Վանաձորի ղեկավարն առաջադրվելու է համայնքապետի պաշտոնի համար, ճնշման փորձեր չի նկատել 

Վանաձորի ղեկավարն առաջադրվելու է համայնքապետի պաշտոնի համար, ճնշման փորձեր չի նկատել 

Հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո իմքայլական մարզպետները սկսել են հրաժարականների պահանջներ դնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չաջակցած գյուղապետերի, համայնքապետերի առաջ։

Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, ով պաշտոնում ընտրվել է ավագանու կողմից 2016 թվականի հոկտեմբերի 2-ին` փակ գաղտնի քվեարկությամբ, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ իր հանդեպ որևէ ճնշման փորձ չի նկատել իմքայլականների կողմից։

Ասլանյանը պաշտոնը ստանձնել է 2016-ի հոկտեմբերի 10-ին և առաջադրվել էր Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից։ ՀՀԿ-ն մինչև 2018 թվականը գործադիր իշխանության էր Հայաստանում ու մեծամասնություն էր կազմում խոհրդարանում։ 2021-ի արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն հանդես եկավ Արթուր Վանեցյանի գլխավորած «Հայրենիք» կուսակցության հետ` «Պատիվ ունեմ» դաշինքով, որը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, նոր ձևավորվելիք Ազգային ժողովում կունենա 7 մանդատ։ Սակայն «Հայաստան» (Ռոբերտ Քոչարյան), «Պատիվ ունեմ» (Արթուր Վանեցյան) դաշինքները, «Զարթոնք» (Արա Զոհրաբյան) և «Հայոց հայրենիք» (Արտակ Գալստյան) կուսակցությունները դիմել են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները, և սրանով կարող է իրավիճակ փոխվել` կապված ԱԺ կազմի հետ։ 

«Ինձ ոչ մեկը ոչ մի պահանջ չի ներկայացրել», - ասաց Մամիկոն Ասլանյանը՝ պատասխանելով հարցին, թե իրեն Լոռու մարզպետի կողմից ներկայացվե՞լ է հրաժարական տալու պահանջ։

ՀՀԿ-ական համայնքապետի խոսքերով՝ իր ուղղությամբ ճնշման փորձեր չեն եղել։ «Իմ ուղղությամբ՝ չէ։ Չեմ նկատել, իմ ուղղությամբ չի եղել կոնկրետ ոչ մի բան»։  

Ասլանյանը հաստատակամորեն պատրաստվում է մասնակցել աշնանը Վանաձորում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և առաջադրվել համայնքապետի պաշտոնում։ Սակայն դեռևս չասաց, թե որ կուսակցությունով է հնարավոր համարում իր առաջադրումը։ «Մասնակցելու եմ, բայց դեռ ֆորմատը չեմ որոշել», - եզրափակեց Վանաձորի ղեկավարը։

Վանաձորի համայնքապետն ընտրվում է ավագանու փակ քվեարկությամբ։ Համայնքի ղեկավարի ընտրությունն անցկացվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում: Եթե ավագանու ընտրության արդյունքով ընտրությանը մասնակցող կուսակցություններից մեկը ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձն օրենքի ուժով համարվում է ընտրված համայնքի ղեկավար:

Վանաձորի ավագանին ներկայումս ունի հետևյալ կազմը՝ ՀՀԿ (13 տեղ), «Լուսավոր Հայաստան» կուսակցություն (10), «Հայկական վերածնունդ» կուսակցություն (5), «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (3), «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն (2)։