Վրաստանի ընտրությունները քայլ` ԽՍՀՄ վերականգնման ճանապարհին
Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններն ավելին են, քան Վրաստանում իշխանության ձեւավորման հարցը: Վրաստանում հասկանում են, որ սա պայքար է Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ, որի հաղթողը ստանում է վերահսկողություն ոչ միայն Վրաստանի, այլեւ ավելի մեծ տարածքի` Հարավային Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների նկատմամբ:
Թեեւ վրացական ընդդիմությունը շարունակում է պայքարել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները չեղարկելու համար, սակայն արդեն պարզ է, որ վրաց հասարակությունն ընդունել է ընտրության արդյունքները, ինչն այդ ընտրությունների լեգիտիմության ամենակարեւոր ցուցանիշն է: Մյուս կողմից, վրացական ընդդիմությունը ներկայացնում է ընտրությունների արդյունքների վիճարկման շատ կասկածելի մեխանիզմ, որը գրեթե անհնար է իրագործել: Ուկրաինական ICTV հեռուստաալիքին տված հարցազրույցում Եվրամիությունում Վրաստանի նախկին դեսպան, Լելո կուսակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին ասում է. «Որեւէ ժողովրդավարական երկիր չի ճանաչել ընտրության արդյունքները, չի շնորհավորել «Վրացական երազանքին»: Մենք պահանջում ենք միջազգային հետաքննություն, որ ստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կուսումնասիրի, թե ինչ է տեղի ունեցել այդ ընտրությունների ժամանակ»: Վրաստանում ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակվում են ընտրությունների օրվանից 20 օր հետո, հիմա անցել է 10 օր, հնարավոր է, որ եվրոպացի առաջնորդները սպասում են ընտրության պաշտոնական արդյունքներին, որից հետո միայն կարտահայտեն իրենց վերաբերմունքը` շնորհավորելով կամ չշնորհավորելով «Վրացական երազանքին», ճանաչել, թե չճանաչել ընտրության արդյունքները:
Ի՞նչ կտա Եվրամիությանն ընտրությունների արդյունքները կամ Վրաստանի փաստացի իշխանություններին չճանաչելը: Ինչ է` ԵՄ-ն եւ դրան անդամակցող երկրները խզելո՞ւ են դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ, թե՞ պատժամիջոցներ են սահմանելու Վրաստանի դեմ: Օրինակ, հրաժարվելու են գնել Վրաստանի տարածքով տարանցվող ադրբեջանա-ռուսական գազը: Ինչպես որ 2025 թվականի հունվարի 1-ից այլեւս չեն գնելու Ռուսաստանից ստացվող գազը, որն անցնում էր Ուկրաինայի տարածքով: Եվրոպացիները հայտարարում են, որ իրենք արդեն ադապտացվել են առանց ռուսական գազի ապրելուն, եվրոպական արդյունաբերությունը, որը ռուսական գազի հիմնական սպառողն էր, մեծ եւ հաստատուն քայլերով գնում է դեպի կործանում. ընդամենը մի քանի տարի առաջ ճապոնական Toyota ավտոկոնցեռնի հետ աշխարհում ամենաշատ արտադրվող ավտոմեքենաների թվով մրցակցող գերմանական Wolksvagen ընկերությունը հայտարարել է միանգամից երեք գործարանի փակման մասին, գերմանական քիմիական արդյունաբերության եւ մետալուրգիայի ձեռնարկությունները եւս փակում են իրենց արտադրությունները` տեղափոխելով ԱՄՆ կամ Չինաստան, որոնց եվրոպացիներն անվանում են իրենց հիմնական մրցակիցները: Մեռնող արդյունաբերությանն էներգիա պետք չէ:
