Ի՞նչը կխոչընդոտի Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակմանը

Ի՞նչը կխոչընդոտի Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակմանը

Երեւանի պետական համալսարանի շուրջ ստեղծված թնջուկը շարունակում է մնալ չլուծված։ Թերեւս հենց այդ հանգամանքով է պայմանավորված արդարադատության նախարարի հրամանով օրերս ձեւավորված անցումային հոգաբարձուների խորհուրդը, որն իբրեւ թե պետք է Երեւանի պետական համալսարանը հանի ճգնաժամային իրավիճակից։

Նորաստեղծ ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկված են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։ 

Ու քանի որ ներկայիս ռեկտորի ԺՊ Գեղամ Գեւորգյանի լիազորությունները դատարանի վճռով հուլիսի 8-ին կասեցվելու էին, ապա, որոշ լուրերի համաձայն, ձեւավորված խորհուրդը պատրաստվում է ԵՊՀ ռեկտորի ԺՊ նշանակել ԱԺ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին, որի նշանակումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա այսօր։

Ի դեպ, Հ․ Հովհաննիսյանն իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր, որ իր՝ ռեկտոր նշանակվելու լուրերն արդեն 2-3 տարի շրջանառվում են, ու եթե ինքը ցանկանար, վաղուց կդրսեւորեր այդ ցանկությունը։ Միաժամանակ ակնարկել էր, որ չի կարող ասել, թե «վաղը կամ մյուս օրը ինչ քննարկում ու որոշում կլինի», որը կախված կլինի տվյալ պահից։ Այլ կերպ ասած՝ ոչինչ չէր բացառել։  

Իրավաբաններից մեկը, ով ցանկացավ անանուն մնալ, մեզ հետ զրույցում անդրադարձել է Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակման հետ կապված առկա խնդիրներին՝ օրենքի տեսանկյունից։  

«Համաձայն ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ կետի՝ ԱԺ լիազորությունները, հետեւաբար՝ պատգամավորի լիազորությունների ժամկետը դեռ ավարտված չէ։ Այն կավարտվի միայն ՍԴ համապատասխան որոշման՝ ուժի մեջ մտնելուց հետո։ Այսինքն՝ Հովհաննես Հովհաննիսյանը դեռեւս հանդիսանում է պատգամավոր, իսկ նրա վերաբերյալ տվյաներն այսօրվա դրությամբ առկա են ԱԺ պաշտոնական կայքում՝ 023 հերթական համարի տակ։ Համաձայն ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի եւ «ՀՀ ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի՝ պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից»,- նկատում է զրուցակիցս ու ընդգծում, որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ գործող օրենքը բացահայտում է գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքի հասկացությունները, որոնք չեն ընդգրկում այնպիսի վարչական պաշտոն, ինչպիսին ռեկտորի պաշտոնն է։ 

«Հետեւաբար, գործող պատգամավորն առնվազն մինչեւ իր պատգամավորի լիազորությունների դադարեցման պահը չի կարող զբաղեցնել ԵՊՀ ռեկտորի պաշտոնը։ Ի դեպ, նման դրույթի խախտումը կհամարվի պատգամավորի համար անհամատեղելիության պահանջի խախտում, իսկ հասկանալի է, թե անհամատեղելիության պահանջի խախտումն ինչ հետեւանքների է հանգեցնում հանրային ծառայողի համար։ Սա նշանակում է ընդհուպ մինչեւ հանրային պաշտոնից ազատում։ Այսինքն՝ եթե որոշեն պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանին նշանակել ԵՊՀ կառավարիչ, ապա առնվազն համապատասխան ընթացակարգերով պետք է նախ դադարեցնեն պատգամավորի նրա լիազորությունները՝ որպես անհամատեղելիության պահանջի խախտում, ինչն ինքնին զավեշտ է, եւ ապա նշանակեն ԵՊՀ կառավարիչ (սա բավականին երկար տեւող գործընթաց է, եթե հաշվի չառնենք, որ այդ ընթացքում կայացման ենթակա մի շարք որոշումներից որեւէ մեկը տեսականորեն կարող է նաեւ վիճարկվել դատական կարգով, ինչն ավելի կձգձգի գործընթացը, իսկ ԵՊՀ-ն կշարունակի մնալ բարձիթողի վիճակում)։ Նման դեպքում, ի դեպ, կարելի է դիմել Հովհաննես Հովհաննիսյանին դատական կարգով առհասարակ հանրային ծառայության որեւէ պաշտոն հետագայում զբաղեցնելու իրավունքից զրկելու պահանջով»։

Իրավաբանի դիտարկմամբ՝ «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր խորհրդի 3 անդամի նշանակումը դեռ չի նշանակում, որ խորհուրդը ձեւավորված է համարվում․ «Այդ նույն կետի շարունակությունը հստակ սահմանում է, որ այդ 3 հոգին պարտավոր են քայլեր ձեռնարկել՝ օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար։ Այսինքն, նախ՝ այդ 3 հոգին չեն կարող իրականացնել հոգաբարձուների խորհրդի լիազորություններ, այլ միայն նրանց խնդիրն է լինելու՝ համալրել կազմը։ Առանց այդ կազմի համալրման՝ ժամանակավոր խորհրդի՝ հոգաբարձուների լիազորություններն իրականացնելը կլինի ապօրինի։ Բացի այդ, դա պետք է իրականացվի օրենքով սահմանված կարգով։ Իսկ «օրենքով ասելով»՝ տվյալ օրենքն ի նկատի ունի ոչ միայն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքը, այլեւ ՀՀ ամբողջ օրենսդրությունը։ Ի դեպ, անկախ այս հանգամանքից, տվյալ խորհուրդը պարտավոր է առաջնորդվել նաեւ «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» օրենքի պահանջներով»։

Բացի այդ, ԵՊՀ կանոնադրությունը սահմանում է, որ համալսարանի կառավարիչը պետք է լինի դոկտոր, պրոֆեսոր, այդ մասով եւս Հովհաննես Հովհաննիսյանի հնարավոր նշանակման հետ կապված խնդիր կա․ «Պահանջվում է, որ ԵՊՀ ռեկտորի լիազորություններն իրականացնող անձն ունենա պրոֆեսորի կոչում, ինչի մասին Հ․ Հովհաննիսյանի կենսագրության մեջ առկա չէ նշում ո՛չ ԱԺ կայքից, ո՛չ էլ համապատասխան ֆակուլտետի կայքում տեղադրված հանրամատչելի տեղեկատվությունից»։