Սա վախ է սեփական անձի՞ հանդեպ, թե՞ վախ, որ այլոց գաղտնիքներն էլ կբացվեն

Սա վախ է սեփական անձի՞ հանդեպ, թե՞ վախ, որ այլոց գաղտնիքներն էլ կբացվեն

Գիտե՞ք զավեշտալին որն է։ Երբ պաշտոնյա մարդը թաքցնում է իր կենսագրության մի հատվածը և ասում․ «Սա կյանքի մի էտապ է, որը փակված եմ համարում: Ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել»։

Հրապարակը տեղեկացրել է,  որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 2-րդ մասի Բ կետով և 334-րդ հոդվածի առաջին մասով․ «Պետի նկատմամբ բռնություն գործադրելը, որը կատարվել է զինվորական ծառայության ընթացքում, զենքի գործադրմամբ»։ Նա 5-րդ զինվորական կայազորի դատարանի կողմից 2006 թվականի մարտի 27-ին դատապարտվել է 2 տարի 3 ամիս ազատազրկման, ապա այդ պատիժը Էրեբունի վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը համապատասխանեցրել է մեր օրենսդրությանը եւ հաստատել։ Նա պատիժը կրել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ապա մոտ մեկ տարի անց՝ 2007 թվականի փետրվարի 23-ին ազատ է արձակվել համաներումով։

Սա կենսագրության շատ լուրջ հատված է և անձը սեփական նախաձեռնությամբ չի կարող փակել կենսագրության այդ հատվածը, թաքցնել հանրությունից։ Առավել ևս, երբ այն առնչվում է Բանակի հետ, երբ Պապիկյանը զինծառայության ժամանակ դանակով հարվածել է հրամանատարին։ Բայց դրան չէ, որ ուզում եմ անդրադառնալ և չէի անդրադառնա, երբ պաշտոնյայի խոսքը ավարտվեր այսքանով․ «Սա կյանքի մի էտապ է, որը փակված եմ համարում: Ափսոսում եմ, որ կյանքում այդպիսի հատված եմ ունեցել»։ Բայց այդ հատվածը սեփական նախաձեռնությամբ իր կենսագրությունից հանելով, պաշտոնյան իրավապահներին հորդորում է պարզել, թե ով է իր մասին գաղտնի տեղեկությունը տրամադրել լրատվամիջոցին:

Դա պետական գաղտնի՞ք է։ Հանրությունն ինչու՞ չպիտի իմանա, թե նշանակված պաշտոնյան դատված եղե՞լ է, թե՞ ոչ։ Գուցե ժամանակը գա և ասեք, որ Բանակում չծառայելն էլ է պետական գաղտնիք և հանրությունը չպիտի իմանա՝ պաշտոնյաներից ով չի ծառայել։ Սա վախ է սեփական անձի՞ հանդեպ, թե՞ վախ, որ այլոց գաղտնիքներն էլ կբացվեն։