Հարցը միայն գազը չէ, Վրաստանը ծառայում է միջանցք՝ Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի Եվրոպա եւ հակառակ ուղղությամբ ապրանքների մատակարարման համար: Վրաստանի դեմ պատժամիջոցները կարող են հարվածի տակ դնել նաեւ այդ միջանցքի գործունեությունը: Մի բան, որին այդքան ձգտում է Ռուսաստանը, որովհետեւ մինչեւ 2022 թ. ռուս-ուկրաինական պատերազմն այդ միջանցքի դերը կատարում էր Ռուսաստանը` Չինաստանը եւ Կենտրոնական Ասիան կապելով Եվրոպայի հետ: Վրաստանի ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ` Միխայիլ Սահակաշվիլու հիմնած «Միասնական ազգային շարժման» քաղխորհրդի անդամ, Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինն ասում է, որ եթե Վրաստանի գործող իշխանությանը հաջողվի պահել իշխանությունը, ապա նրանք հաջորդ քայլով կարգավորելու են հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ բացելու են աբխազական երկաթուղին: Ըստ նրա տեղեկությունների, ռուսներն արդեն վերանորոգել են ռուսական Ադլեր քաղաքից դեպի Աբխազիա տանող հատվածը, որը չի գործում 1992-93 թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակներից: Վրաստանի ընդդիմության ներկայացուցիչն ասում է, որ եթե Ռուսաստանը գործարկի հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքը, այսինքն՝ Ռուսաստանը երկաթուղով կապի Պարսից ծոցի հետ, ապա կփակի նաեւ վերոնշյալ՝ արեւելք-արեւմուտք միջանցքը, որ ԵՄ-ն եւ Չինաստանը, այլընտրանք չունենալով, ստիպված լինեն օգտագործել իր տարածքը: Չինաստանը ԵՄ-ին կապող մյուս տարբերակը ծովային հաղորդակցությունն է, որը Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող պատերազմական իրադարձությունների ֆոնին դարձել է վտանգավոր եւ ոչ հուսալի: Վրաստանի ընդդիմությունն ասում է, որ եթե եվրոպացիներն իսկապես շահագրգռված են պաշտպանելու իրենց ռազմավարական շահերը, ապա չպետք է թույլ տան, որ «Վրացական երազանքը» պահի իշխանությունը, այլապես վատ է լինելու ինչպես Վրաստանի, այնպես էլ հենց ԵՄ-ի համար:
Եթե անգամ Վրաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվեն, եւ աբխազական երկաթուղին իսկապես վերագործարկվի, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը կապվի Պարսից ծոցի եւ Հնդկական օվկիանոսի հետ, եթե աբխազական երկաթուղին կարող է շարունակվել առնվազն մինչեւ Երեւան, այնտեղից էլ՝ Երասխ կայարան, բայց Երասխից չի կարող անցնել Նախիջեւան` Ադրբեջան, եւ Օրդուբադ կայարանով անցնել դեպի Իրան, այնպես, ինչպես այդ երկաթուղին աշխատել է խորհրդային տարիներին: Չէ՞ որ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակում են մնալ չկարգավորված, իսկ Արեւմուտքը պահանջում է, որ Հայաստանը միանա Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքներին եւ ոչ թե հակառակը՝ օգնի Ռուսաստանին՝ գործարկելու հյուսիս-հարավ միջանցքը, որը Ռուսաստանի համար ռազմավարական նշանակություն ունի:
Ռուսաստանում երեւի մեծ վստահություն ունեն, որ եթե կամ երբ կարգավորվեն ռուս-վրացական հարաբերությունները, աբխազական երկաթուղու գործարկման հարցը լուծվի, Հայաստանը կամ հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ այս տրանսպորտային միջանցքի գործարկման համար, դրանք կարգավորելը որեւէ խնդիր չի առաջացնի: Հնարավոր է, որ Ռուսաստանի իշխանությունները նույնիսկ բանավոր պայմանավորվածություն ունենան Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների հետ, որ Սանկտ Պետերբուրգից կամ Մոսկվայից շարժվող ռուսական էշելոնները կարող են անարգել հասնել Պարսից ծոց: Մի բան, որ տեղի էր ունենում Խորհրդային Միության տարիներին եւ ընդհատվեց դրա փլուզումից հետո: Փակելով վրացական միջանցքը՝ Ռուսաստանը փակուղու մեջ է գցում նաեւ Կենտրոնական Ասիայի երկրներին, նրանց եւս ստիպելով նայել դեպի Ռուսաստան: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ գործունեությունը` թե՛ արեւմուտքում, թե՛ հարավում, թե՛ արեւելքում, ուղղված է ԽՍՀՄ-ի կամ առնվազն դրա հետհեղափոխական`1920 թվականի տարբերակի վերականգնմանը` առանց մերձբալթյան երկրների, Մոլդովայի եւ Արեւմտյան Ուկրաինայի:
Կարծիքներ