Կարգին աշխատավարձ՝ կարգին քաղաքապետի համար

Կարգին աշխատավարձ՝ կարգին քաղաքապետի համար

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն ու նրա «հեղափոխական» թիմը որոշել են՝ քանի դեռ պաշտոնի են, մաքսիմալ օգտվեն բյուջեի ընձեռած բարիքներից։ Դրա համար մի «հեղափոխական» նախագիծ են կազմել, որով կրկնակի բարձրացնում են իրենց աշխատավարձերը։ Իհարկե, քաղաքապետարանը դա ներկայացնում է մի քիչ այլ կերպ՝ իբրեւ թե ամբողջ աշխատակազմի աշխատավարձերն են բարձրանում, բայց ամբողջ հարցն այն է, որ ստորին օղակների աշխատավարձերը բարձրանում են ընդամենը 25-30 տոկոսով, իսկ «վերեւներինը»՝ քաղաքապետ, փոխքաղաքապետեր, թաղապետեր, աշխատակազմի քարտուղար եւ այլն, կրկնակի, այսինքն՝ 100 տոկոսով։ Վերեւների մեջ են դասել նաեւ քաղաքապետի խոսնակին, ով աշխատավարձի բարձրացումից հետո ԱԺ պատգամավորին ու նախարարին հավասար աշխատավարձ կստանա՝ 650 հազար դրամ։ Իսկ եթե արդարության սկզբունքով առաջնորդվեր քաղաքապետը, իր խոսնակի աշխատավարձը պետք է ոչ թե ավելացներ, այլ կրճատեր՝ որպես ամենավատ աշխատող խոսնակի, ով իր պարտքն է համարում վիրավորել լրագրողներին ու լրատվամիջոցներին։ Ինչեւէ, այս փոփոխությունների արդյունքում քաղաքապետը, թաղապետը, նրա տեղակալներն ու մամուլի խոսնակը կստանան ավելի բարձր աշխատավարձ, քան բազմաթիվ առանցքային պաշտոնյաներ, օրինակ՝ ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, դատախազը, ՊՎԾ պետը, մարզպետները, նախարարները եւ այլն։ Համեմատության կարգով նկատենք, որ Տարոն Մարգարյանի օրոք, օրինակ, աշխատավարձը բարձրանում էր բոլոր օղակների համար հավասար չափով, ոչ թե ընտրողաբար։

Աշխատավարձերի նման կերպով բարձրացմանը խիստ դեմ են Երեւանի ավագանու ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Լույսն» ու ԲՀԿ-ն։ Աշխատավարձի բարձրացման քաղաքապետի առաջարկը մայիսի 8-ի արտահերթ նիստում քննարկելու է Երեւանի ավագանին։ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Երբ մենք ուսումնասիրում ենք կազմը, թե որ օղակի աշխատավարձը որքան են բարձրացրել, տեսնում ենք, որ ամենաշատ բարձրացումը վերաբերում է հայեցողական պաշտոններին, որոնց մեծ մասը նորանշանակ պաշտոնյաներն են կազմում, եւ վերջիններիս աշխատավարձերն աճել են կրկնակի՝ ի տարբերություն միջին եւ ցածր օղակների աշխատավարձերի»։

