Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը ԼՂՀ-ում ներքաղաքական պայքարի նոր փուլ է նշանավորում

Վիտալի Բալասանյանի պաշտոնանկությունը ԼՂՀ-ում ներքաղաքական պայքարի նոր փուլ է նշանավորում

Արցախի նախագահի հրամանագրով՝ Վիտալի Բալասանյանն ազատվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։ Մի շարք այլ հրամանագրեր էլ է ստորագրել, սակայն կենտրոնականը Բալասանյանի պաշտոնանկությունն է։    

Փաստորեն, տեղի ունեցավ այն, ինչը բավականին երկար ժամանակ ակնկալվում էր։ Շրջանառվում էին նաեւ փոքր-ինչ այլ սցենարներ, սակայն Բալասանյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից հեռացնելը թերեւս ամենականխատեսելի հանգուցալուծումն էր, որը փոխադարձաբար քիչ թե շատ ընդունելի պետք է լիներ Հայաստանի ու Ղարաբաղի իշխանությունների համար՝ այսպես կոչված «նոր իրավիճակում» փոխգործակցությունը քիչ թե շատ հարթ ու համակարգված իրականացնելու տեսանկյունից։         

Վիտալի Բալասանյանի անունը վերջին շրջանում հաճախ էր շրջանառվում Հայաստանի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ նրա ունեցած անհամաձայնությունների համատեքստում։ Որոշ դիտարկումներով՝ ԼՂՀ ԱԽ քարտուղարը ոչ այնքան հարգալից վերաբերմունք էր դրսեւորում նրանց հանդեպ, ինչը, սակայն, արտահայտում էր անհստակ ձեւակերպումների ու թաքնված ակնարկների միջոցով։

Այդ իրադրությունը թերեւս բյուրեղացավ մի քանի շաբաթ առաջ, երբ Վիտալի Բալասանյանը, դեռեւս զբաղեցնելով Արցախի Անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը, անսպասելիորեն հանդես եկավ «Հանուն Արցախի» համազգային շարժում ստեղծելու նախաձեռնությամբ։ Իր ֆեյսբուքյան գրառման մեջ նա նշում էր․ «Այսօր աշխարհասփյուռ հայության համար ժամանակի հրամայական է դարձել ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը, որի առկայության պայմաններում է միայն հնարավոր դիմակայել մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին, հետամուտ լինել Միացյալ եւ Հզոր Հայաստանի ստեղծմանը»:

Որտեղի՞ց առաջացավ այդ հրամայականը, ինչո՞ւ հիմա, եւ մի՞թե «մեր ժողովրդի առաջ ծառացած մարտահրավերներին» դիմակայելու համար արդեն իսկ գործող բազմաթիվ կուսակցությունների ու շարժումների կողքին մի նոր նախաձեռնություն ստեղծելու անհրաժեշտություն կար։ Այս հարցերին Բալասանյանն իր գրառման մեջ չէր պատասխանում՝ փոխարենն ընդգծելով․ «Որոշ խմբեր եւ քաղաքական ուժեր, շահարկելով մարդկանց հայրենասիրական զգացմունքները, առաջ են քաշում ժամանակավրեպ լոզունգներ՝ քողարկելով շահադիտական իրենց նպատակները, ինչը ես որակում եմ որպես անհանդուրժելի, հայության նպատակների տառին ու ոգուն անհարիր, ապազգային վտանգավոր երեւույթ»:

Ընդհանրապես, հայ քաղաքական իրականության մեջ շատ ընդունված է ակնարկներով ու անհասցե հայտարարություններով հանդես գալը։ Այդպես ավելի հարմարավետ է, քանի որ միշտ էլ կարելի է կա՛մ հրաժարվել հնչեցված խոսքերից, կա՛մ էլ յուրովի մեկնաբանել դրանք։ Ո՞ր խմբերի եւ քաղաքական ուժերի մասին է  խոսքը, եւ նրանց հատկապես ո՞ր լոզունգներն էին Բալասանյանին հարկադրել հանդես գալ նման համազգային նախաձեռնությամբ, պարզ չէ։ 

Եթե համազգային նոր՝ այդչափ պատասխանատու առաքելությամբ շարժում ստեղծելու կարիք կա, որքանո՞վ է երաշխավորված այդ շարժման հետագա հաջողությունը, եթե հիմնադիր հայտարարության մեջ չի նշվում, թե հատկապես ովքեր են այն  անպատասխանատու ուժերը, որոնց դեմ հարկ է պայքարել՝ «հանուն  ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ-ՍՓՅՈՒՌՔ եռամիասնության ներդաշնակ գործունեության»։ Այս հարցերի պատասխանը ԼՂՀ ԱԽ արդեն նախկին ղեկավարն իր ուղերձում չէր հստակեցնում։ 

Եթե ենթադրելու իրավունքով նկատում ենք, որ այդ ուժերի տակ նկատի են առնվում Հայաստանի նոր իշխանության ներկայացուցիչները, որոնց հետ Բալասանյանն ինչ-ինչ անհամաձայնություններ ուներ, ապա պարզ չէ՞, որ այդ դեպքում ուղերձի հիմքում դրված համազգային միասնության հասնելու գաղափարներն ի սկզբանե դատապարտված են ձախողման։ Որպես նոր ստեղծվող շարժման հիմնանպատակ էր նշվում «Միացյալ եւ Հզոր Հայաստանի ստեղծումը՝ հետեւյալ խնդիրների լուծմամբ. -Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում. - Հայաստանի եւ Արցախի անվտանգության ամրապնդում. -Սփյուռքի հետ համագործակցության սերտացում եւ ազգային արժեքների պահպանություն»: Բայց մի՞թե Հայաստանում եւ Արցախում գործող՝ առանց բացառության բոլոր քաղաքական ուժերի ծրագրերում նույն լոզունգները չեն հռչակված, ուրեմն ո՞րն է այն համոզման հիմքը, թե նոր շարժմանը հաջողվելու է անել այն, ինչը չեն կարողացել անել կամ լավ անել մնացյալները։ 

Էական էր նաեւ հանգամանքը, որ Վիտալի Բալասանյանը քաղաքական պատասխանատու նախաձեռնությամբ էր հանդես գալիս՝ լինելով պետական բարձրաստիճան պաշտոնյա։ Ենթադրելի է, որ նա արդեն այն ժամանակ հրաշալի իմացել է իր մոտալուտ պաշտոնանկության մասին եւ փորձել հնարավորինս օգտագործել փաստացի լծակները՝ իր հետագա քաղաքական ծրագրերը կառուցելու ճանապարհին։  

Որոշ դիտարկումներով, Վիտալի Բալասանյանը պատրաստվում է ակտիվ մասնակցություն ունենալ 2020 թվականից հետո (երբ ավարտված կլինեն գործող նախագահ Բակո Սահակյանի լիազորությունները) սպասվող նախագահական ընտրություններին, եւ վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները թերեւս հարկ է դիտարկել հենց այդ համատեքստում։ 
Ենթադրելի է նաեւ, որ նրա հիմնական մրցակիցը կլինի փաշինյանական համարվող՝ Արցախի նախկին վարչապետ, նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը, եւ այդ առումով, կարելի է ասել, թեժ պայքար է սպասվում։ Մնում է հուսալ, որ ԼՂՀ-ում ներքաղաքական սպասվող պայքարի կողմերն իրենց քայլերն անելիս հաշվի կառնեն այն բարդ իրադրությունը, որում գտնվում է Լեռնային Ղարաբաղը, եւ ներքաղաքական խմորումները որեւէ կերպ չեն անդրադառնա Արցախի անվտանգության վրա։