Մեսրոպ Առաքելյանը ազատվում է Բաթոյանի կադրերից, տեղավորում ՄՈԳՈ-ի ընկերներին

Մեսրոպ Առաքելյանը ազատվում է Բաթոյանի կադրերից, տեղավորում ՄՈԳՈ-ի ընկերներին

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի «համեստ» նախարարը նախարարությունը շարունակում է վերաձեւել՝ ըստ իր ճաշակի։ Դե ինչու պետք է հետ մնա մյուս նախարարներից, չէ որ այս իշխանության գլխավոր գործառույթը աշխատող կադրերին հանելը, իրենց մերձավորներին աշխատատեղով ապահովելն է։ Իսկ Մեսրոպ Առաքելյանը, ըստ ամենայնի, նաեւ խնդիր է դրել նախորդ իմքայլական նախարարի՝ Զարուհի Բաթոյանի կադրերից ազատվել։ Օրերս նախարարությունը լքել է նախորդ նախարարի, այսպես ասած, «վերջին» կադրը։ 

Թեև Բաթոյանի թիմը դեռ շարունակում է իր ազդեցությունն ունենալ աշխատակազմի վրա, բայց նրանց մեծ մասն այլևս չի աշխատում։ Օրերս աշխատանքից ազատվածը երեխաների բաժնի պետ Անահիտ Քալանթարյանն է։ Նա աշխատանքի է անցել միջազգային կազմակերպությունում։ Նա երրորդ բաժնի պետն է, որ նոր նախարարի օրոք լքում է սոցապ նախարարությունը։ Առաջին հեռացողը անձնակազմի կառավարման բաժնի պետ Մելանյա Կուպելյանն էր, երկրորդը՝ աշխատանքի բաժնի պետ Միքայել Գրիգորյանը։ Մեկ բաժնի պետ էլ՝ Կարեն Բաբախանյանը, անազատության մեջ է։

Նախարարության ութ վարչության պետերից երեքն այժմ արձակուրդում են (Ժողովրդագրության և ընտանիքի սոցիալական երաշխիքների վարչության պետ Սասուն Համբարձումյանը, քարտուղարության պետ Գայանե Հովհաննիսյանը, Արտաքին կապերի վարչության պետ Անահիտ Մարտիրոսյանը)։ Ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի հաստիքը վաղուց թափուր է։ Նախարարն ունի իր թեկնածուն, որը, սակայն, մեկ անգամ արդեն չի հաջողել անցնել քննությունը՝ կտրվել է։ 

Սոցիալական ապահովության ծառայությունը, որը վերակառուցման մեջ է եւ իր մեջ է ընդգրկել բոլոր սոցիալական ծառայությունները, արդեն պետի երկու նոր տեղակալ ունի։ Նրանցից մեկը Լիլիթ Սեդրականն է, որը նախարարի սիրելի հիմնարկից՝ ՄՈԳՈ-ից է տեղափոխվել։
Նախարար Առաքելյանը իր կադրերով է լցրել նախարարությունը և համարում է նաեւ ենթակա կառույցները, որոնց կանդրադառնանք առանձին։