Օրինակ՝ քաղաքապետի աշխատավարձը, ըստ այս նախագծի, 575 հազար դրամից կդառնա 1 մլն 200 հազար։ Խաժակյանը տարակուսել էր մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի աշխատավարձի բարձրացման չափից, ինչն ավագանու անդամն անհամեմատ բարձր է համարում եւ հիմնավորվածությունն էլ չի տեսնում։ «Նկատենք, որ քաղաքապետարանում գոյություն ունի նաեւ տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչություն, որը եւս այդ առումով մեծ լիազորություններ ունի, եւ հասկանալի է, որ հանրային կապերի հետ գործառույթների առումով բեռը կիսվում է։ Նախկինում այս երկու պաշտոնները համատեղում էր մեկ անձ՝ ստանալով մեկ աշխատավարձ։ Եվ, հաշվի առնելով, որ շատ լրագրողներ դժգոհում են, որ, օրինակ, շաբաթ օրով փորձում են Հակոբ Կարապետյանից ինչ-որ մեկնաբանություն ստանալ, եւ նա ասում է՝ «գիտե՞ք, դուք ոտնահարում եք իմ իրավունքները», դա արդեն գործառույթի առումով էլ է կասկածի տակ դնում այս փոփոխությունը»,- ասաց պարոն Խաժակյանը։ Նա ասաց, որ իրենց խմբակցությունը միանշանակ դեմ է աշխատավարձերի՝ այս տարբերակով բարձրացման նախագծին, որը բեւեռացման է տանում, եւ, բնականաբար, դեմ են արտահայտվելու նիստի ժամանակ։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ ոչ միայն սխալ է համարում բարձր օղակների պաշտոնյաների աշխատավարձերի այսչափ բարձրացումը, այլեւ հաստիքների ուռճացում է տեսնում աշխատակազմում։ «Մեր խմբակցության դիրքորոշումը հետեւյալն է․ մենք կողմ ենք, որ մեր հայրենակիցներն ավելի բարեկեցիկ կյանքով ապրեն, սակայն դեմ ենք, որ ստորին օղակի աշխատավարձն ընդամենը 25-30 տոկոսով է բարձրացվում, ու դրանց կողքին բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանում է 100 տոկոսով։ Դա մեզ համար անընդունելի է։ Մենք առաջարկ ենք ներկայացնելու, որ անպայման դա վերանայեն»,-ասաց Մանրիկյանը։ Նրա խոսքով՝ միայն աշխատավարձերի հարցը չէ, նաեւ հաստիքների ուռճացում կա, բացի այդ, որոշ պաշտոնյաների դեպքում էլ արտաժամ աշխատելու համար արհեստական կերպով հավելավճարներ են գրում։

«Մենք ունենք այդ ինֆորմացիան, որ քաղաքապետարանում կան որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք այդ կոնտեքստում ստանում են բարձր աշխատավարձ, եւ այս պահին իմ կողմից հանձնարարական է տրված մեր ֆրակցիայի գործավարին եւ փորձագետին, որ համապատասխան դիմում-նամակ պատրաստեն, որպեսզի պարզենք, թե որոնք են այդ բարձրաստիճան պաշոնյաներն ու նրանց գործավարները, որոնք, բացի հիմնական աշխատավարձից, նաեւ հավելավճար են ստանում ավել աշխատանքի համար։ Այնուհետեւ դա բերելու ենք այնպիսի դաշտ, որ վերահսկենք՝ արդյոք կարիք կա՞, որ իրենք արտաժամ աշխատեն, թե՞ այդ ամենը կարող են 9-18-ն ընկած հատվածում կատարել։ Սա էլ է շատ կարեւոր կետ։ Եվ եթե 100 տոկոսով բարձրանա աշխատավարձը, Դուք պատկերացնո՞ւմ եք, որ քաղաքապետարանի առաջին տեղակալը, որ ստանա 800 հազարից մի փոքր ավել, մի հատ էլ հավելյալ գումար ստանա ամեն օր 2-3 ժամ ավել աշխատելու համար։ Սա անընդունելի է մեզ համար»,- ասաց Մանրիկյանը՝ կրկին ընդգծելով, որ փաթեթին իրենք դեմ են։ Նա կողմ է, որ նախեւառաջ բարձրանա ստորին օղակի աշխատակիցների աշխատավարձը, որ դրանով պայքարեն կոռուպցիայի դեմ, իսկ բարձր օղակների դեպքում կարելի է եւ չբարձրացնել կամ բարձրացնել գոնե 50 տոկոսով։