Էրդողանը պարտվեց, Ադրբեջանում հիասթափված են

Էրդողանը պարտվեց, Ադրբեջանում հիասթափված են

Միջազգային մամուլը գրում է, որ Մոսկվայում Պուտին-Էրդողան բանակցությունների արդյունքն այն է, որ սիրիական բանակն իր հսկողությունը պահպանում է վերագրաված տարածքների նկատմամբ, Թուրքիան պարտավորվել է կարգավորել Իդլիբի շրջանում գործող զինված խմբավորումների հարցը, իսկ եթե դա տեղի չունենա, Սիրիան իրավունք կունենա վերսկսել իր տարածքի ազատագրման գործողությունները:

Ռազմական փորձագետները նշում են, որ մի քանի օրվա մարտերի ընթացքում թուրքական բանակը ծանր կորուստներ է ունեցել եւ կանգնել հրթիռա-հրետանային սպառազինության սպառման վտանգի առաջ: Քաղաքական դիտորդներն այն տեսակետին են, որ Ռուսաստանի նախագահն իր թուրք պաշտոնակցին կանգնեցրել է բարդ երկընտրանքի առաջ՝ կամ բանակցություններ սկսել Սիրիայի օրինական իշխանությունների հետ եւ վերադառնալ Ադանայի 1998թ. համաձայնագրի պայմաններին, կամ Ռուսաստանից եւ Իրանից երաշխիքներ ստանալ, որ Սիրիայի հյուսիսում քրդական ինքնավարություն չի ստեղծվի եւ հեռանալ Իդլիբից: Անշուշտ, դժվար է ասել, թե որքանով են հավաստի այսօրինակ մեկնաբանությունները, բայց մի բան ակնհայտ է. Ադրբեջանում Պուտին-Էրդողան բանակցություններից հետո կատարյալ շփոթված են:

Դա հատկապես աչքի է զարնում բանակցություններին նախորդած հրապարակումների համապատկերին, երբ ադրբեջանցի մեկնաբանները տպավորություն էին զարգացնում, որ Էրդողանը ոչ միայն կամրագրի Սիրիայի հյուսիսում ձեռքբերումները, այլեւ քայլ կանի հարավ-կովկասյան ուղղությամբ: Այս տեսլականը հիմնավորվում էր ԼՂ կարգավորման թեմայով Թուրքիայի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների բանակցության փաստով եւ դրան հաջորդած՝ Չավուշօղլուի թվիթերյան գրառումով: Պաշտոնական Բաքուն, ըստ երեւույթին, դիվանագիտական խողովակներով տեղեկացվել է Պուտին-Էրդողան բանակցություններին եւ ընդունել, որ, ինչպես Regnum-ի մեկնաբանն է կարեկցաբար հասկացրել՝ Պուտինը Լենին չէ, Էրդողանն՝ Աթաթուրք: Ի՞նչ հետեւություն կանի Իլհամ Ալիեւը: