«Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման պետական հանձնաժողովների հանդիպման օրակարգում հանձնաժողովների աշխատանքի կանոնադրությունն է, Ալիեւի հայտարարություններին նույնպես անդրադարձ եղել է»,-հայկական 8 գյուղերը Ադրբեջանին հանձնելու Ալիեւի հայտարարությունների մասին «Հրապարակ»-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը։ Փոխնախարարը հրաժարվեց մեկնաբանել Ալիեւի այն հայտարարությունը, թե օրակարգ է մտել հայկական գյուղերի հանձնման հարցը։
Հետաքրքրվեցինք, թե խաղաղության պայմանագրի տեքստի հետ կապված հայկական կողմն իր առաջարկներն ուղարկե՞լ է, գնդակն ու՞մ դաշտում է՝ Ադրբեջանի՞, թե՞ Հայաստանի, Մնացական Սաֆարյանն ասաց՝ «այս պահին չի կարող պատասխանել»։
Դիտարկմանը, որ Ալիեւը պարբերաբար փոխում է իր հռետորաբանությունը, նոր պահանջներ է ներկայացնում, հայկական 8 գյուղերի մասին է խոսում, ասում է՝ Ջերմուկը, Երեւանը եւ այլ հայկական բնակավայրեր իրենցն են, որպես դիվանագետ ի՞նչ է կարծում՝ առանց հայկական կողմի նոր զիջումների՝ խաղաղության պայմանագիր կկնքվի՞, փոխնախարարն ասաց․ «Մենք շարունակում ենք գործընթացը, եւ հայտարարության մեջ դրան անդրադարձ եղել է։ Մեր մոտեցումների մասին շատ հստակ արձանագրել է վարչապետը եւ իմ կարծիքը համընկնում է մեր պաշտոնական դիրքորոշմանը»։
Երեկ էլ գրեթե նույնն ասել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք Ալիեւը ճի՞շտ է, երբ ասում է, թե հայկական 8 գյուղերի հանձնումը քննարկվելու է սահմանազատման հանձնաժողովի առաջիկա հանդիպմանը:
«Մեր նախնական պայմանավորվածության համաձայն՝ առաջիկա հանդիպման ընթացքում պետք է քննարկենք հանձնաժողովների համատեղ գործունեության կարգի նախագիծը»,-ասել էր նա։
Ավելի վաղ, հիշեցնենք, Ալիեւն ասել էր. «8 գյուղերի հարցը, որ այսօր օկուպացիայի տակ են, մշտապես մնում են մեր օրակարգում: Այդ հարցը քննարկվում է նաեւ Հայաստանի վարչապետի հետ իմ շփումների ընթացքում։ Հարցը բարձրացրել եմ նաև Սանկտ Պետերբուրգում՝ «ոտքի վրա» զրույցի ընթացքում։ Հարցը նաև սահմանազատման հանձնաժողովների օրակարգում է: Հանձնաժողովների հաջորդ հանդիպումը նախատեսված է այս ամիս»:
Մանրամասն՝ տեսանյութում