«Հրապարակ». Ֆրանսիական դատարանն էլ համոզվեց, որ իմ դեմ քաղաքական հետապնդում է եւ շինծու գործ

«Հրապարակ». Ֆրանսիական դատարանն էլ համոզվեց, որ իմ դեմ քաղաքական հետապնդում է եւ շինծու գործ

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), ում նկատմամբ հետախուզում է հայտարարված, եւ ով այս պահին գտնվում է Ֆրանսիայում, «Հրապարակ» օրաթերթին էքսկլյուզիվ հարցազրույց է տվել։ Օրերս հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Սուրիկ Խաչատրյանին արտահանձնել Հայաստանին: Մեզ հետ զրույցում Խաչատրյանն անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, Սյունիքում տիրող իրավիճակին։

- Պարոն Խաչատրյան, իմացանք, որ Ֆրանսիայի իշխանությունները հրաժարվել են Ձեզ արտահանձնել Հայաստանի իշխանություններին։ Դուք Ֆրանսիայի քաղաքացի՞ եք, որքա՞ն ժամանակ է, որ բնակվում եք Ֆրանսիայում։ Ձեզ հրավիրե՞լ են Ֆրանսիայի իրավապահներն իրենց մոտ, առաջարկե՞լ են փաստեր ներկայացնել Ձեր դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ։ Ինչո՞վ է պայմանավորված այդ որոշումը՝ Ձեր ներկայացրած փաստերո՞վ, թե՞ արտահանձնման եւ իրավական փոխհամագործակցության ինչ-որ պայմանագրերի բացակայությամբ, թերություններով։

- Ես Ֆրանսիայի քաղաքացի չեմ, 2019 թ․ հունվարից այստեղ եմ՝ առողջական խնդիրների պատճառով։ Էստեղ իրականացված հետազոտությունների ընթացքում պարզվեց, որ ես լուրջ առողջական խնդիրներ ունեմ։ Նույն թվականի մարտի 19-ին վիրահատվեցի։ Էդ ժամանակ ես հետախուզման մեջ չէի, էդ պրոբլեմը չավարտված՝ ինձ մոտ երկրորդ խնդիրն առաջացավ։ Հունիսի 21-ին սրտի լուրջ վիրահատություն տարա։ Երկար բուժում եմ ստացել հիվանդանոցում։ Երբ ես հիվանդանոցում էի, 2019-ի նոյեմբերի 19-ին ինձ հետախուզում են հայտարարել` առանց տեղեկացնելու, առանց ինձ հետ կապվելու՝ այն դեպքում, երբ բոլորը գիտեին, թե ես որտեղ եմ։ Ապօրինի են քրեական գործ հարուցել, ինձ ո՛չ տեղյակ են պահել, ո՛չ էլ ծանուցել են։ Ես հետագայում իմացա, որ էդ քրեական գործը շինծու է, եւ ցուցմունք տվողներն ընկերներիս պատմել են, որ իրենց ստիպել են նման ցուցմունք տալ։ Մի խոսքով, երկար բուժումներից հետո 2020 թ․ սրտի կանգ գրանցվեց, նորից վիրահատվեցի։ 2021 թ․ հունվարից ես Ֆրանսիայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում էի։ Դատաբժշկական փորձաքննության հիման վրա դատարանը որոշում կայացրեց, որ իմ հիվանդությունը Հայաստանում չեն կարող բուժել։ Դատարանը (ֆրանսիական) նաեւ հարցում է արել Հայաստանի իրավապահ մարմիններին, պահանջել է ինձ վերաբերող դատական գործը։ Ուսումնասիրություններից հետո դատարանն էլ համոզվեց, որ դա քաղաքական հետապնդում է եւ շինծու գործ։ 2022 թ․ հունիսի 29-ին դատարանը վճիռ կայացրեց, որ առաջին հերթին շինծու քրեական գործի համար չեն հանձնելու, երկրորդը՝ իմ առողջական խնդիրները լուծելու։

- Ձեզ մեղադրանք է առաջադրված պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դրդելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ Ի՞նչ դիրքորոշում ունեք Ձեզ առաջադրված մեղադրանքների վերաբերյալ։ ՀՀ իրավապահ համակարգին բացատրություններ այդ մասով տվե՞լ եք։

- 2016-ին մարզպետի աշխատանքը թողնելուց հետո մի շարք ստուգումներ են արվել, մի քանի աուդիտորական կազմակերպություններ են հրավիրվել, շատ են փորձել, որ ֆինանսական, տեխնիկական թերություններ գտնեն։ Որեւէ թերություն չի հայտնաբերվել։ Ես՝ որպես պետական պաշտոնյա, ամեն տարի էթիկայի հանձնաժողովին ներկայացրել եմ իմ եկամուտները։ Կարծում եմ, որ այն եկամուտները, որ ներկայացրել եմ, վկայել են, որ ես ոչ մի ֆինանսական չարաշահում չեմ արել։

