ՊԵԿ-ը ՀԴՄ-ների հարցում հետքայլ է արել (Տեսանյութ)

ՊԵԿ-ը ՀԴՄ-ների հարցում հետքայլ է արել (Տեսանյութ)

ՊԵԿ-ը ՀԴՄ-ների հարցում հայտնվել է երկու քարի արանքում՝ մի կողմից չի կարողանում տնտեսվարողներին ՀԴՄ-ներով ապահովել, մյուս կողմից՝ գնում տուգանում է ՀԴՄ չունեցողներին։ Արդյունքում աղմուկ բարձրացավ տնտեսվարողների կողմից, որ կա՛մ մեզ ապահովեք ՀԴՄ-ներով, կա՛մ մի տոգանեք, մինչև ՀԴՄ ներկրեն երկիր, իրենք էլ ձեռք բերեն վերջապես։

Hraparak.am-ն այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է ՀԴՄ-ների կարգավորման խնդիրը, դեռ շարունակո՞ւմ են տուգանել ՀԴՄ չունեցող տնտեսվարողներին։ Պարզվեց՝ ՊԵԿ-ը հետքայլ է արել ու որոշել է առժամանակ չտուգանել։

«Տնտեսվարողների նկատմամբ այսօր վարչարարություն իրականացվում է հիմնականում մոնիտորինգային գործիքակազմով, և տուգանքի սանկցիան կիրառվում է ծայրահեղ դեպքում։ Այսինքն՝ ըստ էության, դա մնում է վերջին կիրառման գործիք, որից այս պահին ձեռնպահ ենք մնալու», -ասաց Դավիթ Անանյանը։

Ինչո՞ւ ձեռնպահ մնացիք, աղմուկ բարձրացավ, դրա՞ պատճառով։

- Աղմուկի բան չկա։ Տեսեք, ես՝ որպես ՊԵԿ նախագահ, իրավունք չունեմ իմ աշխատակիցներին հրահանգեմ, որ գնացեք տեսեք՝ ՀԴՄ շահագործման կանոնների խախտում կա՞, կամ առանց ՀԴՄ կիրառման առևտրային գործունեությու՞ն է իրականացվում, և կա ՀԴՄ-ի պարտադիր պահանջ, և դուք մի՛ տուգանեք։ Ես նման հրահանգ իրավունք չունեմ տալ ի պաշտոնե, որովհետև դա կլինի նախ՝ օրենքի խախտում, երկրորդը՝ կլինի վարչարարության սխալ իրականացում։ Բայց իրավունք ունենք որոշակի հայեցողություն այն դեպքում, երբ որ կա առաջնահերթությունների սահմանում։ Երբ որ կա գործիքակազմի ընտրության առումով էլ որոշակի հայեցողականություն, և, ընդհանրապես, հարկ վճարողների և պոտենցիալ օրինախախտ հարկ վճարողների շրջանակի բացահայտման առումով որոշակի առաջնահերթությունների սահմանման հայեցողություն։ 

- Իսկ ինչո՞ւ ի սկզբանե այդ հայեցողությունը չէիք կիրառում։

- Իսկ ո՞վ է ասում, որ ես ի սկզբանե պիտի՛ կիրառեի ու չեմ կիրառում։

Մանրամասն՝ տեսանյութում։