Մեր երկրի և այստեղ բնակվող ժողովրդի ապագան շատ մշուշոտ է. Արթուր Դանիելյան

Մեր երկրի և այստեղ բնակվող ժողովրդի ապագան շատ մշուշոտ է. Արթուր Դանիելյան

Հայաստանում ընթացող գործընթացների վերաբերյալ «Հրապարակը» զրուցել է «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հետ։ 

- Պարո՛ն Դանիելյան, ի՞նչ է անում «Ադեկվադ» կուսակցությունն այս օրերին, երբ որոշ կուսակցություններ արդեն սկսել են նախապատրաստվել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Մասնակցելո՞ւ է ձեր ուժն այս ընտրություններին, եթե ոչ, ապա ինչո՞ւ։

- «Ադեկվադ» կուսակցությունն անում է ոչ մի բան այնպես, ինչպես ոչ մի բան չեն անում Հայաստանի մնացած բոլոր կուսակցությունները: Պարզապես, ի տարբերություն բոլոր մնացածի, մեր կուսակցությունը դա անում է շատ ավելի վառ արտահայտված կերպով: Մենք դեռ կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ էինք հայտարարել, որ կուսակցությունները դեկորատիվ բնույթ են կրում, ժողովրդին դեմոկրատական թատրոնով զբաղեցնելու համար, մենք այդ թատրոն մուտք ենք գործել այն պայթեցնելու նպատակով, որտեղ կուսակցություն ունենալը ձևական բնույթ է կրում: Մեր համար շատ ավելի կարևոր են «Ադեկվադ» միաբանության մնացած ենթակառուցվածքները, որտեղ աշխատանքը, բարեբախտաբար, եռում է: Ակտիվ աշխատանքներ են ընթանում թե՛ մեր գաղափարախոսական թևում, թե՛ ներքին բանականության գործում և թե՛ միաբանության տնտեսական հիմքերի կառուցման գործում: Մեր մասնակցությունը Հայաստանում տեղի ունեցող ցանկացած պրոցեսի պայմանավորված է հիշյալ երեք ուղղություններով մեր մարտավարական գերակայություններից: Եթե որևէ ուղղության համար անհրաժեշտ լինի, օրինակ, մասնակցել ընտրություններին, ապա մենք դա կանենք: Տվյալ պահին նման նպատակահարմարություն մենք չենք տեսնում: Էս պահին իրավիճակը չափազանց անորոշ է` դրա հնարավոր զարգացումը մեր մարտավարական գերակայությունների հետ համադրելու համար:

- Հնարավո՞ր է, որ ձեր միաբանության անդամներով աջակցեք «Քոչարյան-ՀՅԴ- «Վերածնվող Հայաստան»» կամ «ՀՀԿ-«Հայրենիք»» դաշինքներին։ Ի՞նչ է ծրագրել «Ադեկվադը» հնարավոր արտահերթ ընտրություններին ընդառաջ և ընթացքում։ 

- Համարվում է, որ քաղաքականության մեջ ոչինչ բացառել չի կարելի, թեպետ ես անհավանական եմ համարում, որ մեր միաբանությունը հիշյալ երկու դաշինքներից որևէ մեկին աջակցի: Թեպետ պետք է նշեմ, որ մեկին չաջակցելը մի փոքր ավելի հավանական է, քան` մյուսին: Մեր միաբանությունն ունի իր առաքելությունը, դրանից բխող ռազմավարությունը և, ինչպես արդեն նշեցի, մարտավարական գերակայությունները: Քաղաքական օրակարգի առումով մեզ համար գերխնդիր է Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը և որպես դրա իրավական նախաբան՝ հայկականությունը վիրավորելու քրեականացման օրենսդրության ներմուծումը: Որոշակի աստիճանի վստահությամբ կարող եմ պնդել, որ այս օրակարգը մենք առաջ ենք տանելու` թե՛ նախընտրական, թե՛ ընտրական և թե՛ հետընտրական շրջանում: Մեր փոխգործակցությունն այլ մարմինների հետ մեծապես կապված կլինի այս օրակարգի առաջխաղացման հետ: 

- Ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանի ու Արցախի համար։

- Մեր երկրի և այստեղ բնակվող ժողովրդի ապագան շատ մշուշոտ է: Ոչ մի նոր բան այս առումով ես չեմ կարող ասել: Ասեմ ավելին. այն ամենը, ինչ մեզ սպասում է, նկարագրվել է հազարավոր տարիներ առաջ կրոնական գրականության մեջ: Մեզ շատ դաժան պատիժներ են սպասվում, թող ոչ մեկին չթվա, որ Արցախը հանձնելով ու 5000 տղա մատաղ անելով՝ էս ազգը կպլստա դատաստանից:

- Արտաքին հարաբերություններում ի՞նչ քաղաքականություն պետք է տարվի։ Ո՞ւմ եք տեսնում Հայաստանի համար դաշնակից, ում՝ ոչ։

- Ցանկացած պետություն իր արտաքին հարաբերությունները պիտի կառուցի այլ պետությունների հետ բնական շահի համընկնման հողի վրա: Այսինքն, առաջին նախապայմանն է` ունենալ պետություն, ինչը մենք դեռ չունենք: Պետություն կառուցելուն պես պետք է վերլուծենք աշխարհաքաղաքական իրադրությունը և կազմենք հնարավոր դաշնակիցների ցանկ: Եթե Հայաստանը հիմա լիներ պետություն, ապա իր դաշնակիցների շարքում պետք է լինեին Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը: Ցավոք, Հայաստանը պետություն չէ և, հետևաբար, չունի ու չի էլ կարող ունենալ դաշնակիցներ: Դե, իսկ պետություն ստեղծելու համար անհրաժեշտ է այդ հարցի շուրջ բավարար քանակի միաբան մարդկանց առկայություն։