Նոր մեռելածին հանձնաժողո՞վ

Նոր մեռելածին հանձնաժողո՞վ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորումը նոր սկանդալի եւ կադրային դեֆիցիտի ու կադրային սխալ՝ անհասկանալի քաղաքականության բացահայտմանը նպաստեց։ Երեկ ֆեյսբուքյան իր էջում «Իմ քայլի» կողմից հանձնաժողովի անդամ առաջադրված Էդգար Շաթիրյանը գրել է, որ հրաժարվում է այդ պաշտոնից։ «Անձիս (անձնական եւ մասնագիտական որակներիս) նկատմամբ, մի կողմից, Ազգային ժողովի առավելագույն վստահության եւ, մյուս կողմից, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի երեք անդամի բացարձակ անվստահության պայմաններում նպատակահարմար չեմ համարում հետագա պաշտոնավարումս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Առկա իրողություններն անհամատեղելի են պրոֆեսիոնալիզմի եւ թիմային աշխատանքի մասին պատկերացումներիս հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նորընտիր նախագահ Հայկուհի Հարությունյանին՝ վերջինիս մաղթելով միմիայն հաջողություններ։

Շնորհակալ եմ ԱԺ կառավարող «Իմ քայլը» խմբակցությանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում հենց իմ թեկնածությունն առաջադրելու, ինչպես նաեւ ԱԺ-ին՝ ինձ վստահության քվե տալու համար»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ-ն նոյեմբերի 19-ին ընտրել էր հանձնաժողովի անդամներին։ Իսկ երեկ՝ նոյեմբերի 26-ին, հանձնաժողովն ընտրում էր նախագահ։ Ենթադրվում էր, որ դա լինելու է Շաթիրյանը՝ որպես ԱԺ մեծամասնության կողմից ներկայացված թեկնածու։ Սակայն նիստի ընթացքում հանձնաժողովի նախագահի թեկնածու ինքնառաջադրվեց նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը, ով միաձայն ընտրվեց նախագահ։ Սա խոսում է այն մասին, որ իշխանությունը կրկին գործարքի է գնացել «Լուսավոր Հայաստանի» հետ եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պաշտոնն ինչ-որ մութ պայմանավորվածության շրջանակներում զիջել է խորհրդարանական ընդդիմությանը՝ «քցելով» Շաթիրյանին։ Առհասարակ, վերջին շրջանում «Լուսավոր Հայաստանն» արդեն քանիցս նման կասկածելի գործարքների է գնացել՝ իշխանություններին հաճելի օրինագծեր ներկայացնելով եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ կազմակերպված գործընթացին աջակցելով։ Հիմա, փաստորեն, ստանում է «պատասխանը»։

Երեկ արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը եւս անդրադարձել էր այս հանձնաժողովին՝ գրելով․ «Զարգացումները եկան հաստատելու նախընթաց պնդումս առ այն, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձեւավորման ողջ գործընթացը ձախողված է: Ուշագրավ է, որ հանձնաժողովի անդամների ընտրությունից դեռ մեկ շաբաթ չանցած՝ կառավարությունն ընդունել է օրենքի նախագիծ, որով այս հանձնաժողովի անդամներն այլեւս ընտրվելու են մրցութային ընթացակարգով: Ակներեւ է, որ ձեւավորման պահից սկսած՝ այս հանձնաժողովի գործունեությունն այլեւս խաթարում է հակակոռուպցիոն ողջ քաղաքականությունը»: