Ալլահի նվերը՝ Ալիևին

Ալլահի նվերը՝ Ալիևին
Իլհամ Ալիեւ

Այս շաբաթ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նշել է ծննդյան հերթական տարեդարձը, ինչի առթիվ նրան հեռագրեր են հղել կամ հեռախոսազրույցներով շնորհավորել են իր պաշտոնակիցները: Ընդսմին, առիթին պատշաճելու համար ոչ միայն շնորհավորել են, այլեւ հրապարակային գովասանքներ եւ ապագային ուղղված խոստումներ են շռայլել, ինչից Իլհամ Ալիեւը կարող էր գոհունակություն ապրել: Սակայն 2018-ի ընթացքում եւ հատկապես վերջին մեկ-երկու ամսում Ալիեւն այնպիսի անթաքույց խանդավառության ու հուսավառության հոգեվիճակում է, որ շնորհավորանքները կարող են ընդամենը տրամադրություն լրացնել: Ալիեւի չթաքցվող խանավառությունն ունի մեկ ֆունդամենտալ հիմք եւ բացատրություն, որի անունն է Նիկոլ Փաշինյան: Փաշինյանը ՀՀ վարչապետի աթոռում ուղղակի ճակատագրի կամ ալլահի նվեր է Ալիեւին: 

1994-ին և նախորդող տարիներին

Հայաստանում որքան էլ տասնամյակներով դատարակախոսել են հայկական բանակի տարածաշրջանային գերազանցության եւ հզորության մասին (թերեւս մոռանում են, որ Թուրքիան ու Իրանն էլ նույն տարածաշրջանում են, անգամ Հայաստանի հետ ընդհանուր սահման ունեն), յուրաքանչյուր մտածող մարդ էլ գիտակցում է, որ հայկական զինված ուժերը՝ Հայաստանում, թե Արցախում, երբեք նույնիսկ մի թիզ ավելի առաջ չեն շարժվել այն պարագծից, որին հասնելու դիվանագիտական կարողություն է ունեցել Հայաստանի Հանրապետությունը: 
Ժամանակակից աշխարհում, մանավանդ եվրոպական մայրցամաքում, որին մաս են կազմում թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, անհնար է ռազմական ուժով սահման փոխել: Խնդրեմ, Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա` սահմաններ փոխելու: Ի՞նչ ստացավ արդյունքում` տարիներ ձգվող պատժամիջոցներ, որոնց Ռուսաստանը փոքրիշատե դիմակայում է էներգակիրներ վաճառելու հաշվին: Եվ, իհարկե, չգտնվեց աշխարհում պետություն, որ ՌԴ-ի զավթած տարածքները ճանաչեր իբրեւ Ռուսաստանի մաս:

Այնպես որ՝ եթե որեւէ մեկի կողմից չճանաչված, ինքնահռչակ ԼՂՀ-ն տարածքներ է նվաճել Ադրբեջանից, ապա դրա համար շնորհակալ պետք է լինել ժամանակին նախագահ Տեր-Պետրոսյանի ցուցաբերած դիվանագիտական կարողություններին եւ այն ժամանակվա ԱԳ նախարար Վահան Փափազյանի աշխատանքին, ովքեր կարողացան հայկական ուժերի առաջխաղացման դիվանագիտական ամպհովանի ստեղծել: Պատահակա՞ն է, որ հայկական ուժերի առաջխաղացումը կանգնել է Ղազախ կամ Կիրովաբադ չհասած, որովհետեւ դա արդեն դիվանագիտական հետեւանքներ առաջ կբերեր` պատժամիջոցներով, ճնշումներով եւ այլն: 
Ադրբեջանի դժբախտությունը թե՛ ղարաբաղյան հակամարտության զինված փուլում, թե՛ զինադադարի տասնամյակներին այն էր, որ Հայաստանը, ի դեմս իր նախագահների եւ ԱԳ նախարարների, կարողանում էր նպաստավոր հարաբերություններ պահպանել եւ անգամ զարգացնել թե՛ Բրյուսելի, թե՛ Վաշինգտոնի, թե՛ Մոսկվայի, թե՛ Իրանի եւ արաբական աշխարհի հետ: Ադրբեջանը 20 տարի շարունակ նավթադոլարներ էր աշխատում, զինամթերք էր կուտակում, տնտեսապես էր հզորանում, բայց դիվանագիտական դաշտում առավելության հասնել չէր կարողանում, որպեսզի հետո մնա դիվանագիտական նվաճումը ռազմադաշտում արձանագրելը: 