- Ձեր ընտանիքն անցնում է նաեւ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով: Ձեր դեմ ներկայացվել է 19 մլրդ դրամի բռնագանձման պահանջ: Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հայցի վերաբերյալ, կարո՞ղ եք հիմնավորել Ձեզ պատկանող գույքի օրինական ծագումը։ Ի՞նչ է ներառված այդ գույքի մեջ, ո՞ւմ են պատկանում այդ գույքերը։

- Պետք է մի հատ հարցում էլ էդ 19 մլրդ ներկայացնողին ուղղել, թե էդ թվերը որտեղից է վերցրել։ Արդեն նշեցի, որ ես բոլոր եկամուտներս էթիկայի հանձնաժողովին ներկայացրել եմ։ Իմ ներկայացրած գումարներն ինձ թույլ են տվել ոչ միայն տուն կառուցել, այլեւ մի քանի հարյուր մլն դրամի մարզում հրատապ խնդիրներ լուծել։ Վերադառնալուց հետո իմ կողմից լուծված խնդիրները մեկ-մեկ մատնացույց կանեմ։

- Ադրբեջանի զինված ուժերն արդեն 2 տարի է՝ խախտելով ՀՀ պետական սահմանը, ներխուժել են Ձեր հայրենի Սյունիք՝ Սեւ լճի տարածք, սեպտեմբերին՝ Ջերմուկի, Ներքին Հանդի, գրավել են Գորիս-Կապան մայրուղին եւ հեռանալու մտադրություն չունեն։ Խոսվում է նաեւ Սյունիքում հնարավոր «Զանգեզուրի միջանցքի» մասին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ սպառնալիքներ են կախված մարզի գլխին, մանավանդ եթե այդ միջանցքը տրամադրվի, եւ ի՞նչ կարելի է անել այդ վտանգները հեռացնելու ու Սյունիքի ամբողջականությունը վերականգնելու համար։

- Սյունիքին պետական մոտեցում է անհրաժեշտ։ Եթե հարցը բարձր մակարդակներում չլուծվի, կվտանգվեն նաեւ Սյունիքի հարավային տարածքները։ Մեզ անհրաժեշտ է հրատապ լուծում տալ հարցին՝ համագործակցելով դաշնակիցների հետ։

- Որպես նախկին մարզպետ՝ հետաքրքրվո՞ւմ եք մարզի ներկայիս վիճակով, Ձեզ դիմո՞ւմ են մարզի բնակիչներն իրենց հարցերով։ Ձեր կարծիքով` ինչպե՞ս են այսօր կառավարում մարզը, եւ ի՞նչ է կախված մարզում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձանցից։

- Ես ամենօրյա չէ, ավելի ճիշտ` ամենժամյա կապի մեջ եմ եւ շատ մտահոգված եմ հայրենիքիս ամեն խնդրով։ Ֆեյսբուքյան պաշտոնական էջիս միջոցով հազարավոր նամակներ եմ ստանում։ Չեմ ուզում ճարտարախոսել, բայց Սյունիքի մարզի ազգաբնակչությունը գիտի, որ եթե ես էդտեղ լինեի, վիճակն այսքան ծայրահեղ չէր լինի։ Նամակներում գրեթե բոլորը քաջառողջություն են մաղթում, շատերը պահանջում են վերադառնալ Սյունիք։ Քիչ չեն նաեւ իրենց անձնական խնդիրներով դիմողները։ Ցավոք սրտի, առողջական խնդիրները թույլ չեն տալիս վերադառնալ։ Առաջիկայում սպասում եմ եւս մեկ վիրահատության, որից հետո Աստծո կամոք կվերադառնամ։ Այս պահին Հայաստանում բոլոր կառավարման օղակները, այդ թվում՝ նաեւ տարածքային եւ ՏԻՄ կառույցները, ցավոք սրտի, ղեկավարում է մեկ անձ՝ Նիկոլ Փաշինյանը։ Ուստի, ոչ մի կառույցի ոչ մի պահանջ չենք կարող ներկայացնել եւ լուծում ակնկալել։ Վերջում հստակ հայտարարում եմ, որ ես Ֆրանսիայի Հանրապետությունից քաղաքական ապաստան չեմ խնդրել, չեմ հանձնվել։ Ես սիրում եմ իմ հայրենիքը, անելիքներ շատ ունեմ եւ շարունակելու եմ ապրել Հայաստանում։