Սերժ Սարգսյանն էլ գիտի, որ… 

Սերժ Սարգսյանն էլ գիտի, որ… 

Դեռեւս վերջերս Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջողներին ի պատասխան, սպառնալից տոնով հոխորտում էր, թե միայն ժողովուրդը կարող է որոշել՝ ինքը մնալո՞ւ է, թե՞ ոչ՝ այ, արտահերթ ընտրություններ կլինեն, ու ժողովուրդը կորոշի` ինքը մնա՞, թե՞ հրաժարական տա: Արտահերթ ընտրություններին դեմ էին ընդդիմադիր ուժերը: Եվ դա տրամաբանական է, քանի որ այս իրավիճակում երկիրը մտցնել ընտրական փուլ, այն էլ` Փաշինյանի ղեկավարությամբ, նշանակում է երկիրը ցնցումների տանել: Պարզ է, որ Փաշինյանը չի կարող նախկինի նման դուրս գալ բազմամարդ քարոզարշավների, պոպուլիստական ելույթներ ունենալ: Նա կարող է միայն պաշտպանիչ անձրեւանոցներով, հսկայական թիկնազորով գողեգող մտնել այս կամ այն համայնք: Բայց այդ ամբողջ ընթացքում կշարունակի իր ոճի մեջ «լայվ» մտնել, սադրել, ղժղժալով անարգանքի սյունին գամել այս կամ այն մարզում իրեն քննադատող ընդդիմադիրներին, հասարակությանը նորից հանել իրար դեմ, թշնամացնել, կռվեցնել: Իսկ թշնամին, ով ատամները սրում է հաջորդ հարձակման համար, պահը բաց չի թողնի…

Բայց հետաքրքրական են արտահերթ ընտրությունների շուրջ երկու կարկառուն «նախկինների»` ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների տարբերվող դիրքորոշումները: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր. «Ինչ վերաբերում է ընտրություններին, ապա շատ ավելի ճիշտ կլիներ, որ լիներ մի լագ, որի ընթացքում հնարավոր կլիներ վիճակը կայունացնել եւ շատ ավելի հանգիստ միջավայրում կազմակերպել ընտրություններ, որովհետեւ այսօր արտահերթ ընտրություններն այս մթնոլորտում, այս հակասությունների, անորոշությունների, զգայուն հարցերի պատասխանների բացակայության պարագայում վտանգավոր են։ Դրա համար ճիշտը այդ ֆորմատն է։ Բայց, այնուամենայնիվ, եթե իշխանությանը հաջողվի պարտադրել ընտրություններ ավելի արագ, իսկ իրենք ոնց որ այդ ձայներն ունեն խորհրդարանում, չեմ կարծում, որ ճիշտը չմասնակցելն է։ Կարծում եմ, որ մասնակցելը ճիշտ է։ Հակառակ դեպքում մենք հնարավորություն կտանք այս մարդկանց վերահաստատել իրենց իշխանությունը»։ Քոչարյանի այս հայտարարությունը, հավանաբար, խառնեց Փաշինյանի խաղաքարտերը եւ բեկումնային եղավ արտահերթ ընտրությունների հարցում։ 

Ի տարբերություն երկրորդ նախագահի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեմ է արտահերթին, նա հանդես եկավ արմատական դիրքերից եւ կարծում է, որ ոչ մի դեպքում չպետք է Փաշինյանի վարչապետությամբ ընտրություններին մասնակցել ու լեգիտիմացնել «ռեժիմի» վերարտադրությունը։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ քանիցս հայտարարել է, որ իրենք «դավաճան» իշխանության հետ մրցակցելու ցանկություն չունեն։ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի այս մոտեցումը հասկանալի է. Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե ինչ է նշանակում իշխանական լծակներ ունենալը եւ դրանցով «ռեժիմի վերարտադրությունը», այն էլ` Մուկուչյանի նման պրոֆեսիոնալ «վերարտադրիչի» պարագայում: Ինքը լավ գիտի, թե տարբեր ընտրություններում ինչ մեխանիզմներ է աշխատեցրել, ինչպես է գործել «դաբրոյի ինստիտուտը», երբ պատգամավոր, անգամ հեռավոր գյուղի գյուղապետ ընտրվելու համար պետք է լիներ վերեւների «դաբրոն», որը պատահական չէր տրվում… Իսկ ընտրությունները պարզապես ձեւական միջոցառում էին` իշխանության վերարտադրության համար։ Ու հիմա այդ բոլոր լծակներն ու վերարտադրության հնարավորությունները Նիկոլի ձեռքում են…

Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ իր անձնական վարկանիշը դեռեւս շատ ցածր է, ու որքան էլ Փաշինյանի վարկանիշը գահավիժում է, որքան էլ նա պետականակործան քաղաքականություն է վարում, հասարակության զգալի մասը, դժգոհ լինելով հանդերձ, հանդուրժում է նրան` նախկինների վերադարձը կանխելու համար: Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ հասարակության մեջ դեռ չեն խամրել քրեաօլիգարխիկ իշխանության մասին հիշողությունները: Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ չնայած դեռեւս մարզերում ունի կուսակցական գրասենյակներ, բայց այդ գրասենյակների դռները բացող շարքային քաղաքացիներ չկան: Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ չնայած ունի իրեն նվիրված հավատարիմ օլիգարխներ, որոնք կցանկանան իր իշխանության վերադարձը, բայց նրանք մարզերում չունեն այն հեղինակությունն ու վարկանիշը, որ նախկինի նման կարողանան «ինչքան ուզեն, այնքան խփեն»: Մանավանդ հիմա դժվար թե համարձակվեն գումար բաժանել ընտրողներին. ո՞ր օլիգարխը կվտանգի իրեն ու իր բիզնեսը…

Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ ՀՀԿ-ական ղեկավարության օրոք կայացած ընտրություններում այնպիսի համակարգ ստեղծեց, որ վարկանիշային ընտրապայքարի դուրս եկած ՀՀԿ-ական օլիգարխներն իրարից քվե էին խլում: Եվ, վերջապես, Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ հասարակության մի զգալի մասն իրեն չի ներում իշխանությունը նախ պահելու փորձերի, ապա այն հեշտությամբ Նիկոլին հանձնելու համար. ով` ով, բայց Սարգսյանը հո լա՞վ է ճանաչում իրենց «հաճախորդին»։ Սերժ Սարգսյանը գիտի նաեւ, որ շատերը հիմա եւս իրեն կասկածում են Նիկոլի հետ պայմանավորվածությամբ իշխանության փոխանցման մեջ` Արցախի հարցը լուծելու համար…