախսելով 1,5-2 մլրդ դոլար, բնակարանով ապահովել 25 հազար ընտանիքի։ Թվում է՝ թվերի պարզ համադրությունը պետք է ստիպեր էապես փոփոխել ծրագիրը, գումարների չափերը, վերանայել պայմանները։ Սակայն սա տեղի չունեցավ։ Գործադիրը կոսմետիկ շտկում է կատարել։ «Մասնավորապես` 1 անձի գծով տրվող աջակցության չափի եւ առանձին՝ ավելի բարձր աջակցությամբ բնակավայրերի ցանկերի մասով»։ Սա նշանակում է, որ գրեթե 3 անգամ ավելացել է այն համայնքների թիվը, որտեղ անշարժ գույք ձեռք բերելու համար կառավարությունը 1 անձին 4 մլն դրամ է տրամադրելու։ Նախկին 148 բնակավայրի փոխարեն հիմա ցանկում 443 բնակավայր է ներառված։ Այլ փոփոխություններ էլ կան։ Օրինակ, ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակմակերեսը կարող է լինել 9 քմ, ոչ թե 12, ինչպես նախկինում էր, կամ` եթե շահառուն ուզում է տուն կառուցել, ապա մակերեսի սահմանափակում չի դրվում, եւ նախկին 3 մլն-ի փոխարեն ընտանիքի ամեն անդամին տրամադրվում է մինչեւ 4 մլն դրամ։ 2024 թ. մայիսի 16-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ձեւակերպված հիպոթեք ունեցողները եւս կարող են դիմել հիպոթեքի համար, բայց յուրաքանչյուր անդամ՝ 3 մլն դրամի չափով եւ այլն։
Արցախցիների խնդիրներով զբաղվող հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանն արդեն իր հայրենակիցներից հարցեր է ստանում։ Նա ուսումնասիրել է փոփոխությունները եւ պարզել, որ նոր ընդունված որոշմամբ 1 մլն դրամով ավելանում է միայն 295 բնակավայրում տուն ձեռք բերելու չափաբաժինը` դառնալով մեկ անձի համար 4 մլն դրամ։ «Այս բնակավայրերում բնակվում է տեղահանվածների միայն 30 տոկոսը։ +10 տոկոս՝ հավանական ավելացում ներքին տեղաշարժի արդյունքում։ Ստացվում է, որ ծրագրով բարելավում է կատարվում առավելագույնը 40 տոկոսի համար»,- գրում է նա։ Բռնի տեղահանվածների 15 տոկոսը, ըստ Լիանա Պետրոսյանի, ունի բնակարան կամ տուն Երեւանում կամ հարակից տարածքներում։ Մնում են 45 տոկոս տեղահանվածները, որոնց այս փոփոխությունը չի վերաբերում։ «Հրապարակի» հետ զրույցում նա նշեց․ «Ոչ թե անձին տրվող չափաբաժինն է փոխվել, այլ՝ ըստ ընտրած բնակավայրի, որը բարելավում է 30 տոկոսի համար»։ Օրինակ, եթե մարդն ուզում է բնակվել ոչ թե հեռավոր սահմանին, այլ, ասենք, Արարատում, Ապարանում, նրա համար ինչ-որ բան փոխվե՞լ է։ «Եթե տվյալ բնակավայրը ներառված չէ հավելվածներում, ապա ոչ՝ ամեն անձին 3 մլն է տրվում։ 1 մլն-ով ավելի՝ 4 մլն է տրվելու Թալին քաղաքում, Արմավիր քաղաքում բնակվելու համար, Գավառն ու Վարդենիսն են ավելացել, Սեւանը, Լոռու մարզում՝ Ալավերդին, Վանաձորը, Ախթալա քաղաքը եւ գյուղը, Տաշիրը, Թումանյանը, Ստեփանավանը, Կոտայքում` Հրազդանը։ Այստեղ միայն մի քանի քաղաք է, որտեղ բնակվելու համար 4 մլն են տալիս՝ Լեռնանիստը, Հրազդանը, Ջրառատ, Շողակ եւ Քաղսի գյուղերը։ Շիրակում ավելացել են Գյումրին, Արթիկը, Մարալիկը, Ախուրյանը։ Սյունիքում Մեղրին է, Սիսիանը, Ագարակը, Քաջարանը»։
Լիանա Պետրոսյանն ընդգծում է, որ մինչեւ 3 անդամ ունեցող ընտանիքների հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ «Համադրելով անշարժ գույքի շուկայում առկա գների հետ՝ հնարավոր չէ տրամադրվող գումարներով գույք ձեռք բերել, որ մարդիկ բնակարանի տեր դառնան։ Խոսվել է սոցիալական բնակարաններ տրամադրելու մասին, ինչի մեկնարկն այդպես էլ լիարժեք չի տրվել»։ Պետրոսյանի կանխատեսմամբ, փոփոխությունը լավագույն դեպքում կվերաբերի բռնի տեղահանվածների կեսին։ Բազային գումարի ընդհանուր վերանայում` անկախ բնակավայրերից, որը պահանջում են արցախցիները, այդպես էլ տեղի չունեցավ։
Կարծիքներ