2016-ի բլից-կրիգի ժամանակ

2016-ին էլ եթե չլիներ Ադրբեջանի դեմ միջազգային ճնշում եւ արգելք գեներացնելու Հայաստանի դիվանագիտական կարողությունը, ինչ է, մի գիշերում 100 զոհ տված Արցախի ՊԲ-ն Ադրբեջանին կկանգնեցնե՞ր:  Իհարկե՝ ոչ: Եթե Հայաստանի բարձրացրած միջազգային աղմուկը չհասներ այնտեղ, որ Սպիտակ տնից Ջո Բայդենը հեռախոսը վերցներ ու զանգեր Ալիեւին, ապա՝ Սարգսյանին, ի՞նչը պիտի Ստեփանակերտի հրթիռակոծումն ու ավերակումը կանգնեցներ: Դա էլ, իհարկե, իր հերթին կտաներ ռազմական աննախադեպ էսկալացիայի: Մի՞թե պատահական էր, որ Սերժ Սարգսյանը 2016-ի ապրիլյան էսկալացիայի 2-3 օրվա ընթացքում երկու անգամ ԵԱՀԿ երկրներից Հայաստանում հավատարմագրված դեսպաններին հրավիրեց ՀՀ նախագահական: Եթե ռազմական հարթությունում էր որեւէ հարց լուծվում, ապա Սարգսյանը ռազմական կցորդներին կամ էլ հենց իր բանակի հրամանատարներին կհրավիրեր նախագահական, ոչ թե դեսպաններին։  
Դեսպաններին էին հրավիրում, որովհետեւ հրաշալի գիտակցում էին, թե Ադրբեջանի ռազմական ագրեսիան որ հարթությունում պետք է սանձվի: Որքան էլ հեռուստաէկրաններից ճամարտակեն, թե Ադրբեջանի հետ սահմանին կանգնած հազիվ չափահաս հայ զորակոչիկները համատարած աստվածաշնչյան Դավիթներ են, որ պարսատիկով Գողիաթ են տապալում, իրականում Ադրբեջանի ագրեսիան կարող էր կանգնեցվել եւ կանգնեցվեց դիվանագիտական ճակատում: Հայաստանը կարողացավ դիվանագիտական հարթությունում Ադրբեջանին ճնշել եւ զսպել, ինչպես 90-ականներին կարողացել էր ռազմական առաջխաղացում ապահովել: Եվ նորից դրա համար պետք է արժանին մատուցել այդ ժամանակ պաշտոնավարող ՀՀ նախագահին եւ ԱԳ նախարարին:

2018-ի տարեվերջին

Մինչդեռ այժմ՝ ապրիլ-մայիսյան «դըմփ-դըմփ-հու» շարժումից եւ Փաշինյանի` ՀՀ վարչապետի պաշտոնում հայտնվելուց հետո, 1991-ի անկախության հռչակումից ի վեր առաջին անգամ Հայաստանն ունի ղեկավար, ով միջազգայնորեն անկյուն է քշված: Փաշինյանին կանգնեցրել են ընտրության առաջ՝ կա՛մ «վճռական քայլեր է կատարում ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ», ինչը վերջնագրի տոնով Փաշինյանին հրապարակավ խորհուրդ տվեց Բոլթոնը Հայաստանում, կա՛մ էլ երկիրը կսահի դեպի պատերազմ, քանի որ Փաշինյանի ատամները հաշված են, մեկուսացված վիճակն այլես չես քողարկի, նրան ոչ միայն արեւմտյան որեւէ առաջնորդ չի հրավիրում կամ հյուրընկալվում, այլեւ անգամ ՀԱՊԿ երկրների նախագահների հետ նա հաշիվներ է պարզում լրատվամիջոցներով, քանի որ, հավանաբար, վստահ չէ, որ իր հեռախոսազանգին կպատասխանեն: Իսկ ԱԳ նախարար Մնացականյանը, հասկանալիորեն, Փաշինյանի քաղաքական ամբոխահաճության, դիվանագիտական դեղնակտուցության ու հոգեկերտվածքային նարցիսիզմի արդյունքում ձեւավորված այս իրականությունը չի կարող փոխել: 

Այսօր, Փաշինյանի միջազգային մեկուսացման ու տապալումների արդյունքում, Հայաստանն անկախացումից ի վեր առաջին անգամ զրկված է դիվանագիտական գործունեության կենսադաշտից: Իսկ դա նշանակում է, որ պատերազմի ճանապարհը բաց է Ադրբեջանի համար: Ալիեւն այժմ կասկած չունի, որ, ինչպես Մոսկվան եւ Վաշինգտոնն են ասում, կառավարություն կազմավորելուց հետո Փաշինյանը պետք է անցնի ԼՂՀ խնդրի կարգավորման ուղղությամբ «վճռական քայլեր կատարելուն»: Կկատարի՝ լավ, չի կատարի` վերջապես Ալիեւի առջեւից հեռացել է այսքան տարի նրան զսպած որոշիչ «խոչընդոտը»` Հայաստանի դիվանագիտական կապերն ու կարողությունը, ինչն էլ ճակատագրի կամ ալլահի նվերն է Ալիեւին: 

Իսկ նրանից, որ Փաշինյանը երկու օրը մեկ աղմուկ է բարձրացնում, թե ՀԱՊԿ երկրները թող կատարեն Հայաստանի նկատմամբ պարտավորությունները, դժվար թե ՀԱՊԿ-ում առանձնակի հուզվեն: Այլ հարց, եթե Փաշինյանը ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի հետ կարողանար հարաբերություններ կառուցել, բայց նրանք Փաշինյանին անգամ չեն ընդունում կամ հետը խոսում։ Այնպես որ՝ մնում է միայն տեսնել, թե կառավարության կազմավորումն ամեն կերպ երկարաձգող եւ ճակատագրական X պահից խույս տվող Փաշինյանն ինչ է անելու հունվար-փետրվարին կառավարության կազմավորումն ավարտելուց հետո: