Ալիեւի «օրակա՞րգը»

Ալիեւի «օրակա՞րգը»

Փաստը, որ Ադրբեջանի նախագահը շուրջ երկու ամիս ուղտի համբերությամբ սպասեց, որպեսզի վարչապետ Փաշինյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությանը Պուտինի թիկունքից պատասխանի «Ղարաբաղն Ադրբեջան է եւ բացականչական նշան»-ով՝ չափազանց խոսուն է եւ վկայում է, որ ԼՂ կարգավորման ուղղությամբ Բաքուն քայլեր է անում բացառապես Ռուսաստանի հետ որոշակի պայմանավորվածությամբ:

Այդ է վկայում նաեւ արցախյան ներքին կյանքի վերաբերյալ ռուսաստանյան որոշակի լրատվամիջոցների եւ ադրբեջանական մամուլի գնահատականների գրեթե նույնականությունը: Տարբերությունն այն է, որ եթե ռուսական աղբյուրները «մտահոգություններ են արտահայտում» Արցախում հնարավոր ընտրության շուրջ, ապա Ադրբեջանում դժվարանում են թաքցնել, որ ներարցախյան զարգացումները կարող են «անխուսափելի դարձնել քաղաքացիական պատերազմը»: Հրապարակումներից մեկում թռուցիկ հարցադրում է արվում, թե «այդ դեպքում Մոսկվան կգնա՞ տարածաշրջանում ռազմական ներկայության հաստատման քայլին»:

Զուտ լրագրողական երեւակայությու՞ն է: Կարծում ենք՝ ոչ: Ադրբեջանի նման երկրում մամուլին նման շռայլություն, որպեսզի սեփական վարկած առաջադրի, այն էլ՝ նման դելիկատ հարցում, տրված չէ: Մանավանդ որ ժամանակ առաջ Regnum-ի մեկնաբանն էր ակնարկել, որ եթե ԼՂ կարգավորման հարցում Փաշինյանը պնդի «միացում» հայեցակարգը, ապա «Ռուսաստանին այլ բան չի մնա, քան Լեռնային Ղարաբաղին մոտենալ արդեն Ադրբեջանից»: Երեւում է, փորձագիտական շրջանակներ ինչ-որ աղբյուրներից տեղեկություն է սպրդել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը քննարկում են Լեռնային Ղարաբաղում ռուսական ռազմական ներկայության հավանականությունը:

Դրա համար, ըստ երեւույթին, պետք է առիթ: Արցախ-Հայաստան դիմակայության սադրումը կարո՞ղ է Ռուսաստանին ԼՂ զորք մտցնելու քարտ-բլանշ տալ: Դա Ալիեւի «օրակա՞րգն» է: Եթե առկա է նման սցենարի գեթ տեսական հնարավորություն, ապա Հայաստանին եւ Արցախին «սպասվող վտանգների» մասին Վիտալի Բալասանյանի օրերս հնչեցրած տեսակետը, եթե դիտարկենք այն համատեքստում, որ նա Փաշինյանի իշխանությունը համարում է «այլ ուժերի պրոյեկտ» երեւակվում է բոլորովին այլ լույսի տակ: Պաշտոնական Ստեփանակերտն արդեն իսկ կոշտ հակադարձել է Վիտալի Բալասանյանին: Ադրբեջանում, սակայն, դա չնկատելու են տալիս եւ Բալասանյանին նույնացնում են Արցախի իշխանությունների հետ: Դա Մոսկվայից ուղղորդվա՞ծ մոտեցում է: Սոչիում ի՞նչ են պայմանավորվել Պուտինը եւ Ալիեւը: Ադրբեջանցի մեկնաբանը կարծում է, որ Ռուսաստանը «կփորձի վերակենդանացնել ղարաբաղյան բանակցությունները»:

Ընդ որում, ռուս վերլուծաբան Մարկովն էլ կարծում է, որ «բանակցությունները կվերսկսվեն կազանյան բանաձեւով»: Ըստ երեւույթին, Ռուսաստանը քայլ կանի, որպեսզի Նիկոլ Փաշինյանին վերադարձնի նախկին պայմանավորվածությունների դաշտ: Եթե Պուտինի այդ փորձը հաջողությամբ չպսակվի, ապա տարածաշրջանում կարող ենք աննախադեպ զարգացումների ականատես լինել: Ներարցախյան կոնսենսուսի եւ Հայաստան-Արցախ համապարփակ համաձայնության հրամայականի ժամանակն է: